Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրօրինակ «հեռախոսիֆիկացում»

Հոկտեմբեր 06,2005 00:00

Գյուղում մեկ հատ տաքսաֆոն դնելը «ԱրմենՏելի»
աշխատակիցները անվանում են «գյուղի հեռախոսիֆիկացում»: Վերջերս
Իջեւանի Հովք գյուղի բնակիչները «Առավոտի» միջոցով բողոքել էին, որ իրենց գյուղում
տեղադրված տաքսաֆոնը, որը հեռախոսակապի միակ հնարավորությունն է, դարձել է անմատչելի:
Տիկինը, ում տանը «ԱրմենՏելը» տեղադրել է տաքսաֆոնը՝ հանրային օգտագործման համար,
տան դուռը բացում է իր ուզած ժամանակին, իսկ քարտերը վաճառում է իր ուզած գնով: «ԱրմենՏելի»
հասարակայնության բաժնից ստացված պարզաբանումը, սակայն, լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն
առաջացրեց: Օրինակ՝ թե ինչպես է ընկերությունը հեռախոսիֆիկացնում հանրապետության
գյուղերը: Ըստ ընկերության աշխատանքային ծրագրի եւ կառավարության որոշմամբ ստանձնած
պարտականության, մինչեւ տարեվերջ պետք է թվային հեռախոսակապից օգտվեին 800 գյուղերի
բնակիչներ: Մեր ստացած պատասխանով պարզվում է, որ Հովքը ծրագրում ներառված գյուղերի
ցանկում էր, եւ այնտեղ տեղադրված մեկ տաքսաֆոնով էլ գյուղի հեռախոսիֆիկացման խնդիրը
փակվել է: Ճիշտ նույն կերպ՝ ընկերությունը մեկ տաքսաֆոնով հեռախոսի խնդիրը լուծված
է համարել մի քանի հարյուր գյուղում: Հեռախոսիֆիկացման այս «գերժամանակակից» ընկալումը
մեզ զարմացրեց, իսկ հասարակայնության կապերի բաժնի աշխատակցին զարմացրեց մեր զարմանքը.
«Իսկ գյուղերում ուրիշ ի՞նչ ձեւով են հեռախոս քաշում»: Թերեւս նրա համար մասնագիտական
դասընթաց կապահովեն ընկերությունում, որից հետո կսպասենք նոր պարզաբանման: Այս անգամ՝
թե ինչպես են «ԱրմենՏելի» աշխատակիցները իրականում հեռախոսիֆիկացնում գյուղերը: Ըստ
մեր ստացած պատասխանի շարունակության՝ բոլոր գյուղերում ընկերության մասնագետներին
հետաքրքրել է միայն մի խնդիր՝ տաքսաֆոնի համար ապահովել անհրաժեշտ 3 պայման: Այն
է՝ տեղանքը, որտեղ այն տեղադրվելու է, սարքի համար պետք է լինի անվտանգ ու ապահով,
բջջային կապի համար հասանելի եւ գյուղացիների մուտք ու ելքի համար մատչելի՝ օրվա
ցանկացած ժամին: Քանի որ ընկերությունը գյուղերում չունի սեփական տարածքներ՝ «ԱՏՍ»-ի
համար, միշտ խնդիր է առաջանում, թե որտե՞ղ տեղադրել տաքսաֆոնը. գյուղապետարանո՞ւմ,
ակումբո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկի տանը: Հովքում հարմար են գտել տեղադրել բնակչուհիներից
մեկի տանը: Ընդ որում՝ առանց գրավոր պայմանագրի, ինչը նույնպես օրենքի խախտում է,
եւ զարմանալի չէ, որ բնակչուհին անտեսել է բանավոր պայմանավորվածության պահանջները:
Ընկերությունից խորհուրդ տվեցին հովքեցիներին՝ գրավոր բողոքել «ԱրմենՏելին», գյուղապետի
հետ միասին տաքսաֆոնի համար ընտրել իրենց ուզած տեղը եւ «մենք կտեղափոխենք այն»:
Նկատենք, որ հովքեցիների հույսին է թողնված ընկերության սահմանած 3 պայմանների ապահովումը,
ինչը նաեւ մասնագիտական ունակություն է պահանջում: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել