Իտալացիները՝ Հայաստանում Հայ-իտալական բարեկամության օրերը շարունակվում են «Իտալահայ համայնքն իր մասին» հանդիպմանը, որ կայացավ Խնկո-Ապոր անվան գրադարանում, Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց այն հայերին, որոնք ակտիվ մասնակցություն ունեն համայնքի պահպանման եւ կայուն կենսագործունեություն ապահովելու հարցերում: Իր երկրի քաղաքացիներին ողջունելու էր եկել Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն, որը շեշտեց երկու երկրների ժողովուրդների մշակութային ու կենցաղային ընդհանրությունները եւ ներկայացրեց իտալական օրերի ծրագիրը: Իտալիայում որպես առաջին ճանաչված հայ՝ հիշատակվում է նորջուղայեցի Խոջա Սաֆարը (280 թ.): Այսօրվա մոտ 2000-անոց համայնքի կյանքում մեծ դեր ունեն Միլանի շուրջ 800 հայերը: Ինչպես ներկայացվեց, նրանք գործում են բոլոր ոլորտներում, բացի քաղաքականությունից: Միլանցի գործարար Սարո Խոդավերդյանի, բժիշկ, գրող-հրապարակախոս Պիետրո Քուչուկյանի ծավալած հայանպաստ գործունեության մասին խոսվեց հանդիպման ընթացքում: Վենետիկի սուրբ Մարկոսի հրապարակի սյուներն այսօր էլ պահպանում են հայատառ արձանագրություններ: Տաճարի ետեւում գտնվում է գործող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Վենետիկի Նոր Ջուղա թաղամասում ապրում է ծագումով հայ 15 ընտանիք: Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գործունեության մասին պատմեց միաբան հայր Լեւոն Զեքիյանը: Միլանից հետո երկրորդ խոշոր համայնքը գործում է Հռոմում: Այստեղ են Լեւոնյան վարժարանը, «Զատիկ» ասոցիացիան, Վիա Ջուղայի հայկական հնագույն եկեղեցին, հայտնի հյուրանոցը: Պադովոյում հայտնի Արսլան ընտանիքից գրող Անտոնինա Արսլանը պատմեց իր մասին: Նրա վերջերս հրատարակած «Արտույտների երամը» գիրքն արժանացել է առաջին մրցանակի: Տավիանի եղբայրները պատրաստվում են գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել: Հայագետ, հետազոտող Գաբրիելա Ուլուհոջյանը դասավանդում է Բոլոնիայի համալսարանում: Հանդիպմանը ներկա էին նաեւ Իտալիայի խորհրդարանի անդամ Ջանկարլո Պալյարինին, հետազոտող Գայանե Կազնատին: Իտալիայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ է, որ 2000-ին այդ երկրի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ թեմայով նախատեսվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության արխիվից հանել եւ 3 տարվա ընթացքում հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 12 հատոր: Արդեն հրատարակվել է դրանցից 4-ը: Օրվա երկրորդ կեսին Ազգային պատկերասրահում ցուցադրվեց Մխիթարյան հայրերի հարուստ ժառանգությունը: Տարիների ընթացքում նվիրյալների հոգածության ու ջանքերի շնորհիվ մի շարք համաշխարհային արժեքներ հանգրվանել են Սուրբ Ղազար կղզում: Բացման արարողությունը վերապահված էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Իտալերեն ողջույնի խոսք ասաց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Սրահները բազմամարդ էին. շատերին էին հետաքրքրել Սուրբ Ղազարում պահվող գանձերը: Բերվել էին առաջին հայկական տպագիր գիրքը, մասունքներ տարբեր դարերի հայկական եկեղեցիներից, Հովնաթան Հովնաթանյանի հրաշք կտավները եւ այլ մշակութային արժեքներ: Իսկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայ-իտալական բարեկամության օրերի բացման» գալահամերգ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու մենակատար Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ