Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆԻ

Հոկտեմբեր 06,2005 00:00

ԿԱՊԱՆԻ ԿԱՊԱԼԸ Վարչապետն ընդդեմ գլխավոր դատախազի Առաջիկա կիրակի օրը Կապանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Այս պաշտոնը զբաղեցնելու երկու հավակնորդ կա՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանն ու նախկին՝ 1996-ին եւ 1999-ին այդ պաշտոնը զբաղեցրած անկուսակցական Գագիկ Աթաջանյանը: Քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող թեկնածուներն ի սկզբանե ավելին էին՝ 4-ը, բայց հետո նրանցից երկուսը՝ «ԱրմենՏելի» մարզային տնօրինության տնօրեն, անկուսակցական Սամվել Հայրյանը եւ ՀՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար, Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը դեռ սեպտեմբերի 23-ին ինքնաբացարկ էին հայտնել: Մեր աղբյուրների վկայությամբ, սակայն, հիշյալ ինքնաբացարկները այնքան էլ կամովին չեն եղել: Մեր տեղեկություններով, մասնավորապես Ռ. Սարգսյանը թեկնածուների առաջադրման փուլում նույնիսկ խրախուսել է գործող քաղաքապետ Ա. Կարապետյանի ինքնաառաջադրումը եւ հայտարարել, որ Կապանում ինքը նրա նախընտրական շտաբի պետն է լինելու: Բայց 3 օր անց որոշել եւ առաջադրել էր նաեւ իր թեկնածությունը՝ դառնալով իր կուսակցի մրցակիցը: Ի սկզբանե այս իրավիճակն, իրոք, անհասկանալի էր, որովհետեւ այդ դեպքում ՀՀԿ-ն ստիպված էր լինելու պաշտպանել նրանցից միայն մեկի թեկնածությունը: Առժամանակ անց Ռ. Սարգսյանն ինքնաբացարկ էր հայտնել այն բանից հետո, երբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ղահրամանյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ «Լիսկայի» պնդմամբ նրան «մշակման» էր ենթարկել: Թերեւս այս է պատճառը, որ, ըստ որոշ տեղեկությունների, Կապանում ՀՀԿ կառույցը ոչ միանշանակորեն կամ ոչ ամբողջ կառույցով է լծվել գործող քաղաքապետ, Հանրապետական Ա. Կարապետյանի նախընտրական քարոզարշավի գործընթացին: Այդուհանդերձ, ասել, թե Ա. Կարապետյանին սատարողների բանակը մեծ կամ ազդեցիկ չէ՝ ճիշտ չի լինի: Նրա թեկնածությունն են պաշտպանում, բնականաբար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու մարզպետ Ս. Խաչատրյանը: Իսկ մարզպետի տեղակալ Ռուբիկ Սարգսյանն անձամբ է գլխավորում Ա. Կարապետյանի նախընտրական շտաբը: Քաղաքապետի մյուս թեկնածուն, որ շարունակում է պայքարել, 2005-ի փետրվարից «Կապանթեսթ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Աթաջանյանն է: Նրան, մեր տեղեկություններով, դեռ առաջադրումների փուլում խոստացել էր աջակցել նույն ինքը՝ մարզպետը, բայց հետո փոշմանել էր եւ անցել գործող քաղաքապետի ճամբար: Հիշեցնենք, որ 2004-ին Գ. Աթաջանյանը եղել էր մարզպետի խորհրդականը: Նախկինում լինելով անկուսակցական՝ նա արդեն երկու ժամկետ քաղաքապետ էր ընտրվել: 2003-ին էլ էր առաջադրել իր թեկնածությունը, եւ ՀՀԿ նախագահ ու արդեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ, ըստ մեր աղբյուրների, խոստացել էր պաշտպանել նրա թեկնածությունը, բայց պայմանով՝ Գ. Աթաջանյանը պետք է ընդուներ հանրապետականների «կրոնն» ու անդամագրվեր այդ կուսակցությանը: Այն ժամանակ դեռեւս գործող քաղաքապետ Աթաջանյանը համաձայնել էր, բայց փոխադարձ պայմանով՝ ՀՀ կառավարությունը պետք է 15 օրվա ընթացքում մարեր Կապանին ունեցած լրավճարների հատկացման պարտքերը: Վարչապետը խոստացել էր, իսկ Աթաջանյանը՝ անդամագրվել ՀՀԿ-ին: Բայց նրա կուսակցական գործունեությունը կարճ էր տեւել՝ ընդամենը 20 օր. վարչապետն իր խոստումը չէր կատարել, Գ. Աթաջանյանն էլ լքել էր ՀՀԿ-ն: Արանքում, ինչպես ասում են, շահել էր Արմեն Կարապետյանն ու ընտրվել քաղաքապետ: Հիմա նրա թեկնածությունը Կապանում պաշտպանում են քաղաքի բոլոր կուսակցական կառույցները, այդ թվում՝ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը եւ, որ պակաս կարեւոր չէ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ճիշտ է, տեղեկություններ կան նաեւ, թե նա էլ է փոշմանել, բայց թե ինչով է բացատրվում նրա շահագրգռությունն այս քաղաքում՝ անհայտ է: Ու թեեւ ընտրական հանձնաժողովներում կուսակցություններն իրենց «տեղերը տվել են» Գ. Աթաջանյանին, բայց դա, բնականաբար, դեռ ընտրվելու երաշխիք չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել