Ասում
է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, Ձեր
կարծիքով՝ ավանդների վերադարձը, թեկուզ առայժմ միայն նպաստառուներին, ռեա՞լ փաստ
է եւ մի քանի կատեգորիայի մասնակի վճարումներից հետո անորոշ ժամանակով չի՞ ընդհատվի:
– Կոալիցիայի խորհրդի նիստում վերջնական որոշում է ընդունվել ավանդների վերադարձի
առնչությամբ, եւ այդ մասին նախագահի մամլո գրասենյակը պաշտոնական հաղորդագրություն
է տարածել: Ավելին՝ հստակ մատնանշվել է, որ արդեն 2006 թվականի պետական բյուջեի նախագծում
կնախատեսվի 1 միլիարդ դրամ՝ ավանդների փոխհատուցման համար եւ այդ մասին հստակ կարձանագրվի
նաեւ բյուջեի մասին ՀՀ օրենքում: Ավանդների վերադարձը շարունակական գործընթաց է,
որ կարող է տեւել մինչեւ 10-15 տարի: Համենայնդեպս, հենց այսօր ավանդները նույն կերպ
վերադարձվում են աշխարհի այլ երկրներում, որտեղ յուրաքանչյուր տարվա բյուջեում նախատեսվում
է որոշակի գումար այդ փոխհատուցումն իրականացնելու համար, եւ գրեթե չկա երկիր, որ
այդ գործընթացը ավարտած լինի՝ չնայած վճարումները սկսել են տարիներ առաջ: Մենք ընտրել
ենք նույն այդ ճանապարհը՝ առաջնահերթություն տալով սոցիալապես կարիքավոր այն մարդկանց,
ովքեր ընդգրկված են աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նպաստառու ճանաչված
ընտանիքներ, մի քանի կատեգորիաների մարդիկ՝ միայնակ ծերեր, աղետի գոտու տուժած քաղաքացիներ,
հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքներ եւ այլն: Այսինքն՝ այն կատեգորիաների մարդիկ,
ովքեր նաեւ նշված են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ներառված օրենքի նախագծում: Ինչ
վերաբերում է շարունակականությանը, ապա այդ մասին եւս քաղաքական որոշում է կայացված,
եւ պետական միջինժամկետ ծախսային ծրագրով երաշխավորվելու է յուրաքանչյուր տարվա բյուջեում
ավանդների փոխհատուցման գործընթացը ներառել: Բացի դրանից՝ բոլորն էլ հասկանում են,
որ սկսած գործընթացը պետք է շարունակվի: Այդ շարունակականության մասին Ազգային ժողովում
ի պատասխան Վիկտոր Դալլաքյանի հարցի, հստակորեն ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը,
որը եւ երեկ բառացիորեն վերահաստատեց մեր զրույցի ժամանակ, քանի որ մամուլում տարբեր
մեկնաբանություններ էին եղել: Այնպես որ, պայմանավորվածությունները հստակ են եւ ուղղակի
անհրաժեշտ է, որ ավանդների փոխհատուցման սկզբունքները հստակորեն ամրագրվեն բյուջեի
մասին օրենքում: – Վարչապետը ԱԺ-ում իր հարցազրույցում ասաց, որ հաջորդ տարվա
բյուջեում կքննարկեն՝ ինչ ծավալներով են տրվելու ավանդները, շարունակվելու են, թե
ոչ՝ որոշելու է կառավարությունը: – Վարչապետի պատասխանը Ազգային ժողովի նիստում
ձայնագրված է եւ ես չեմ ցանկանում բառերի ետեւից ընկնել եւ կրկնում եմ, որ ՀՀ նախագահի
ներկայությամբ կայացել է քաղաքական համաձայնություն, որը հրապարակված է: Ավանդների
վերադարձի հարցը ոչ թե լուծվելու է միայն 2006 թվականին, այլ շարունակվելու է պետական
միջինժամկետ ծախսային ծրագրի նախատեսած կարգով, որի մասին համապատասխան օրենսդրական
ամրագրում պետք է կատարվի հենց բյուջեի մասին օրենքում: Քաղաքական համաձայնության
խախտումը չի կարող քաղաքական հետեւանքներ չառաջացնել: Ուստի ես հավատում եմ, որ բոլորն
էլ նախանձախնդիր կլինեն համաձայնությունը պահպանելու: Ի վերջո՝ այն վերաբերում է
հարյուր հազարավոր մարդկանց արդարացի պահանջին եւ բոլորը պետք է շահագրգիռ լինեն,
որ ավանդները վերադարձվեն: – Բայց չէ՞ որ ԱԺ ուղարկված բյուջեի մասին օրենքի
նախագծում որեւէ խոսք չկա այդ մասին: – Առայժմ չկա, բայց քննարկումների արդյունքում
մենք այն կնախատեսենք: Ավանդների խնդիրը այլեւս լուծված է, շահարկողներին այլեւս
ոչնչով օգնել չեմ կարող: Ով այսուհետ խոսի ավանդների փոխհատուցման դեմ, կխոսի ինքն
իր դեմ: – Այնուամենայնիվ, չեմ կարող չհարցնել՝ արդյոք ավանդների վերադարձի
պահի ընտրությունը պայմանավորված չէ՞ Սահմանադրության հանրաքվեով եւ դա չի՞ նշանակում
սիրաշահել ժողովրդին: – Ավանդների վերադարձի մասին ոչ ես եւ ոչ էլ ՕԵԿ-ը այսօր
չենք սկսել խոսել: Դա հետեւողական եւ երկարատեւ պայքարի արդյունք է, որը հնարավոր
դարձավ բոլորի համատեղ աշխատանքի հետեւանքով: Այնպես որ, ավանդների վերադարձը ոչ
մի կապ չունի Սահմանադրության հանրաքվեի հետ: Իսկ ժողովրդին սիրաշահելը համարում
եմ անշնորհակալ գործ՝ ժողովուրդը լավ էլ գիտի՝ ով ով է, ով ինչ է ասում եւ ով ինչ
է անում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ