Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները՝ Հայաստանում

Հոկտեմբեր 06,2005 00:00

Հայ-իտալական բարեկամության օրերը շարունակվում
են «Իտալահայ համայնքն իր մասին» հանդիպմանը, որ կայացավ Խնկո-Ապոր
անվան գրադարանում, Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց
այն հայերին, որոնք ակտիվ մասնակցություն ունեն համայնքի պահպանման եւ կայուն կենսագործունեություն
ապահովելու հարցերում: Իր երկրի քաղաքացիներին ողջունելու էր եկել Հայաստանում Իտալիայի
դեսպան Մարկո Կլեմենտեն, որը շեշտեց երկու երկրների ժողովուրդների մշակութային ու
կենցաղային ընդհանրությունները եւ ներկայացրեց իտալական օրերի ծրագիրը: Իտալիայում
որպես առաջին ճանաչված հայ՝ հիշատակվում է նորջուղայեցի Խոջա Սաֆարը (280 թ.): Այսօրվա
մոտ 2000-անոց համայնքի կյանքում մեծ դեր ունեն Միլանի շուրջ 800 հայերը: Ինչպես
ներկայացվեց, նրանք գործում են բոլոր ոլորտներում, բացի քաղաքականությունից: Միլանցի
գործարար Սարո Խոդավերդյանի, բժիշկ, գրող-հրապարակախոս Պիետրո Քուչուկյանի ծավալած
հայանպաստ գործունեության մասին խոսվեց հանդիպման ընթացքում: Վենետիկի սուրբ
Մարկոսի հրապարակի սյուներն այսօր էլ պահպանում են հայատառ արձանագրություններ: Տաճարի
ետեւում գտնվում է գործող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Վենետիկի Նոր Ջուղա թաղամասում
ապրում է ծագումով հայ 15 ընտանիք: Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գործունեության
մասին պատմեց միաբան հայր Լեւոն Զեքիյանը: Միլանից հետո երկրորդ խոշոր համայնքը գործում
է Հռոմում: Այստեղ են Լեւոնյան վարժարանը, «Զատիկ» ասոցիացիան, Վիա Ջուղայի հայկական
հնագույն եկեղեցին, հայտնի հյուրանոցը: Պադովոյում հայտնի Արսլան ընտանիքից գրող
Անտոնինա Արսլանը պատմեց իր մասին: Նրա վերջերս հրատարակած «Արտույտների երամը» գիրքն
արժանացել է առաջին մրցանակի: Տավիանի եղբայրները պատրաստվում են գրքի հիման վրա
ֆիլմ նկարահանել: Հայագետ, հետազոտող Գաբրիելա Ուլուհոջյանը դասավանդում է Բոլոնիայի
համալսարանում: Հանդիպմանը ներկա էին նաեւ Իտալիայի խորհրդարանի անդամ Ջանկարլո Պալյարինին,
հետազոտող Գայանե Կազնատին: Իտալիայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ է, որ
2000-ին այդ երկրի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ թեմայով նախատեսվում
է Իտալիայի արտաքին գործերի նախարարության արխիվից հանել եւ 3 տարվա ընթացքում հրատարակել
Հայոց ցեղասպանության վերաբերյալ 12 հատոր: Արդեն հրատարակվել է դրանցից 4-ը: Օրվա
երկրորդ կեսին Ազգային պատկերասրահում ցուցադրվեց Մխիթարյան հայրերի հարուստ ժառանգությունը:
Տարիների ընթացքում նվիրյալների հոգածության ու ջանքերի շնորհիվ մի շարք համաշխարհային
արժեքներ հանգրվանել են Սուրբ Ղազար կղզում: Բացման արարողությունը վերապահված էր
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Իտալերեն ողջույնի խոսք ասաց ԱԳ նախարար
Վարդան Օսկանյանը: Սրահները բազմամարդ էին. շատերին էին հետաքրքրել Սուրբ Ղազարում
պահվող գանձերը: Բերվել էին առաջին հայկական տպագիր գիրքը, մասունքներ տարբեր դարերի
հայկական եկեղեցիներից, Հովնաթան Հովնաթանյանի հրաշք կտավները եւ այլ մշակութային
արժեքներ: Իսկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայ-իտալական
բարեկամության օրերի բացման» գալահամերգ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու մենակատար
Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել