Գալուստ Սահակյանը, որ երեկ հյուրընկալվել էր Մամուլի
ազգային ակումբին, իրեն հատուկ գունագեղ ոճով խոսեց բոլոր հնարավոր խնդիրների մասին:
Ասելով, որ կառավարության որոշմամբ հաջորդ տարվա բյուջեում
1 մլրդ դրամ (պարոն Սահակյանը ասաց՝ «1 մլրդ ռուբլի») կհատկացվի խնայողական ավանդները
փոխհատուցելու համար, նա ավելացրեց. «Եթե էդ կողմնորոշմամբ մոտենանք (լրագրողներից
մեկը հետաքրքրվեց անավարտ բնակարանաշինական կոոպերատիվների փայատերերին փոխհատուցելու
մասին- Մ. Բ.), ապա ավանդ պիտի համարենք այն բոլոր կորուստները, որ ունեցել ենք`
անձի կորուստ, այն անշարժ գույքը, որ վաճառեցին, ոսկեղենը, զարդերը…»: Նա, կարծես
թե, այնքան էլ բոցավառված չէր ավանդների վերադարձով, քանի որ այդ «կոպեկների հանձնումը»
համարեց «կարճատեւ հաճույք», եւ ասաց, որ «ոտքի վրա լուծված խնդիրն ավելի շատ վնաս
է բերելու մեր պետությանը, քան օգուտ»: Հաճույքի ժամկետների մասին լրագրողներից մեկի
ռեպլիկին պարոն Սահակյանը պատասխանեց. «Հաճույքները շատ երկար չեն տեւում, դա տղամարդու
արժանապատվությունից է կախված»: Ընդհանրապես, պարոն Սահակյանը «մի քիչ էլ վիրավորված
էր», որ բոլորը խոսում են միայն ավանդների մասին, երբ կան ավելի կարեւոր բաներ, քանի
որ, ըստ նրա, «ամբողջ միջազգային հանրությունը այսօր խոսում է միայն հայերի եւ Հայաստանի
մասին»: Թե ինչ է խոսում մեր մասին միջազգային հանրությունը՝ մնաց պարոն Սահակյանի
մտքում: Առաջիկա հանրաքվեի ժամանակ հնարավոր կեղծումների մասին նա ենթադրեց.
«Եթե ասեմ, որ լրիվ էդպես որեւէ խնդիր չի առաջացնելու, սուտ կլինի, որովհետեւ այդպիսի
երկիր էլ չկա, որ որոշակի գործառույթներ չլինեն: Կլինեն անփութություններ, ոչ էական
խախտումներ, բայց բախումներ չեն առաջանա, հանձնաժողովի շահագրգռվածությունը ամենանվազագույնի
հասցված կլինի: Կարծում եմ, որ ինքը ժողովուրդը բավական կուռ տրամաբանությամբ կմոտենա,
մանավանդ մարզային գոտիներում, որովհետեւ մեր հիմնական քաղաքական ուժերը հիմնականում
Երեւան քաղաքում են, եւ բախումները միշտ էլ ստեղծվում են միայն Երեւան քաղաքում»:
Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ