Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆԻ ԿԱՊԱԼԸ

Հոկտեմբեր 06,2005 00:00

Վարչապետն ընդդեմ գլխավոր դատախազի Առաջիկա
կիրակի օրը Կապանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Այս պաշտոնը զբաղեցնելու
երկու հավակնորդ կա՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանն ու նախկին՝ 1996-ին
եւ 1999-ին այդ պաշտոնը զբաղեցրած անկուսակցական Գագիկ Աթաջանյանը: Քաղաքապետ դառնալու
հավակնություն ունեցող թեկնածուներն ի սկզբանե ավելին էին՝ 4-ը, բայց հետո նրանցից
երկուսը՝ «ԱրմենՏելի» մարզային տնօրինության տնօրեն, անկուսակցական Սամվել Հայրյանը
եւ ՀՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար, Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն
Ռոմիկ Սարգսյանը դեռ սեպտեմբերի 23-ին ինքնաբացարկ էին հայտնել: Մեր աղբյուրների
վկայությամբ, սակայն, հիշյալ ինքնաբացարկները այնքան էլ կամովին չեն եղել: Մեր տեղեկություններով,
մասնավորապես Ռ. Սարգսյանը թեկնածուների առաջադրման փուլում նույնիսկ խրախուսել է
գործող քաղաքապետ Ա. Կարապետյանի ինքնաառաջադրումը եւ հայտարարել, որ Կապանում ինքը
նրա նախընտրական շտաբի պետն է լինելու: Բայց 3 օր անց որոշել եւ առաջադրել էր նաեւ
իր թեկնածությունը՝ դառնալով իր կուսակցի մրցակիցը: Ի սկզբանե այս իրավիճակն, իրոք,
անհասկանալի էր, որովհետեւ այդ դեպքում ՀՀԿ-ն ստիպված էր լինելու պաշտպանել նրանցից
միայն մեկի թեկնածությունը: Առժամանակ անց Ռ. Սարգսյանն ինքնաբացարկ էր հայտնել այն
բանից հետո, երբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության
գնդապետ Աշոտ Ղահրամանյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ «Լիսկայի» պնդմամբ
նրան «մշակման» էր ենթարկել: Թերեւս այս է պատճառը, որ, ըստ որոշ տեղեկությունների,
Կապանում ՀՀԿ կառույցը ոչ միանշանակորեն կամ ոչ ամբողջ կառույցով է լծվել գործող
քաղաքապետ, Հանրապետական Ա. Կարապետյանի նախընտրական քարոզարշավի գործընթացին: Այդուհանդերձ,
ասել, թե Ա. Կարապետյանին սատարողների բանակը մեծ կամ ազդեցիկ չէ՝ ճիշտ չի լինի:
Նրա թեկնածությունն են պաշտպանում, բնականաբար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն
ու մարզպետ Ս. Խաչատրյանը: Իսկ մարզպետի տեղակալ Ռուբիկ Սարգսյանն անձամբ է գլխավորում
Ա. Կարապետյանի նախընտրական շտաբը: Քաղաքապետի մյուս թեկնածուն, որ շարունակում
է պայքարել, 2005-ի փետրվարից «Կապանթեսթ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Աթաջանյանն է: Նրան,
մեր տեղեկություններով, դեռ առաջադրումների փուլում խոստացել էր աջակցել նույն ինքը՝
մարզպետը, բայց հետո փոշմանել էր եւ անցել գործող քաղաքապետի ճամբար: Հիշեցնենք,
որ 2004-ին Գ. Աթաջանյանը եղել էր մարզպետի խորհրդականը: Նախկինում լինելով անկուսակցական՝
նա արդեն երկու ժամկետ քաղաքապետ էր ընտրվել: 2003-ին էլ էր առաջադրել իր թեկնածությունը,
եւ ՀՀԿ նախագահ ու արդեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ, ըստ մեր աղբյուրների,
խոստացել էր պաշտպանել նրա թեկնածությունը, բայց պայմանով՝ Գ. Աթաջանյանը պետք է
ընդուներ հանրապետականների «կրոնն» ու անդամագրվեր այդ կուսակցությանը: Այն ժամանակ
դեռեւս գործող քաղաքապետ Աթաջանյանը համաձայնել էր, բայց փոխադարձ պայմանով՝ ՀՀ կառավարությունը
պետք է 15 օրվա ընթացքում մարեր Կապանին ունեցած լրավճարների հատկացման պարտքերը:
Վարչապետը խոստացել էր, իսկ Աթաջանյանը՝ անդամագրվել ՀՀԿ-ին: Բայց նրա կուսակցական
գործունեությունը կարճ էր տեւել՝ ընդամենը 20 օր. վարչապետն իր խոստումը չէր կատարել,
Գ. Աթաջանյանն էլ լքել էր ՀՀԿ-ն: Արանքում, ինչպես ասում են, շահել էր Արմեն Կարապետյանն
ու ընտրվել քաղաքապետ: Հիմա նրա թեկնածությունը Կապանում պաշտպանում են քաղաքի բոլոր
կուսակցական կառույցները, այդ թվում՝ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը եւ, որ պակաս
կարեւոր չէ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ճիշտ է, տեղեկություններ կան նաեւ,
թե նա էլ է փոշմանել, բայց թե ինչով է բացատրվում նրա շահագրգռությունն այս քաղաքում՝
անհայտ է: Ու թեեւ ընտրական հանձնաժողովներում կուսակցություններն իրենց «տեղերը
տվել են» Գ. Աթաջանյանին, բայց դա, բնականաբար, դեռ ընտրվելու երաշխիք չէ: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել