Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ

Հոկտեմբեր 06,2005 00:00

ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով այս տարվա գարնանը մայրաքաղաքի հինգ խոշոր մարզադպրոցներում սկսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց գլխավոր նախաձեռնողը սպորտի պետական կառույցն է, մոտենում են ավարտին: Դրանք, միջազգային չափանիշներին համապատասխանող տեսքով, դռները վերստին կբացեն մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հանրապետության համար մարզական կարեւոր նշանակություն ունեցող մարզական օբյեկտների շինարարությունը դրանով չի եզրափակվելու: Երեկ հիմնադրամի եւ Սպորտպետկոմի ղեկավարները շինարարների եւ մի խումբ լրագրողների ուղեկցությամբ շրջեցին Երեւանի մի քանի այլ մարզադպրոցներ՝ որոշելու, թե դրանցից որոնք կարելի է ընդգրկել 2006 թվականի շինարարական ծրագրում: «Հայաստան» մարզական միության Շենգավիթի համայնքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը, Հավաքական թիմերի հանրապետական կենտրոնը, որտեղ հանգրվանելու է նաեւ Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության նորաստեղծ կենտրոնը, Պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը եւ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը եկող տարվանից կենթարկվեն հիմնանորոգման: Բայց մինչ այդ՝ փորձագետները պետք է նախահաշվարկներ կատարեն եւ միայն դրանից հետո շինարարները կմտնեն վերոնշյալ օբյեկտներ: Բացի դա, նախատեսվում է եկող տարի կառուցել եւս երկու նոր մարզադպրոց: «Հայաստան» հիմնադրամը այդ նպատակով 2006 թվականին հատկացնելու է $2,5 միլիոնին համարժեք դրամ: Սակայն հնարավոր է նաեւ, որ նորոգման ենթակա մարզադպրոցների թիվն ավելանա: Դա կախված կլինի նախահաշիվների արդյունքից: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել