Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԵԼ»

Հոկտեմբեր 07,2005 00:00

«Եթե
այս փաստաթուղթը որակված է դրական, ընդ որում՝ նաեւ ընդդիմության կողմից, այս գործընթացին
եւ փաստաթղթին աջակցե՞լ, թե՞ ոչ: Իհարկե՝ այո»,- երեկ «Առավոտին» կարծիք հայտնեց
ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա միայն ցավով փաստում
է, որ քաղաքական մեծամասնությանն այդպես էլ չհաջողվեց սահմանադրական բարեփոխումների
գործընթացի նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել՝ «առանձնապես մղում էլ
չցուցաբերեցին, ընդդիմության հետ բանակցելու փորձ նույնիսկ չարեցին»: Մյուս կողմից՝
«ընդդիմությունն էլ շատ անհաշտ ու կոշտ էր եւ նույնիսկ միտումնավոր սրում էր իրավիճակը՝
կամրջվելու եզրերը բացառելով»: Սա է, որ ՔԴՄ նախագահին մտահոգվելու առիթ է տալիս.
«Այս քաղաքական մթնոլորտում, եթե նույնիսկ սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի
իրական արդյունքներով անցնեն, այն նույնչափ ստվերված եւ խոցելի կլինի, որքան 1995
թվականի Սահմանադրությունը: Տարբեր իշխանություններ, որոնք բարեփոխված սահմանադրությամբ
կարող են գործել՝ իրենց վրա զգալու են այդ «կեղծիքի» խարանը»: Ըստ այդմ, պարոն
Հարությունյանը չի կարծում, որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կողմերի միջեւ հնարավոր
է ողջամիտ եւ բանական երկխոսություն: «Երբեւէ արտառոց չպետք է համարել, որ հանրության,
քաղաքական ուժերի մի հատված դեմ է այդ փաստաթղթին: Խնդիրն այն չէ, թե ինչու է նա
դեմ, այլ՝ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք առանց նյարդայնանալու եւ կրքեր բորբոքելու
հանրությանը սեփական դիրքորոշումները ներկայացնել: Հանրությունը մեզ լսելով պետք
է կարողանա ճիշտն ու սխալը տարբերել: Այս մշակույթի բացակայությունը տանելու է պառակտման
խորացման: Հիմնական մեղադրանքներն ուղղվում են իշխանությանը, բայց նույն կեցվածքն
էլ ընդդիմությունն է ընդունել՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Նման սկզբունքով հնարավոր
չէ հանրային կյանք կազմակերպել»,- ասում է ՔԴՄ նախագահը: Ասվածի համատեքստում մեր
զրուցակցի համար՝ եւ իրավական, եւ քաղաքական առումներով, անհասկանալի է 17 կուսակցությունների
ընդունած համատեղ հռչակագիրը, որով փաստվում է, թե հանրաքվեով իշխանությունն իր լեգիտիմության
հարցն է լուծում: «Հանրաքվեով Սահմանադրությունը դառնում է ժողովրդինը, ոչ թե որեւէ
քաղաքական ուժի սեփականությունը: Այդ նախաձեռնությանը այդ թվում նաեւ ընդդիմությունն
է մասնակցություն ունեցել, հիմնականում՝ ուղղակի: Ենթադրենք՝ հանրաքվեն չկայացավ
կամ արդյունքում բարեփոխումները ստացան «ոչ», ինչո՞ւ է դա վերագրվում այս իշխանության
լեգիտիմությանը: Անհասկանալի է: Միայն նրա համար, որ ինչ-որ մեկն այդպես է մտածում
կամ ուզում՝ քիչ է: Այս իշխանությունների օրոք ընդունվում են բազում օրենքներ, ինչո՞ւ
այդ պարագայում կարող ենք դրանցով ապրել, երբ հենց իշխանությունն է դրանք ընդունել,
Սահմանադրության պարագայում՝ ոչ, երբ այն պետք է ժողովուրդն ընդունի»,- հարցնում
է պարոն Հարությունյանը: Ուստի, ՔԴՄ նախագահն այն կարծիքին չէ, որ ընդդիմության
համատեղ հռչակագիրն իր մեջ դրական քաղաքական լիցք է պարունակում: Նույնիսկ՝ «ընդդիմության
առջեւ դրված խնդիրների իրացման տեսանկյունից այդ հռչակագիրն այդ լիցքը դարձյալ չի
պարունակում»: «Եթե վաղն ընդդիմությունը գա իշխանության, միշտ էլ կգտնվի մի ուժ,
որը դժգոհ կլինի նրանցից, ուրեմն նա՞ էլ պետք է իրեն իրավունք վերապահի քաղաքական-հասարակական
շարժում սկսել՝ իշխանափոխություն անելու համար: Էլ բան ու գործ չունենք՝ իշխանափոխությունից
իշխանափոխություն անենք: Իշխանություն փոխելու միակ եւ հարմար մեխանիզմն ընտրություններն
են: Անհամեմատ ողջամիտ կլիներ պաշտպանել սահմանադրական բարեփոխումները, որոնք ընդդիմությունն
էլ որակական եւ բովանդակային առումով մեկ քայլ առաջ է գնահատում գործողի համեմատ.
դա հնարավորություն կտար հանրապետությանը սեփական դեմքով հանդես գալ: Իսկ առաջիկա
ընտրություններում միավորվել եւ թույլ չտալ կեղծիքներ: Այդ ժամանակ արժե ոչ միայն
կուրծք ծեծել, այլեւ բարիկադներ կառուցել»,- ասում է Խ. Հարությունյանը: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել