Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԵՎԵԼՔԻ

Հոկտեմբեր 05,2005 00:00

ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՀԱՆԴԻՊՈՒՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Անմեղ լույս» ներկայացմամբ հանդես եկավ Սինգապուրի «Օդիսեյ» պարային թատրոնը: «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում հրավիրված թատրոնը զարմացրեց հայ հանդիսատեսին փայլուն տեխնիկայով, մուլտիմեդիայի ստեղծագործական օգտագործմամբ, սինգապուրյան քաղաքակրթության՝ պարային մեկնաբանմամբ: Հանդիպեցինք «Օդիսեյի» գեղարվեստական ղեկավար Դենի Թանի հետ: – Ինչո՞վ եք առաջնորդվում նոր պար բեմադրելիս: – Նախ ասեմ, որ հիմնականում ես եմ պարերը բեմադրում, բայց ինքս էլ ներգրավված եմ պարերում: Աշխատում եմ հանդիսատեսին տալ բոլոր այն զգացումները, ինչ ես եմ ապրում: – Ինչո՞վ է առանձնանում «Օդիսեյը» Սինգապուրի մյուս պարային թատրոններից: – Մենք մշտական աշխատող պարի թատրոն ենք Սինգապուրում: Այս փառատոնից անմիջապես հետո վերադառնալու ենք մեր երկիր՝ մասնակցելու ժամանակակից թատերական պարերի փառատոնին: Ինչպես գիտեք՝ Սինգապուրը բազմամշակութային երկիր է, եւ հույս ունենք, որ ձեր ժողովուրդը մեզ ավելի լավ կճանաչի ոչ միայն բեմադրության եւ պարերի վարպետության ասպարեզում, այլեւ մեր մտածելակերպի, փիլիսոփայության, աշխարհայացքի առումով, որ կարտահայտվի պարի լեզվով: – Ծանո՞թ եք հայկական մշակույթին: – Ոչ, առաջին անգամն եմ Հայաստանում: Բայց շատ երջանիկ էի՝ ստանալով հրավեր ձեր երկրից, որովհետեւ սա հնարավորություն է ծանոթանալու նոր մարդկանց, նոր՝ մեզ անծանոթ քաղաքակրթության հետ: Մշակույթը այն միջոցն է, որ միացնում է ժողովուրդներին: Ես համոզված եմ, որ մեր բազմամշակույթ արվեստը խորթ չի լինի նաեւ հայ հանդիսատեսին: – Ե՞րբ է ստեղծվել «Օդիսեյը», քանի հոգուց է բաղկացած: – Մեր թատրոնը հիմնադրվել է 1998-ին, 6 տարի է այս պրոյեկտն եմ ղեկավարում: Խմբում մշտապես աշխատում է 6-8 հոգի, բայց հիմնականում հրավիրված դերասաններ ունենք, որոնց թիվը հասնում է 18-20 հոգու: – Ներկայացումը կոչվում է «Անմեղ լույս»: Ի՞նչ եք ուզում դրանով ասել: – «Անմեղ լույսը» ժամանակակից գեղագիտության եւ խորհրդանշական ծիսակատարության յուրօրինակ սինթեզի միջոցով բացահայտում է Արեւելքի եւ Արեւմուտքի «հանդիպումը»: Այս ներկայացմամբ ուզում ենք շեշտել, որ անհատը միշտ ներքին ձգտում ունի դեպի լույսը: – Ուրիշ ի՞նչ փառատոների եք մասնակցել: – Բազմաթիվ, այդ թվում՝ Կորեայում, Ասիայում, Մալայզիայում, Ավստրալիայում եւ այլուր: Վերջինը Հայաստանինն էր: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել