«ԿԱՐԾՈՒՄ ԷԻ, ՈՐ ԴՈՒՔ ՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿԻՐ ԵՔ» Խոստովանում է ջամայկացի պարուհին Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում «Ճանաչիր ինձ, ճանաչիր՝ ինքդ քեզ» բեմադրությամբ հանդես եկավ ծնունդով ջամայկացի պարուհի Դայան Ալիսոն-Միտչելը, որը երկար տարիներ աշխատել է Մեծ Բրիտանիայի ազգային պարային ընկերություններում: Պարը կնոջ՝ իր Եսի հետ ներքին պայքարի մասին էր: «Հայֆեստ» փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստան ժամանած Դայանը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ինչպիսի՞ն է Դայանի մարմնավորած կինը: – Բնականաբար՝ շատ գեղեցիկ: Խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին գեղեցկության ու հարուստ ներաշխարհի մասին է: Ներկայացված պարը կարծես պայքար լինի: Սկզբում կինն իր եսի հետ է պայքարում, հասցնում է տառապել, կասկածել, հետո հասկանում է, որ ինքը շատ ուժեղ է եւ կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն: – Ինչո՞ւ է ձեր պարը պարունակում աֆրիկյան եւ կարիբյան ժողովրդական պարերի էլեմենտներ, եւ հատկապես հիշեցնում Կուբայի ազգային պարը, եթե ներկայացնում եք ժամանակակից պար: – Ես ծագումով Ջամայկայից եմ, աֆրիկյան եւ կարիբյան պարերը հոգեհարազատ են ինձ: Հիմա քանի որ ամեն ինչ մոդեռնացվում է, ես էլ փորձել եմ ազգային պարերը մոդեռնացնել: Դրանք ժառանգություն եմ ստացել իմ նախնիներից եւ պարտավոր եմ թեկուզ նորովի ու նորացված փոխանցել սերունդներին: Աֆրիկյան ու կարիբյան պարերի շարժումները հարուստ են ու գեղեցիկ, բայց դրանք, ցավոք, հաճախ չենք տեսնում: – Հագուստը կարեւոր «դերակատարություն» ունի ձեր պարի մեջ: – Այո, համամիտ եմ: Ամբողջ ներկայացման ընթացքում ես կրում եմ շատ լայն կիսաշրջազգեստ, որը հանդես է գալիս որպես ինքնապատկերի փոխաբերություն՝ մարմնավորելով սոցիալական ճնշումները: Նման զգեստ կրել են նաեւ իմ նախնիները՝ ստրկության ժամանակ: Պարի ավարտին զգեստը պարուհու հետ միասին մեկ «մարմին» է դառնում. դա խորհրդանշում է կնոջ հաղթանակը: – Ինչո՞վ է առանձնանում ջամայկացի կինը այլ կանանցից: – Ջամայկացի կանայք հմայիչ են, հպարտ, ուժեղ, նաեւ ըմբոստ: Ջամայկուհիները հիմնականում հասարակության կենտրոնում են՝ մայրեր, քույրեր, հորաքույրներ, մորաքույրներ, եւ բոլորը հավաքվում-համախմբվում են նրանց շուրջը: – Առաջին անգամ եք Հայաստանում, ձեր տպավորությունները: – Երբ գալիս էի Հայաստան՝ ինձ թվում էր, թե հետամնաց երկիր եմ ոտք դնելու, բայց տեսա, որ ծաղկուն, զարգացած ու բարգավաճ երկիր եմ եկել: Շատ տպավորված եմ, այնքան լավ եմ զգում այստեղ, կարծես իմ տանը լինեմ: Հայերը շատ գեղեցիկ են, ձեր կանայք սեքսուալ ու գրավիչ արտաքինի տեսանկյունից նման են ջամայկուհիներին: Ես հաճախ եմ աշխարհի քարտեզն ուսումնասիրում, միշտ առանձնացրել եմ Հայաստանը՝ որպես արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկ ու ցանկացել լինել ձեր երկրում: Հնարավորության դեպքում անպայման նորից կգամ Հայաստան, մանավանդ արդեն շատ ընկերներ ունեմ ու դեռեւս այնքա՜ն չբացահայտված բաներ կան: – «Հայֆեստի» շրջանակներում ցու ցադրված ի՞նչ ներկայացումներ հավանեցիք: – Ափսոս չեմ հասցրել բոլորը դիտել: Ինձ դուր եկան Վրաստանի «Նկուղ» թատրոնի «Մետամորֆոզներ», «Սու-են Բուտոհ» ընկերության (Ճապոնիա-Շվեդիա) «Պատառ՝ ներքին անդամահատում» բեմադրությունները: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ