Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴՐԱ

Հոկտեմբեր 07,2005 00:00

«ԴՐԱ ԼԱ՞ՎԸ», ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ Հոկտեմբերի 16-ին Վանաձորում տեղի են ունենալու քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ: Բնականաբար, ուշադրության կենտրոնում քաղաքապետի ընտրություններն են, որոնց քարոզարշավը ընթանում է լարված մթնոլորտում եւ ուղեկցվում ոստիկանության Վանաձորի բաժին մարդկանց բերման ենթարկելով: Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածու կա, որոնցից մեկը գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանն է: Նրան աջակցողների բանակը ոչ այնքան մեծ, որքան հզոր է ու վարչական լծակներով «զինված»՝ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյան, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան, Վանաձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտաշես Հարությունյան, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյան, որը նախկինում աշխատել է Լոռու մարզի տարածաշրջանի ԱԱԾ պետ, նաեւ Ռ. Հարությունյանին ՀՀ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում երաշխավորած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյան, գեներալ Արշալույս Փայտյան: Քաղաքապետի մյուս թեկնածուն «Ավտոմատիկա» ձեռնարկության տնօրեն, անկուսակցական Գագիկ Հովսեփյանն է (հետաքրքիրն այն է, որ իր մրցակցին աջակցող մարզպետն ու այս թեկնածուն քավոր-սանիկական բարեկամներ են): Նրան սատարում են Վանաձորում կառույցներ ունեցող կոալիցիայի անդամ կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, նաեւ ՀՀԿ-ի մի հատվածը, ինչպես նաեւ մյուս բոլոր կուսակցությունները, ներառյալ՝ ընդդիմադիր: Կա նաեւ երրորդ թեկնածու՝ Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, որի ընտրվելու շանսերը գնահատվում են որպես «նվազագույն»: Իհարկե, քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդները համարվում են առաջին երկուսը, եւ կրքերն էլ բորբոքվում են հատկապես այդ թեկնածուների եւ նրանց համակիրների շուրջ: Ըստ մեր տեղեկությունների, Վանաձորում գործող քաղաքապետից դժգոհ են գրեթե բոլորը: Դրա հիմնական պատճառը ոչ այնքան քաղաքապետի գործունեությունն է, որքան Լոռու մարզպետի պահվածքը, որը Ալավերդիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ տարած հաղթանակից հետո փորձում է ինքնահաստատվել եւ հիմա էլ Վանաձորում ապացուցել, որ Լոռին իր խանությունն է: Այս ընտրություններում գործող քաղաքապետի հաղթաթղթերից մեկն այն է, որ մարզպետի աջակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է քաղաքի Քիմիական գործարանի երկու արտադրամասը վերագործարկել, թեեւ փորձագիտական մակարդակով ասում են, որ դա, եթե անգամ բացվի, կարող է գործել ընդամենը 2-3 ամիս, որովհետեւ այն արտադրանքը, որ տալու է այդ գործարանը, շուկայում մրցունակ լինել չի կարող: Մյուս կողմից, վանաձորցիները չեն մոռացել, որ ապօրինի շինարարության ծավալներով Երեւանից ետ չմնացող Վանաձորում քաղաքապետն այդպես էլ տարածք չէր գտել հատկացնելու համար քաղաքում ժամանակակից կինոթատրոն բացելուն: Այդպիսի առաջարկ արել էին կ/թ «Մոսկվայի» տերերը, որոնք խնդրել էին քաղաքապետին ընդամենը տարածք հատկացնել, իսկ կինոթատրոնի կառուցման եւ այն ժամանակակից տեխնիկայով հագեցնելու խնդիրը վերցրել էին իրենց վրա: Քաղաքապետն ու մարզպետը թեեւ նախնական համաձայնություն տվել էին, բայց այդպես էլ հողհատկացում չէին արել: Փոխարենը դեռ 2004-ի գարնանը քաղաքապետը հարգել էր ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռ. Հարությունյանի միջնորդությունը՝ հողհատկացում անել իր ծանոթ Ռոբերտ Միքայելյանին՝ փակ սրճարան եւ կահույքի խանութ կառուցելու համար: Հողհատկացումն արվել էր եւ հատվել էր 30 տարի առաջ տնկված արծաթափայլ 7 եղեւնի: Ինչ վերաբերում է Վանաձորում տիրող մթնոլորտին: Դեռ սեպտեմբերի 30-ին «Առավոտը» վկայակոչելով քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբին` տեղեկացրել էր, որ Վանաձորի տեղական իշխանությունների ու մասնավորապես՝ Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի կողմից ճնշումներ են գործադրվում Գ. Հովսեփյանի կողմնակիցների նկատմամբ շտաբների եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման առնչությամբ: «Բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ համար աշխատում են շտաբներում, հանձնաժողովներում կամ ուղղակի մեր թիմակիցներն են՝ մեկ առ մեկ կանչում են քաղաքապետարան կամ մարզպետարան: Ահաբեկում են ոչ միայն այդ մարդկանց, այլ նաեւ նրանց հարազատներին ու բարեկամներին, որոնք իրենց ենթակառույցների աշխատակիցներ են, սակայն համակրում են մեր թեկնածուին: Սպառնում են, թե կազատվեք աշխատանքից, տեսեք, թե ձեր գլխին ինչ պատմություններ կգան՝ պիտի անպայման հրաժարվեք»: Նման սպառնալիքով հանդես էր եկել նաեւ անձամբ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Ու թեեւ գործող քաղաքապետի նախընտրական շտաբը համառորեն հերքում է այդ տեղեկությունները, այդուհանդերձ, երեկ մեզ հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ գործող քաղաքապետին իր հովանավորության տակ առած ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը հանդիպել է ոստիկանության Վանաձորի մարզային վարչության պետ Արտաշես Հարությունյանին եւ հանձնարարել, որ Ս. Դարբինյանի այն հակառակորդներին, ընդդիմախոսներին, վստահված անձանց, որոնց վերաբերյալ ոստիկանությունում կան համապատասխան նյութեր, հրավիրեն ոստիկանություն եւ «մշակման» ենթարկեն` համոզելով ձեռնպահ մնալ Գ. Հովսեփյանի համար աշխատելուց: Մեր աղբյուրների ասելով, միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում Վանաձորի ոստիկանություն են տարվել Գ. Հովսեփյանի կողմնակից 11 հոգի, որոնցից 7-ի նկատմամբ նյութեր են նախապատրաստվել՝ զազրախոսելու, ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով եւ վարչական տուգանքներ նշանակել միայն այն բանից հետո, երբ նրանց «զղջման» դիմումներ են գրել տվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Իր փաստարկներն ունի նաեւ Վանաձորի քաղաքապետի թիմը։ Դրանք կներկայացնենք վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել