Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»՝
ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Հոկտեմբեր 06,2005 00:00

Ա.
Բազեյանը կուսակցական կառույց ստեղծեց Էջմիածնում Երեկ
Էջմիածնում կազմավորվեց «Ազգային վերածնունդ» կուսակցության եւս մեկ տարածքային կառույց:
Կուսակցության կազմում ընդգրկվեցին այս տարածքի նախկին «Հանրապետություն» կուսակցության
անդամներից 260 մարդ, ընդհանուր թվով կառույցին երեկ անդամագրվեց 275 քաղաքացի: Կոնֆերանսի
մասնակիցներից մի քանիսը տեղեկացրին, որ երեկվա ընթացքում իրենց հետ բացատրական աշխատանքներ
է իրականացրել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ առաջարկել է չանդամակցել «Ազգային
վերածնունդին», այլ մնալ «Հանրապետություն» կուսակցության կազմում: Պաշտպանության
նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Վաղարշակ
Հարությունյանը բացատրեց, որ իր, Ալբերտ Բազեյանի եւ մյուսների՝ «Հանրապետություն»
կուսակցությունից հեռանալու հարցում լուրջ պատճառներ կային. «Դրանք վերաբերում են
ներկուսակցական աշխատանքներին, կառույցների հանդեպ վերաբերմունքին, դաշինքի հետ հարաբերություններին
եւ այլ հարցերի: Ճիշտը սա է, առողջ ուժերով կառույց ձեւավորել եւ գնալ առաջ: Ինչպես
ենք մենք պատկերացնում մեր հետագա քայլերը: Իշխանափոխության մասին խոսելը ես համարում
եմ անիմաստ, որովհետեւ դա ժողովրդի ակնհայտ պահանջն է եւ պետք է կատարվի: Կարեւոր
հարցն այն է, թե ո՞նց ենք դա անելու: Եվ այստեղ է, որ բոլորս ունենք մեր պարտականությունները»:
Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի՝ ժամանակին ասված այն մտքին, որ ոչ թե ընդդիմությունն
է թույլ, այլ իշխանությունն է ուժեղ, Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ իշխանությունը
ուժեղ չէ, պարզապես ընդդիմությունն է թույլ, եւ ինքնաքննադատաբար ավելացրեց. «Մենք
ենք սխալներ թույլ տվել, որի արդյունքում այսօր իշխանությունը մնում է իշխանություն»:
Ասվեց, որ նոյեմբերի 27-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն պետք է դարձնել անվստահության
հանրաքվե, իսկ դա հնարավոր դարձնելու համար, ըստ Վաղարշակ Հարությունյանի, հարկավոր
է, որ առաջին հերթին կազմավորվի «Ազգային վերածնունդը», քանի որ «մենք վճռորոշ ուժ
ենք ընդդիմադիր դաշտում, հաջորդը՝ հարկավոր է ունենալ միասնական գործողությունների
ծրագիր»: Ընդհանրապես, նկատելի էր, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումը այս կուսակցության
հիմնադիրները շատ են կարեւորում: Ալբերտ Բազեյանը իր նոր կուսակիցներին բացատրեց,
որ պառակտվել է ոչ թե ընդդիմությունը, այլ «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն
սա ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ ընդդիմության համատեղ պայքարի
գործում: Ինչո՞ւ նոր կուսակցությունը կոչվեց «Ազգային վերածնունդ», բազեյանական բացատրությունը
սա է. «Հայաստանի քաղաքացիներն այսօր գտնվում են հուսալքված վիճակում, դրա հետեւանքը
նաեւ արտագաղթի այս տեմպերն են, այն է, որ մեզ փորձում են թելադրել, որ մենք ոչինչ
փոխել չենք կարող, մեզանից ոչինչ կախված չէ, մեր փոխարեն դա պետք է անեն ուրիշները,
արտաքին ուժեր եւ այլն: Մեր գործունեության ընթացքում մենք անելու ենք այնպես, որ
վերականգնենք մեր ժողովրդի հավատը մեր ուժերի եւ մեր երկրի ապագայի նկատմամբ: Եվ
այս առումով մեր նախկին կուսակիցների կողմից դրսեւորվող վարքագիծը ոչ թե համախմբման
միտում ուներ, այլ սերմանում էր անվստահության էլեմենտներ, եթե չասեմ՝ պառակտիչ»:
Ալբերտ Բազեյանը այս նոր կուսակցության ստեղծման օրերին երեւի որոշել է դրսեւորել
հումորի իր ամբողջ պաշարը՝ ներկայացնելով իր նախկին կուսակիցների պահվածքի որոշ առանձնահատկություններ,
եւ երեկ հետեւյալն ասաց. «Սկսում էին անուններ կպցնել, էս մեկը ակումուլյատոր է,
էն մյուսը՝ տրասֆորմատոր, մյուսը՝ գեներատոր, «Հանրապետությունն» էլ երեւի էն տերմինատորն
էր, որ պետք է բոլորին տաներ: Մեր ասածը հետեւյալն էր՝ անուններ մի դրեք, մի ասեք՝
ծախվել են, եկեք համախմբվենք, ժողովրդին միասին ոտքի հանենք, իշխանության հարցը լուծենք,
հետո, ովքեր ունեն համապատասխան վարկանիշ, հեղինակություն, թող գնան ազատ ընտրվեն:
Եթե Արամ Սարգսյանն է այդ թեկնածուն, մենք Արամ Սարգսյանին ենք պաշտպանելու, նրա
թիկունքին եղել ենք եւ էլի կլինենք, համենայնդեպս, այսպիսի մոտեցումներ են եղել»:
Էջմիածինցիք լուրջ անհանգստացած էին հոկտեմբերի 16-ին այստեղ կայանալիք քաղաքապետի
ընտրություններով եւ խնդրում էին, որ «Ազգային վերածնունդը» որեւէ կերպ միջամտի,
որ «Մանվելի մարդը չանցնի, որ թողնեն ազատ ընտրենք»: Բացատրվեց, որ դաշինքն այստեղ
թեկնածու չունի եւ այս հարցի մասին որոշում՝ նույնպես: Կոնֆերանսին մասնակցում
էին դաշինքի «եղբայրական» կուսակցությունների ներկայացուցիչներ, ԱԺՄ-ի ներկայացուցիչը
նույնիսկ ելույթ ունեցավ եւ վերհիշելով 1996-ը՝ ասաց, որ չի կարելի բանակը ընտրությունների
գործոն դարձնել, ինչպես դա եղավ 96-ին: Հակադարձելով՝ Վաղարշակ Հարությունյանը նկատեց,
որ բանակը ինքնուրույն չի անում նման բաներ, որ հրամանը միշտ տալիս է գերագույն գլխավոր
հրամանատարը: Բուրաստան Նազարեթյանը իր հերթին կոչ արեց, որ «Ազգային վերածնունդը»
ոչ թե «ճառ ասող կուսակցություն լինի, այլ՝ զանգ կախող: Իսկ էդ ստից-մտից կուսակցություններն
էլ թող հեռու մնան, դրանք խանգարում են»: «Մի քանի տասնյակ կուսակցություն
կա Հայաստանում, բայց դրանցից ոչ մեկն էլ ժողովրդի մատից փուշ չհանեց, ժողովրդի հոգսը
չթեթեւացրեց: Ժողովրդական խոսք կա, մարդուն հարցնում են՝ ինչի՞ց ես վախենում, ասում
է՝ տեսածից: Ժողովուրդը իր տեսածից է վախենում, կոպիտ եմ արտահայտվում, բայց ասում
են՝ էշ նստելը մի այիբ է, էշից ընկնելը՝ երկու: Եթե այսօր մեր ստեղծած նոր կուսակցությունը
լինելու է անցածների նման, խնդրում եմ մի արեք, ժողովրդին չխաբեք: Խնդրում եմ ստեղծեք
այնպիսի կուսակցություն, որ անդունդը գլորված ժողովրդին հանի անդունդից»,- Արմավիրի
մարզի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր կոնֆերանսի ավարտին հայտարարեց
մի քաղաքացի, որն այդպես էլ չուզեց իր անունն ասել: Այլ տարածքային կառույցների
ստեղծումից հետո՝ նոյեմբերի 11-ին, «Ազգային վերածնունդը» կհրավիրի իր հիմնադիր համագումարը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել