Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչներին՝ մեքենա, տնօրենին՝ հեռուստացույց

Հոկտեմբեր 06,2005 00:00

Երեկ արդեն 5-րդ անգամ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը կառավարության հոգածությամբ Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող
ամենամյա միջոցառմանը խոստացավ կրթական համակարգի համար անել հնարավորը՝ «ինչ որ
ձեռքներիցս կգա»: Ամեն տարի վարչապետը ավելացնում է նվերների
չափն ու քանակը, եւ անցյալ տարվա մեկ մեքենային (որ նվիրել էր տարվա լավագույն ուսուցչին)
այս տարի ավելացրեց եւս մեկը՝ տարվա լավագույն դաստիարակին: «Մի բան էլ ուրիշ տեղից
ենք կտրում, ավելացնում ձեր ոլորտին. բանակից հետո մեզ համար այս ոլորտն ամենակարեւորն
է»,- իր խոսքում ասաց վարչապետը: Նա նաեւ հանձնեց ՀՀ նախագահի շնորհակալագրերը, պատվոգրերն
ու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանները: Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվեց Վանաձորի
թիվ 5 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Մաճկալյանը:
Նա վարչապետից ստացավ ՎԱԶ 2107 մակնիշի մեքենա. «Նման անակնկալ մարդու կյանքում երեւի
եզակի է լինում կամ ընդհանրապես չի լինում, իմ կյանքում սա եզակի անակնկալ էր»: Ա.
Մաճկալյանը կոլեկտիվի երաշխավորումից հետո անցել է մարզային փուլ, որտեղ մարզի լավագույն
ուսուցիչ է ճանաչվել. «Մրցույթն անցկացվում է հիմնականում աշխատանքային հաշվետվությունների
հիման վրա: Բավական հարուստ թղթապանակ ունեմ, որ վկայում է իմ գործունեության մասին,
իսկ ԿԳՆ-ում արդեն հարցազրույց էր, որից հետո անցա եզրափակիչ փուլ»,- մեզ հետ զրույցում
պատմեց Ա. Մաճկալյանը: Տարվա լավագույն դաստիարակ Փառանձեմ Շահմուրադյանը
(Նոր Նորքի թիվ 24 մսուր-մանկապարտեզ) չգիտեր, թե ինչ մեքենա է ստացել վարչապետից,
բայց ասաց, որ պատրաստվում է վարել սովորել: Փ. Շահմուրադյանը 20 տարվա աշխատանքային
ստաժ ունի. «Նոր Նորքի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժինն է իմ թեկնածությունը
առաջադրել՝ հաշվի առնելով անցած ճանապարհս, տեսնելով առօրյա աշխատանքս եւ նորագույն
մեթոդների կիրառումը»: Տարվա լավագույն տնօրեն ճանաչվեց Սիամանթոյի անվան թիվ 162
դպրոցի տնօրեն Սիլվա Հակոբյանը, սակայն նա ստացավ հեռուստացույց: Քաղաքապետարանի
կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը նման «ջոկողությունը» բացատրեց նրանով, որ
տնօրենին մեքենա նվիրելը ճիշտ չի ընկալվի, ավելի լավ է՝ թող նրանց փոխարեն մարզերի
մեր ուսուցիչները նման նվեր ստանան: Իսկ Անդրանիկ Մարգարյանը խոստացավ, որ «ով չի
ստացել, իր հերթն էլ կգա: Սպասեք ձեր հերթին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Միջոցառման սկզբին հաղորդավար Կարեն Քոչարյանը հնչեցրեց
անհայտ հեղինակի հետեւյալ խոսքը. «Աշակերտն ասում է. «Երկրագունդը կլոր է»: Ուսուցիչն
ասում է՝ «Ո՛չ, երկրագունդը կլոր է»: Աշակերտն ասում է «2×2՝ 4»: Ուսուցիչն ասում
է. «Ո՛չ, 2×2՝ 4» եւ այլն: Ինչո՞ւ: «Որովհետեւ ուսուցիչն ավելի լավ գիտի այդ ամենը»,-
արվում է եզրակացությունը: Կարծում ենք՝ բարեփոխումների շեմին արված անհաջող արտահայտություն
էր. չէ՞ որ մենք գնում ենք երեխայակենտրոն դաստիարակության: Իսկ այս դեպքում՝ «Գործ
ունենք կյանքից դժգոհ ու չմահավան ուսուցչի հետ»,- այս առիթով դահլիճից հնչեց մի
կարծիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել