Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՃՈՒՅՔԻ

Հոկտեմբեր 07,2005 00:00

ՀԱՃՈՒՅՔԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ Գալուստ Սահակյանը, որ երեկ հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբին, իրեն հատուկ գունագեղ ոճով խոսեց բոլոր հնարավոր խնդիրների մասին: Ասելով, որ կառավարության որոշմամբ հաջորդ տարվա բյուջեում 1 մլրդ դրամ (պարոն Սահակյանը ասաց՝ «1 մլրդ ռուբլի») կհատկացվի խնայողական ավանդները փոխհատուցելու համար, նա ավելացրեց. «Եթե էդ կողմնորոշմամբ մոտենանք (լրագրողներից մեկը հետաքրքրվեց անավարտ բնակարանաշինական կոոպերատիվների փայատերերին փոխհատուցելու մասին- Մ. Բ.), ապա ավանդ պիտի համարենք այն բոլոր կորուստները, որ ունեցել ենք` անձի կորուստ, այն անշարժ գույքը, որ վաճառեցին, ոսկեղենը, զարդերը…»: Նա, կարծես թե, այնքան էլ բոցավառված չէր ավանդների վերադարձով, քանի որ այդ «կոպեկների հանձնումը» համարեց «կարճատեւ հաճույք», եւ ասաց, որ «ոտքի վրա լուծված խնդիրն ավելի շատ վնաս է բերելու մեր պետությանը, քան օգուտ»: Հաճույքի ժամկետների մասին լրագրողներից մեկի ռեպլիկին պարոն Սահակյանը պատասխանեց. «Հաճույքները շատ երկար չեն տեւում, դա տղամարդու արժանապատվությունից է կախված»: Ընդհանրապես, պարոն Սահակյանը «մի քիչ էլ վիրավորված էր», որ բոլորը խոսում են միայն ավանդների մասին, երբ կան ավելի կարեւոր բաներ, քանի որ, ըստ նրա, «ամբողջ միջազգային հանրությունը այսօր խոսում է միայն հայերի եւ Հայաստանի մասին»: Թե ինչ է խոսում մեր մասին միջազգային հանրությունը՝ մնաց պարոն Սահակյանի մտքում: Առաջիկա հանրաքվեի ժամանակ հնարավոր կեղծումների մասին նա ենթադրեց. «Եթե ասեմ, որ լրիվ էդպես որեւէ խնդիր չի առաջացնելու, սուտ կլինի, որովհետեւ այդպիսի երկիր էլ չկա, որ որոշակի գործառույթներ չլինեն: Կլինեն անփութություններ, ոչ էական խախտումներ, բայց բախումներ չեն առաջանա, հանձնաժողովի շահագրգռվածությունը ամենանվազագույնի հասցված կլինի: Կարծում եմ, որ ինքը ժողովուրդը բավական կուռ տրամաբանությամբ կմոտենա, մանավանդ մարզային գոտիներում, որովհետեւ մեր հիմնական քաղաքական ուժերը հիմնականում Երեւան քաղաքում են, եւ բախումները միշտ էլ ստեղծվում են միայն Երեւան քաղաքում»: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել