ՀՀԿ-Ն ԷԼԻ ԴԵ՞Մ Է Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը փորձեց փոքր-ինչ սրբագրել վերջին շաբաթվա ընթացքում ավանդների վերադարձին առնչվող պնդումները. «Հարցն այս ընթացքում, երբ կոալիցիայի նիստ տեղի ունեցավ ու որոշում կայացվեց՝ դրանից հետո որոշակի դեֆորմացիայի է ենթարկվել եւ տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Ցանկանում եմ հստակ ասել, թե մենք ինչպիսի քաղաքական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»: Ըստ այդմ՝ ընդամենը որոշվել է. աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրի շրջանակներում լուծում տալ ընտանեկան նպաստառուների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների Հայխնայբանկում սառեցված ավանդների փոխհատուցման խնդրին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2006-ի պետբյուջեում 1 մլրդ դրամ (մոտ 2,2 մլն դոլար) կնախատեսվի նպաստառուների ավանդների փոխհատուցման համար: Նշենք, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե կա՞ն արդյոք ռեսուրսներ 2006թ. բյուջեով 1 մլրդ դրամ փոխհատուցմանը հատկացնելու համար: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, կառավարությունը կստեղծի աշխատանքային խումբ, որը կհամադրի ավանդատուների բազան նպաստառուների ցուցակների հետ, որից հետո կարելի կլինի որոշել ավանդների ինդեքսացման չափը. «Բայց ես գտնում եմ, որ անգամ մինչեւ ցուցակների կազմելը կոալիցիան կարող է քաղաքական որոշում կայացնել եւ ներկայացնել ԱԺ նաեւ ինդեքսացման չափը, որը կֆիքսվի պետբյուջեի նախագծում»: … Իսկ դեֆորմացիան թերեւս վերաբերում էր ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկված «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ պաշտպանության երաշխիքների մասին» օրինագծին, որի քննարկմանը ՀՀԿ-ն կարծես շարունակում է մնալ դեմ, եւ ակնհայտ է, որ պատրաստ է անգամ քվեարկել դեմ: Լրագրողներին վարչապետն այս առնչությամբ միայն ասաց. «Մենք՝ ՀՀԿ-ն, էլի ենք պատրաստ ավանդների արժանապատիվ վերադարձին, եւ կոմպրոմիսային խնդիր ունենք, որ նպաստառուների ցուցակում գտնվող ավանդատուներին ենք տալիս: Եվ յուրաքանչյուր տարի կառավարությունը, իր հնարավորություններից ելնելով, կորոշի՝ մնացածների շարունակությունը կլինի, թե չի լինի, եւ երբ կլինի, ինչ ինդեքսով կլինի»: Ա. Ի.