Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՎԵՑ ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Հոկտեմբեր 06,2005 00:00

Այժմ
արդեն անարգել կարելի է ցույցեր անցկացնել Կենտրոնական բանկի եւ Հանրային հեռուստառադիոընկերության
շենքերի դիմաց: Խորհրդարանն այս քառօրյայում 2-րդ ընթերցմամբ
ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Քվեարկությանը ներկա «Ազգային
միաբանություն» խմբակցությունը «դեմ» քվեարկեց նախագծին: Իսկ «Արդարության» ներկայացուցիչները
բացակայում էին դահլիճից: Խմբակցության դիրքորոշումն ավելի վաղ ներկայացնելով՝ Վիկտոր
Դալլաքյանն առաջարկել էր նախագծից հանել երկու դրույթ, որոնցից առաջինով լիազոր մարմինը
կարող է հրապարակային միջոցառումների անցկացումն արգելել հանրապետության նախագահի
նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության
նկատառումներով, իսկ երկրորդով կարող է անժամկետ սահմանափակել խաղաղ երթը: Վիկտոր
Դալլաքյանի գնահատմամբ՝ այս մոտեցումներով արգելք է դրվում Սահմանադրությամբ նախատեսված
ազատ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին իրավունքի վրա: Առաջարկները չընդունվեցին:
Սակայն օրինագծի հեղինակները՝ Տիգրան Թորոսյանը եւ Արարատ Մալխասյանը, ե՛ւ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ե՛ւ լիագումար նիստում քննարկման
ժամանակ պնդում էին, թե այս փոփոխություններն ուղղված են օրենքի պարզեցմանը, որ օրինագիծը
բազմիցս փորձաքննության է ենթարկվել միջազգային կառույցներում եւ ստացել գնահատական,
թե համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ զգալիորեն ազատականացված է Վենետիկի
հանձնաժողովի առաջարկությունների հաշվառումով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց
հետո այս օրինագծում ավելացվել են մի շարք դրույթներ: Ասենք, հնարավորություն է ընձեռվել
ինքնաբուխ հրապարակային միջոցառումների: Դրանք թույլատրելու պահանջն անընդհատ պնդում
էին եվրոպական կառույցները, իսկ մեր իշխանությունները համառում էին: Իսկ այժմ հոդված
8-ի համաձայն՝ ցույցեր անցկացնելու համար չի պահանջվում գրավոր իրազեկել լիազոր մարմնին,
եթե ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային
միջոցառման: Ամենակարեւոր փոփոխությունն առնչվում է ամենավիճարույց հոդվածներից
մեկին, որը վերաբերում է հրապարակային միջոցառման կազմակերպման եւ անցկացման սահմանափակումներին:
Այն խմբագրվել է այսպես. «Հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի
կողմից կարող է արգելվել կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում,
վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական
անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը: Հանրապետության նախագահի
նստավայրից, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, Գազի ստորգետնյա պահեստարաններից
եւ դրանց սպասարկման կառույցներից, «Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի
հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով»:
Գործող օրենքով անվերապահ է արգելվում վերոհիշյալ տարածքներում ցույցեր անցկացնելը,
իսկ այս փոփոխություններով ավելի մեղմ է սահմանափակումը՝ «կարող է արգելվել», եթե
կվտանգվեն հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը: Իհարկե,
վերջին՝ «այլոց» բառը տեղիք է տալիս փոքր-ինչ ազատ մեկնաբանության: Բացի այդ՝ արգելված
վայրերի ցանկից դուրս են եկել էներգետիկայի օբյեկտները, ջրային համակարգերը, երկաթուղու,
օդանավակայանների անվտանգության գոտիները: Գործող օրենքում նշված էր, թե կառավարությունը
պիտի սահմանի պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտները, որոնց տարածքներից
միայն որոշակի հեռավորության վրա կարելի է անցկացնել ցույցեր: Այժմ այդ օբյեկտները
սահմանվում են օրենքով: Սակայն 1-ին ընթերցման համեմատ՝ փոփոխություն է կատարվել
եւ այդ ցանկից դուրս են բերվել Կենտրոնական բանկը եւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը,
որոնք իրենց կարգավիճակով, փաստորեն, հավասարվել էին նախագահի նստավայրին: Վերջինս
էլի մնում է փաստացի «անձեռնմխելի» տարածք ցուցարարների համար: Ուղղակի եթե գործող
օրենքով հստակ սահմանվում էր, թե արգելվում է հրապարակային միջոցառում անցկացնել
նախագահի նստավայրից 150 մետրից պակաս հեռավորության վրա, այժմ արդեն ոստիկանության
հայեցողությանն է թողնվում հեռավորության որոշումը: Թե ինչպես նրանք կօգտագործեն
օրենքով իրենց ընձեռված այդ իրավունքը՝ կարելի է պատկերացնել: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել