Յուրօրինակ «հեռախոսիֆիկացում» Գյուղում մեկ հատ տաքսաֆոն դնելը «ԱրմենՏելի» աշխատակիցները անվանում են «գյուղի հեռախոսիֆիկացում»: Վերջերս Իջեւանի Հովք գյուղի բնակիչները «Առավոտի» միջոցով բողոքել էին, որ իրենց գյուղում տեղադրված տաքսաֆոնը, որը հեռախոսակապի միակ հնարավորությունն է, դարձել է անմատչելի: Տիկինը, ում տանը «ԱրմենՏելը» տեղադրել է տաքսաֆոնը՝ հանրային օգտագործման համար, տան դուռը բացում է իր ուզած ժամանակին, իսկ քարտերը վաճառում է իր ուզած գնով: «ԱրմենՏելի» հասարակայնության բաժնից ստացված պարզաբանումը, սակայն, լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն առաջացրեց: Օրինակ՝ թե ինչպես է ընկերությունը հեռախոսիֆիկացնում հանրապետության գյուղերը: Ըստ ընկերության աշխատանքային ծրագրի եւ կառավարության որոշմամբ ստանձնած պարտականության, մինչեւ տարեվերջ պետք է թվային հեռախոսակապից օգտվեին 800 գյուղերի բնակիչներ: Մեր ստացած պատասխանով պարզվում է, որ Հովքը ծրագրում ներառված գյուղերի ցանկում էր, եւ այնտեղ տեղադրված մեկ տաքսաֆոնով էլ գյուղի հեռախոսիֆիկացման խնդիրը փակվել է: Ճիշտ նույն կերպ՝ ընկերությունը մեկ տաքսաֆոնով հեռախոսի խնդիրը լուծված է համարել մի քանի հարյուր գյուղում: Հեռախոսիֆիկացման այս «գերժամանակակից» ընկալումը մեզ զարմացրեց, իսկ հասարակայնության կապերի բաժնի աշխատակցին զարմացրեց մեր զարմանքը. «Իսկ գյուղերում ուրիշ ի՞նչ ձեւով են հեռախոս քաշում»: Թերեւս նրա համար մասնագիտական դասընթաց կապահովեն ընկերությունում, որից հետո կսպասենք նոր պարզաբանման: Այս անգամ՝ թե ինչպես են «ԱրմենՏելի» աշխատակիցները իրականում հեռախոսիֆիկացնում գյուղերը: Ըստ մեր ստացած պատասխանի շարունակության՝ բոլոր գյուղերում ընկերության մասնագետներին հետաքրքրել է միայն մի խնդիր՝ տաքսաֆոնի համար ապահովել անհրաժեշտ 3 պայման: Այն է՝ տեղանքը, որտեղ այն տեղադրվելու է, սարքի համար պետք է լինի անվտանգ ու ապահով, բջջային կապի համար հասանելի եւ գյուղացիների մուտք ու ելքի համար մատչելի՝ օրվա ցանկացած ժամին: Քանի որ ընկերությունը գյուղերում չունի սեփական տարածքներ՝ «ԱՏՍ»-ի համար, միշտ խնդիր է առաջանում, թե որտե՞ղ տեղադրել տաքսաֆոնը. գյուղապետարանո՞ւմ, ակումբո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկի տանը: Հովքում հարմար են գտել տեղադրել բնակչուհիներից մեկի տանը: Ընդ որում՝ առանց գրավոր պայմանագրի, ինչը նույնպես օրենքի խախտում է, եւ զարմանալի չէ, որ բնակչուհին անտեսել է բանավոր պայմանավորվածության պահանջները: Ընկերությունից խորհուրդ տվեցին հովքեցիներին՝ գրավոր բողոքել «ԱրմենՏելին», գյուղապետի հետ միասին տաքսաֆոնի համար ընտրել իրենց ուզած տեղը եւ «մենք կտեղափոխենք այն»: Նկատենք, որ հովքեցիների հույսին է թողնված ընկերության սահմանած 3 պայմանների ապահովումը, ինչը նաեւ մասնագիտական ունակություն է պահանջում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ