Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՖԵԴԵՐԱՑԻԱ. ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 07,2005 00:00

Եթե
մինչեւ հիմա մարզական ֆեդերացիաների տարեկան ծախսերը որպես
կանոն կատարում էր ՀՀ սպորտպետկոմը, եկող տարվանից պետական կառույց-ֆեդերացիաներ
աշխատանքային հարաբերությունների սկզբունքն արմատապես փոխվելու է: Սպորտպետկոմը
ֆեդերացիաների տարեկան բյուջեն հաստատելուց հետո գումարն ըստ եռամսյակային ծրագրերի
փոխանցելու է վերջինների հաշվեհամարին ու նրանք էլ տնօրինելու են ծախսերը: Այսպիսով,
հստակ տարանջատվելու է մարզաձեւերի զարգացման, միջազգային մրցումներում գրանցվող
արդյունքների համար պատասխանատվության խնդիրը, որն անկատար ու «լղոզված» լինելու
պատճառով հիմա էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Երեկ ՀՀ
սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել էր հանրապետության 24 մարզական ֆեդերացիաների
նախագահների՝ քննարկելու այս հարցի հետ կապված օրակարգային խնդիրները, կայացնելու
միասնական որոշումներ: «Ըստ պետական բյուջեի՝ ութ ծրագիր կա, որոնցով պետք է աշխատենք
մեծ սպորտում,- ասաց նա:- Առաջնայինն, իհարկե, այն ֆինանսական միջոցներն են, որ պետք
է հատկացնենք ֆեդերացիաներին: Կարեւոր եմ համարում ֆեդերացիաների հաշվետվությունների
ներկայացման ժամանակաչափը: Հիմա դա արվում է յուրաքանչյուր ամիս: Դա բավականին թղթատար
գործ է ու առաջացնում է ֆեդերացիաների դժգոհությունը: Առաջարկվում է եկող տարվանից
անցնել եռամսյա ցիկլի»: Իշխան Զաքարյանը հրապարակեց 2006 թվականին ֆեդերացիաներին
պետբյուջեով հատկացված գումարները: Ընդհանուր առմամբ այն կազմում է 684 մլն 347 հազար
դրամ, նախորդ տարվա համեմատությամբ 115 մլն 888 հազար դրամով ավելի: Ու ֆեդերացիաների
նախագահներին հորդորեց հատկացվելիք գումարները ծախսել միայն երեք տարիքային խմբերում
հանրապետության առաջնությունների անցկացման, միջազգային մրցումներին մասնակցելու
եւ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու վրա, ինչպես սահմանվում է օրենքով: Ու
նախազգուշացրեց. «Մնացածը ֆինանսական կոպիտ խախտում կլինի, -ասաց նա: -Պետական կառույցը
ֆեդերացիաների անդամավճարներ մուծելու, ինչի մասին վերջին շրջանում մամուլում հաճախ
է խոսվում, նրանց այլ ծախսերը հոգալու իրավունք պարզապես չունի ու միջոցներ չի հատկացնում»:
«Հաջորդ հարցերը, որոնք պետք է քննարկենք ու կողմնորոշվենք, 2006 թվականին
հավաքականների մարզիչների վարձատրությունն է, որի համար պետությունը հատկացրել է
17 մլն դրամ եւ հավաքականների միասնական մարզազգեստի խնդիրը: Ինչպե՞ս բաշխվի աշխատավարձը,
արեք առաջարկություններ, եկեք ընդհանուր հայտարարի ու վճիռ կայացրեք: Ինչ վերաբերում
է մարզազգեստին, մեզ համար նշանակություն չունի, թե որ հավաքականը ինչ մրցման է մեկնում:
Ես միշտ էլ դիմել եմ ֆեդերացիաների նախագահներին միասնական մարզազգեստ ունենալու
համար: Այս անգամ, ինչպես ասում են, «չոր» որոշում ենք կայացնելու: Մյուս երկրների
թիմերը դրսում ներկայանում են գեղեցիկ, միասնական մարզազգեստով, իսկ մեր մարզիկները
հագնում են ով ինչ ունի: Ինքներդ մտածեք, թե ինչ ֆիրմայի, ինչ տեսքի մարզազգեստ կարելի
է ձեռք բերել: Ուզում եմ, որ դա լինի բոլորիդ ճաշակով ու ցանկությամբ»: Ծավալված
քննարկումների ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, ֆեդերացիայի նախագահները հիմնականում
խոսեցին հատկացվող գումարների սղության մասին: Համաձայնելով դրան՝ Ի. Զաքարյանը եւս
մեկ անգամ կրկնեց, որ սա ընդամենը պետական աջակցություն է, պետությունը անում է այն,
ինչ այս պահին ի վիճակի է: Ֆեդերացիաները պետք է գումարների հայթայթման սեփական միջոցներ
ունենան՝ այլ ճանապարհ չկա: Շահագրգիռ քննարկում եղավ ֆինանսական գործառույթների
հարցում օրենսդրական դաշտի ստեղծած դժվարությունների շուրջ, եղան կոնկրետ առաջարկներ:
Դրանց բոլորին հանգամանալից բացատրություն տվեց հավաքին հրավիրված ֆինանսների նախարարի
1-ին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել