Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 06,2005 00:00

«Հայաստան»
համահայկական հիմնադրամի միջոցներով այս տարվա գարնանը մայրաքաղաքի հինգ խոշոր մարզադպրոցներում
սկսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց գլխավոր նախաձեռնողը սպորտի պետական կառույցն
է, մոտենում են ավարտին: Դրանք, միջազգային չափանիշներին համապատասխանող
տեսքով, դռները վերստին կբացեն մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հանրապետության համար մարզական
կարեւոր նշանակություն ունեցող մարզական օբյեկտների շինարարությունը դրանով չի եզրափակվելու:
Երեկ հիմնադրամի եւ Սպորտպետկոմի ղեկավարները շինարարների եւ մի խումբ լրագրողների
ուղեկցությամբ շրջեցին Երեւանի մի քանի այլ մարզադպրոցներ՝ որոշելու, թե դրանցից
որոնք կարելի է ընդգրկել 2006 թվականի շինարարական ծրագրում: «Հայաստան» մարզական
միության Շենգավիթի համայնքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը, Հավաքական թիմերի
հանրապետական կենտրոնը, որտեղ հանգրվանելու է նաեւ Սպորտային բժշկության եւ հակադոպինգային
ծառայության նորաստեղծ կենտրոնը, Պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը եւ
Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը եկող
տարվանից կենթարկվեն հիմնանորոգման: Բայց մինչ այդ՝ փորձագետները պետք է նախահաշվարկներ
կատարեն եւ միայն դրանից հետո շինարարները կմտնեն վերոնշյալ օբյեկտներ: Բացի դա,
նախատեսվում է եկող տարի կառուցել եւս երկու նոր մարզադպրոց: «Հայաստան» հիմնադրամը
այդ նպատակով 2006 թվականին հատկացնելու է $2,5 միլիոնին համարժեք դրամ: Սակայն հնարավոր
է նաեւ, որ նորոգման ենթակա մարզադպրոցների թիվն ավելանա: Դա կախված կլինի նախահաշիվների
արդյունքից: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել