ՀԻՊՆՈՍԱՑՄԱՆ ՎԻՃԱԿԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ Խորհուրդ է տալիս Արա Սահակյանը «Անթույլատրելին այն է, որ ՀՀ ներկա պատասխանատուներն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները խոսում եւ գրում են ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ Թուրքիայի մասին: Ընդ որում՝ Թուրքիայի դժվարությունների մասին: Որ Թուրքիան հակասությունների ու կոնտրաստների երկիր է թե՛ իր անցյալով, թե՛ իր ներկայով՝ անվիճելի է: Բայց սրանք Հայաստանը դրել են ծաղրական վիճակում՝ եթերն ու տպագիր մամուլը այն աստիճան է հեղեղված թուրքական թեմայով, որ կարծես Թուրքիայի հոգսը մեզ են տվել ու մենք մեր բուն խնդիրները չունենք: Հիպնոսացման այս վիճակից պետք է դուրս գալ. Թուրքիան իր խնդիրները կլուծի եւ լուծում է ու, ինչպես նկատում եք, առանց հայկական միջամտության: Կարիք չկա քաղաքականությունը վերածել մաստուրբացիայի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը: Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների փուլ մտած Թուրքիայի մասին դատողություններ անող հայերս, իհարկե, անկարող ենք անտեսել պատմությունը: «Մենք մի քանի դար եղել ենք Օսմանյան կայսրության (նաեւ՝ Ռուսական, ապա խորհրդային կայսրության, Պարսկաստանի) հպատակներ: Չնայած ճնշումներին ու խոր հիասթափություններին՝ հայկական պետականությունը, ի վերջո, ստեղծվեց Ռուսահայաստանի տարածքում: Հետեւաբար ռուսների նկատմամբ մենք անդարմանելի ցավ չունենք: Թուրքերի նկատմամբ ճիշտ հակառակ զգացումներն են, քանի որ նրանք բնաջնջեցին արեւմտահայությանը, կենդանի մնացածներին բռնի գաղթեցրին, եւ մենք կորցրինք Արեւմտյան Հայաստանը: Սա փաստական ճշմարտություն է, իսկ փաստերը ապացուցման ու քննարկման կարիք չունեն: Բայց քաղաքական հակառակորդները մեր դեմ պայքարում գործի են դնում անմաքուր հնարներ, իբր մենք դեմ ենք ցեղասպանության ճանաչմանը, ուրանում ենք պատմությունը: Այս կատարյալ կեղծիքն օգտագործում է Դաշնակցությունը՝ հայ դատի իր բիզնեսը շահեկան պահելու համար: Մեր տարբերությունը Դաշնակցությունից շատ պարզ է. ելնելով պատմության գնահատման գրեթե նույն հիմքերից՝ նրանք ռեալ քաղաքական շահը ստորադասում են պատմությանը, իսկ մենք ընդհակառակը՝ գտնում ենք, որ քաղաքականությունն ու պատմությունը չպետք է խառնել իրար»,- ասում է ԱԺ նախկին փոխխոսնակը: Նրա խորին համոզմամբ՝ Դաշնակցությունը հայերի բոլոր սերունդների համար պատրաստել է մի անմարսելի սնունդ՝ թուրքերի նկատմամբ հավերժական թշնամանքը. «Նրանք այնքան են կուրացել ու հեռացել իրականությունից, որ անընդունակ են նկատել, թե ինչպես են արաբները, բուլղարները, սերբերը, ռուսները, հույները (այդ թվում եւ կիպրական հույները) բնականոն հարաբերությունների մեջ ապրում իրենց «ավանդական թշնամի» թուրքի հետ: Նրանք նաեւ անկարող են հասկանալ, թե ինչու Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներն առաջինը շտապեցին շնորհավորել Էրդողանին՝ հոկտեմբերի 2-ի պատմական որոշման ուրախ առիթով: Դիպուկ էր նկատել «Ազգ» օրաթերթը. երբ աշխարհի հեղինակավոր լրատվական գործակալությունները ԵՄ արտգործնախարարների վերոհիշյալ որոշումը տարածում էին որպես breaking news, մերոնք որպես մարզական սխրանք էին ներկայացնում Երեւանի դպրոցական թիմերի ցածրորակ խաղը»: Պարոն Սահակյանը գտնում է, որ Թուրքիայի մասին դատողություններ անելիս մեր կուսակցականացված վերլուծաբանները զլանում են իրենց լսողներին հայտնել, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Թուրքիան նվազագույնը 7 անգամ գերազանցում է Հայաստանին, որ ի տարբերություն մեզ՝ թուրքերը շարունակ աճում են ե՛ւ քանակապես, ե՛ւ տնտեսապես, ու ներկայումս այնտեղ 20 անգամ ավելի շատ մարդ է բնակվում, քան Հայաստանում. «Այսպիսի անհամեմատելի մեծություններ են արձանագրված տնտեսական, առեւտրական, սոցիալական, ռազմական ու առհասարակ բոլոր բնագավառներում: Աղբանոցներում հաց հավաքող իրենց հայրենակիցներին դաշնակցականները կործանման են տանում՝ կոչելով թուրքի դեմ հավերժական կռվի: Կան հեռատես մարդիկ, որոնց կարծիքով՝ Դաշնակցությունը դադար չի առնի, քանի դեռ պատուհասի չի բերել Ղարաբաղը: Համենայնդեպս, 1915-ի ու 1920-ի աղետներից հետո նրանք առժամանակ սսկվեցին: Բայց 100 տարի առաջ չափազանց թանկ վճարեց, անվերականգնելի կորուստներ տվեց մեր ժողովուրդը սրանց ավանտյուրաների դիմաց»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ