Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԾՈՒՄ ԷԻ, ՈՐ ԴՈՒՔ ՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿԻՐ ԵՔ»

Հոկտեմբեր 06,2005 00:00

Խոստովանում
է ջամայկացի պարուհին Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում
«Ճանաչիր ինձ, ճանաչիր՝ ինքդ քեզ» բեմադրությամբ հանդես եկավ ծնունդով ջամայկացի
պարուհի Դայան Ալիսոն-Միտչելը, որը երկար տարիներ աշխատել է Մեծ Բրիտանիայի ազգային
պարային ընկերություններում: Պարը կնոջ՝ իր Եսի հետ ներքին պայքարի մասին էր: «Հայֆեստ»
փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստան ժամանած Դայանը սիրով հարցազրույց տվեց
«Առավոտին»: – Ինչպիսի՞ն է Դայանի մարմնավորած կինը: – Բնականաբար՝
շատ գեղեցիկ: Խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին գեղեցկության ու հարուստ ներաշխարհի
մասին է: Ներկայացված պարը կարծես պայքար լինի: Սկզբում կինն իր եսի հետ է պայքարում,
հասցնում է տառապել, կասկածել, հետո հասկանում է, որ ինքը շատ ուժեղ է եւ կարող է
հաղթահարել ցանկացած դժվարություն: – Ինչո՞ւ է ձեր պարը պարունակում աֆրիկյան
եւ կարիբյան ժողովրդական պարերի էլեմենտներ, եւ հատկապես հիշեցնում Կուբայի ազգային
պարը, եթե ներկայացնում եք ժամանակակից պար: – Ես ծագումով Ջամայկայից եմ,
աֆրիկյան եւ կարիբյան պարերը հոգեհարազատ են ինձ: Հիմա քանի որ ամեն ինչ մոդեռնացվում
է, ես էլ փորձել եմ ազգային պարերը մոդեռնացնել: Դրանք ժառանգություն եմ ստացել իմ
նախնիներից եւ պարտավոր եմ թեկուզ նորովի ու նորացված փոխանցել սերունդներին: Աֆրիկյան
ու կարիբյան պարերի շարժումները հարուստ են ու գեղեցիկ, բայց դրանք, ցավոք, հաճախ
չենք տեսնում: – Հագուստը կարեւոր «դերակատարություն» ունի ձեր պարի մեջ:
– Այո, համամիտ եմ: Ամբողջ ներկայացման ընթացքում ես կրում եմ շատ լայն կիսաշրջազգեստ,
որը հանդես է գալիս որպես ինքնապատկերի փոխաբերություն՝ մարմնավորելով սոցիալական
ճնշումները: Նման զգեստ կրել են նաեւ իմ նախնիները՝ ստրկության ժամանակ: Պարի ավարտին
զգեստը պարուհու հետ միասին մեկ «մարմին» է դառնում. դա խորհրդանշում է կնոջ հաղթանակը:
– Ինչո՞վ է առանձնանում ջամայկացի կինը այլ կանանցից: – Ջամայկացի
կանայք հմայիչ են, հպարտ, ուժեղ, նաեւ ըմբոստ: Ջամայկուհիները հիմնականում հասարակության
կենտրոնում են՝ մայրեր, քույրեր, հորաքույրներ, մորաքույրներ, եւ բոլորը հավաքվում-համախմբվում
են նրանց շուրջը: – Առաջին անգամ եք Հայաստանում, ձեր տպավորությունները:
– Երբ գալիս էի Հայաստան՝ ինձ թվում էր, թե հետամնաց երկիր եմ ոտք դնելու,
բայց տեսա, որ ծաղկուն, զարգացած ու բարգավաճ երկիր եմ եկել: Շատ տպավորված եմ, այնքան
լավ եմ զգում այստեղ, կարծես իմ տանը լինեմ: Հայերը շատ գեղեցիկ են, ձեր կանայք սեքսուալ
ու գրավիչ արտաքինի տեսանկյունից նման են ջամայկուհիներին: Ես հաճախ եմ աշխարհի քարտեզն
ուսումնասիրում, միշտ առանձնացրել եմ Հայաստանը՝ որպես արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկ
ու ցանկացել լինել ձեր երկրում: Հնարավորության դեպքում անպայման նորից կգամ
Հայաստան, մանավանդ արդեն շատ ընկերներ ունեմ ու դեռեւս այնքա՜ն չբացահայտված բաներ
կան: – «Հայֆեստի» շրջանակներում ցու ցադրված ի՞նչ ներկայացումներ հավանեցիք:
– Ափսոս չեմ հասցրել բոլորը դիտել: Ինձ դուր եկան Վրաստանի «Նկուղ» թատրոնի
«Մետամորֆոզներ», «Սու-են Բուտոհ» ընկերության (Ճապոնիա-Շվեդիա) «Պատառ՝ ներքին անդամահատում»
բեմադրությունները: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել