Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն է երաշխիքը

Հոկտեմբեր 06,2005 00:00

Երեկ Միջազգային ճգնաժամային խմբի հարավկովկասյան
ծրագրի տնօրեն Սաբին Ֆայզերը կրկին հանդիպեց հայ լրագրողների հետ: «Ղարաբաղյան
փակուղուց ելք կարող էր դառնալ այնպիսի համաձայնագրի կնքումը, որը կկարգավորեր հակամարտությունը
փուլ առ փուլ եւ կհետաձգեր ԼՂ վերջնական կարգավիճակի մասին որոշման հարցը մինչեւ
գործընթացի ավարտը: Հայերը հետզհետե դուրս կբերեին զորքերը գրավյալ տարածքներից,
որոնք կանցնեին միջազգային վերահսկողության տակ: Իրենց տները կվերադառնային տեղահանված
անձինք: Համաձայնագիրը կնախատեսեր, որ ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո
Ղարաբաղի բոլոր բնակիչները՝ հայերը եւ ադրբեջանցիները, որոնք ապրել են այնտեղ մինչեւ
1991 թվականը, հնարավորություն ստանան հանրաքվեի ժամանակ արտահայտվել տարածաշրջանի
վերջնական կարգավիճակի վերաբերյալ: Միջազգային երաշխիքների ներքո բոլոր կողմերը պարտավորություն
կստանձնեին համաձայնվել այդ հանրաքվեի արդյունքների հետ, նույնիսկ, եթե այն հանգեցներ
այդ տարածքի անկախության հռչակմանը»: Սա հատված էր Միջազգային ճգնաժամային խմբի (ICG)
փոխնախագահ Ալեն Դելետրոզի՝ շվեյցարական Le Temps թերթում հրապարակված «Ատելության
քարոզչության դադարեցումը. խաղաղության պայմանները Լեռնային Ղարաբաղում» հոդվածից:
Աշխարհի ամենատարբեր անկյուններում բոցկլտացող զանազան հակամարտությունների
հետազոտման եւ խորհրդատվության հարուստ փորձ կուտակած այս կազմակերպությունն արդեն
իսկ երկու համապարփակ զեկույց է պատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման
մասին ունեցած իրենց պատկերացումների, լուծման հնարավոր տարբերակների, խանգարող կամ
նպաստող գործոնների եւ լուծման համար նպաստավոր (կամ աննպաստ) հասարակական վերաբերմունքի
մասին: Երեկ, այսպես ասենք՝ ղարաբաղյան խնդիրների լուսաբանման ուղղությամբ մասնագիտացած
մի քանի լրագրող հանդիպեցին ICG հարավկովկասյան ծրագրի տնօրեն Սաբին Ֆայզերին, որի
հետ լրացուցիչ քննարկեցին ղարաբաղյան կարգավորման որոշ ասպեկտների հետ կապված մի
քանի հարցեր: Ու քանի որ Ֆայզերի գնահատականների մեծ մասը ճշտորեն համընկնում էին
վերը բերված մեջբերման հետ, անդրադառնամ միայն «Առավոտի» կողմից հնչեցված հարցերից
մեկի պատասխանին: Որո՞նք են անվտանգության այն հստակ, համոզիչ երաշխիքները, որ Ղարաբաղի
հայությունը միջազգային հանրությունից կարող է ստանալ՝ տեսականորեն փուլային տարբերակին
համաձայնելու դեպքում: Պատասխան. նախ՝ երաշխիքները երբեք եւ ոչ մի տեղ բացարձակ չեն
կարող լինել: Ապա՝ լուրջ երաշխիք կարող է ծառայել պատերազմական ժամանակների լիազորություններով
օժտված միջազգային խաղաղապահ զորախումբը: Վերջապես՝ ամենակարեւոր երաշխիքը, ըստ Ֆայզերի,
կլինի Ադրբեջանի մասնակցությամբ խաղաղության այնպիսի համաձայնագրի կնքումը, որի կատարումը
մշտապես կլինի միջազգային հսկողության տակ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել