Հոկտեմբերի 16-ին Վանաձորում տեղի են ունենալու
քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ: Բնականաբար, ուշադրության կենտրոնում քաղաքապետի
ընտրություններն են, որոնց քարոզարշավը ընթանում է լարված մթնոլորտում եւ ուղեկցվում
ոստիկանության Վանաձորի բաժին մարդկանց բերման ենթարկելով: Վանաձորի
քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածու կա, որոնցից մեկը գործող քաղաքապետ,
ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանն է: Նրան աջակցողների բանակը ոչ այնքան մեծ, որքան հզոր
է ու վարչական լծակներով «զինված»՝ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյան, ՀՀ վարչապետ Անդրանիկ
Մարգարյան, Վանաձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտաշես Հարությունյան,
ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյան, որը նախկինում աշխատել է Լոռու մարզի տարածաշրջանի
ԱԱԾ պետ, նաեւ Ռ. Հարությունյանին ՀՀ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում երաշխավորած ՀՀ
նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյան, գեներալ Արշալույս Փայտյան: Քաղաքապետի
մյուս թեկնածուն «Ավտոմատիկա» ձեռնարկության տնօրեն, անկուսակցական Գագիկ Հովսեփյանն
է (հետաքրքիրն այն է, որ իր մրցակցին աջակցող մարզպետն ու այս թեկնածուն քավոր-սանիկական
բարեկամներ են): Նրան սատարում են Վանաձորում կառույցներ ունեցող կոալիցիայի անդամ
կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, նաեւ ՀՀԿ-ի մի հատվածը, ինչպես նաեւ մյուս բոլոր
կուսակցությունները, ներառյալ՝ ընդդիմադիր: Կա նաեւ երրորդ թեկնածու՝ Հայկոմկուսի
Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, որի ընտրվելու շանսերը գնահատվում
են որպես «նվազագույն»: Իհարկե, քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդները համարվում
են առաջին երկուսը, եւ կրքերն էլ բորբոքվում են հատկապես այդ թեկնածուների եւ նրանց
համակիրների շուրջ: Ըստ մեր տեղեկությունների, Վանաձորում գործող քաղաքապետից
դժգոհ են գրեթե բոլորը: Դրա հիմնական պատճառը ոչ այնքան քաղաքապետի գործունեությունն
է, որքան Լոռու մարզպետի պահվածքը, որը Ալավերդիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ
տարած հաղթանակից հետո փորձում է ինքնահաստատվել եւ հիմա էլ Վանաձորում ապացուցել,
որ Լոռին իր խանությունն է: Այս ընտրություններում գործող քաղաքապետի հաղթաթղթերից
մեկն այն է, որ մարզպետի աջակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է քաղաքի Քիմիական
գործարանի երկու արտադրամասը վերագործարկել, թեեւ փորձագիտական մակարդակով ասում
են, որ դա, եթե անգամ բացվի, կարող է գործել ընդամենը 2-3 ամիս, որովհետեւ այն արտադրանքը,
որ տալու է այդ գործարանը, շուկայում մրցունակ լինել չի կարող: Մյուս կողմից, վանաձորցիները
չեն մոռացել, որ ապօրինի շինարարության ծավալներով Երեւանից ետ չմնացող Վանաձորում
քաղաքապետն այդպես էլ տարածք չէր գտել հատկացնելու համար քաղաքում ժամանակակից կինոթատրոն
բացելուն: Այդպիսի առաջարկ արել էին կ/թ «Մոսկվայի» տերերը, որոնք խնդրել էին քաղաքապետին
ընդամենը տարածք հատկացնել, իսկ կինոթատրոնի կառուցման եւ այն ժամանակակից տեխնիկայով
հագեցնելու խնդիրը վերցրել էին իրենց վրա: Քաղաքապետն ու մարզպետը թեեւ նախնական
համաձայնություն տվել էին, բայց այդպես էլ հողհատկացում չէին արել: Փոխարենը դեռ
2004-ի գարնանը քաղաքապետը հարգել էր ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռ. Հարությունյանի միջնորդությունը՝
հողհատկացում անել իր ծանոթ Ռոբերտ Միքայելյանին՝ փակ սրճարան եւ կահույքի խանութ
կառուցելու համար: Հողհատկացումն արվել էր եւ հատվել էր 30 տարի առաջ տնկված արծաթափայլ
7 եղեւնի: Ինչ վերաբերում է Վանաձորում տիրող մթնոլորտին: Դեռ սեպտեմբերի
30-ին «Առավոտը» վկայակոչելով քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանի նախընտրական
շտաբին` տեղեկացրել էր, որ Վանաձորի տեղական իշխանությունների ու մասնավորապես՝ Լոռու
մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի կողմից ճնշումներ են գործադրվում Գ. Հովսեփյանի
կողմնակիցների նկատմամբ շտաբների եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման առնչությամբ:
«Բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ համար աշխատում են շտաբներում, հանձնաժողովներում
կամ ուղղակի մեր թիմակիցներն են՝ մեկ առ մեկ կանչում են քաղաքապետարան կամ մարզպետարան:
Ահաբեկում են ոչ միայն այդ մարդկանց, այլ նաեւ նրանց հարազատներին ու բարեկամներին,
որոնք իրենց ենթակառույցների աշխատակիցներ են, սակայն համակրում են մեր թեկնածուին:
Սպառնում են, թե կազատվեք աշխատանքից, տեսեք, թե ձեր գլխին ինչ պատմություններ կգան՝
պիտի անպայման հրաժարվեք»: Նման սպառնալիքով հանդես էր եկել նաեւ անձամբ Լոռու մարզպետ
Հենրիկ Քոչինյանը: Ու թեեւ գործող քաղաքապետի նախընտրական շտաբը համառորեն հերքում
է այդ տեղեկությունները, այդուհանդերձ, երեկ մեզ հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ
գործող քաղաքապետին իր հովանավորության տակ առած ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը
հանդիպել է ոստիկանության Վանաձորի մարզային վարչության պետ Արտաշես Հարությունյանին
եւ հանձնարարել, որ Ս. Դարբինյանի այն հակառակորդներին, ընդդիմախոսներին, վստահված
անձանց, որոնց վերաբերյալ ոստիկանությունում կան համապատասխան նյութեր, հրավիրեն
ոստիկանություն եւ «մշակման» ենթարկեն` համոզելով ձեռնպահ մնալ Գ. Հովսեփյանի համար
աշխատելուց: Մեր աղբյուրների ասելով, միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում Վանաձորի
ոստիկանություն են տարվել Գ. Հովսեփյանի կողմնակից 11 հոգի, որոնցից 7-ի նկատմամբ
նյութեր են նախապատրաստվել՝ զազրախոսելու, ոստիկանության հրահանգներին չենթարկվելու
մեղադրանքով եւ վարչական տուգանքներ նշանակել միայն այն բանից հետո, երբ նրանց «զղջման»
դիմումներ են գրել տվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Իր փաստարկներն
ունի նաեւ Վանաձորի քաղաքապետի թիմը։ Դրանք կներկայացնենք վաղվա համարում։