Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչներին՝

Հոկտեմբեր 06,2005 00:00

Ուսուցիչներին՝ մեքենա, տնօրենին՝ հեռուստացույց Երեկ արդեն 5-րդ անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության հոգածությամբ Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող ամենամյա միջոցառմանը խոստացավ կրթական համակարգի համար անել հնարավորը՝ «ինչ որ ձեռքներիցս կգա»: Ամեն տարի վարչապետը ավելացնում է նվերների չափն ու քանակը, եւ անցյալ տարվա մեկ մեքենային (որ նվիրել էր տարվա լավագույն ուսուցչին) այս տարի ավելացրեց եւս մեկը՝ տարվա լավագույն դաստիարակին: «Մի բան էլ ուրիշ տեղից ենք կտրում, ավելացնում ձեր ոլորտին. բանակից հետո մեզ համար այս ոլորտն ամենակարեւորն է»,- իր խոսքում ասաց վարչապետը: Նա նաեւ հանձնեց ՀՀ նախագահի շնորհակալագրերը, պատվոգրերն ու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանները: Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվեց Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Մաճկալյանը: Նա վարչապետից ստացավ ՎԱԶ 2107 մակնիշի մեքենա. «Նման անակնկալ մարդու կյանքում երեւի եզակի է լինում կամ ընդհանրապես չի լինում, իմ կյանքում սա եզակի անակնկալ էր»: Ա. Մաճկալյանը կոլեկտիվի երաշխավորումից հետո անցել է մարզային փուլ, որտեղ մարզի լավագույն ուսուցիչ է ճանաչվել. «Մրցույթն անցկացվում է հիմնականում աշխատանքային հաշվետվությունների հիման վրա: Բավական հարուստ թղթապանակ ունեմ, որ վկայում է իմ գործունեության մասին, իսկ ԿԳՆ-ում արդեն հարցազրույց էր, որից հետո անցա եզրափակիչ փուլ»,- մեզ հետ զրույցում պատմեց Ա. Մաճկալյանը: Տարվա լավագույն դաստիարակ Փառանձեմ Շահմուրադյանը (Նոր Նորքի թիվ 24 մսուր-մանկապարտեզ) չգիտեր, թե ինչ մեքենա է ստացել վարչապետից, բայց ասաց, որ պատրաստվում է վարել սովորել: Փ. Շահմուրադյանը 20 տարվա աշխատանքային ստաժ ունի. «Նոր Նորքի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժինն է իմ թեկնածությունը առաջադրել՝ հաշվի առնելով անցած ճանապարհս, տեսնելով առօրյա աշխատանքս եւ նորագույն մեթոդների կիրառումը»: Տարվա լավագույն տնօրեն ճանաչվեց Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի տնօրեն Սիլվա Հակոբյանը, սակայն նա ստացավ հեռուստացույց: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը նման «ջոկողությունը» բացատրեց նրանով, որ տնօրենին մեքենա նվիրելը ճիշտ չի ընկալվի, ավելի լավ է՝ թող նրանց փոխարեն մարզերի մեր ուսուցիչները նման նվեր ստանան: Իսկ Անդրանիկ Մարգարյանը խոստացավ, որ «ով չի ստացել, իր հերթն էլ կգա: Սպասեք ձեր հերթին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Միջոցառման սկզբին հաղորդավար Կարեն Քոչարյանը հնչեցրեց անհայտ հեղինակի հետեւյալ խոսքը. «Աշակերտն ասում է. «Երկրագունդը կլոր է»: Ուսուցիչն ասում է՝ «Ո՛չ, երկրագունդը կլոր է»: Աշակերտն ասում է «2×2՝ 4»: Ուսուցիչն ասում է. «Ո՛չ, 2×2՝ 4» եւ այլն: Ինչո՞ւ: «Որովհետեւ ուսուցիչն ավելի լավ գիտի այդ ամենը»,- արվում է եզրակացությունը: Կարծում ենք՝ բարեփոխումների շեմին արված անհաջող արտահայտություն էր. չէ՞ որ մենք գնում ենք երեխայակենտրոն դաստիարակության: Իսկ այս դեպքում՝ «Գործ ունենք կյանքից դժգոհ ու չմահավան ուսուցչի հետ»,- այս առիթով դահլիճից հնչեց մի կարծիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել