Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՍԻԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 05,2005 00:00

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «Լիսկայի» թեկնածուն գործազուրկ է Առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին, Սյունիքի մարզի միանգամից վեց քաղաքներում՝ Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ագարակ եւ Մեղրի, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Առայժմ իրադարձություններն ավելի հետաքրքիր զարգացումներ են ստանում հատկապես Սիսիանում: Այստեղ տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Մենք արդեն առիթ ենք ունեցել նշելու, որ ինչպես Ալավերդիում Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն էր, Սիսիանում էլ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է գործող քաղաքապետի վերընտրության հիմնական խոչընդոտը: Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Լավրենտի Սարգսյանն ու գործազուրկ Վահրամ Սարգսյանը: Թե ինչու է մարզպետ Ս. Խաչատրյանը, որ ավելի հայտնի է իր «Լիսկա» մականունով, շահագրգիռ հատկապես Վահրամ Սարգսյանի ընտրության հարցում՝ տարբեր մեկնաբանություններ կան, որոնցից մեկն այն է, որ Վ. Սարգսյանն ավելի «լսող» քաղաքապետ կարող է լինել, քան այդ պաշտոնն արդեն երկու ժամկետ զբաղեցրած եւ երրորդ անգամ քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող Լ. Սարգսյանը: Թե որն է իր՝ մարզպետի բացատրությունը՝ ոչ երեկ, ոչ նախորդ օրերին մեզ չհաջողվեց պարզել: Պարոն Խաչատրյանը պարզվեց՝ արդեն մի քանի օր մարզպետարանում չէ: Իսկ թե որտեղ է՝ ասում են քաղաքապետի թեկնածու Լ. Սարգսյանի նախընտրական շտաբում, Սիսիանում է եւ համակարգում է Վ. Սարգսյանի ընտրության պրոցեսը: Իհարկե, մարզպետը դեմ չէր լինի, եթե Սիսիանի քաղաքապետ ընտրվեր նրա խորհրդականը՝ Սամվել Թանգյանը, բայց համայնքի դատարանն այլ որոշում էր ընդունել եւ մերժել էր նրան որպես քաղաքապետի թեկնածու գրանցել՝ Սիսիանում համապատասխան գրանցում չունենալու պատճառաբանությամբ: Հիմա, ինչպես քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Լ. Սարգսյանն ասաց, մարզպետի խորհրդական Ս. Թանգյանը, Սիսիանում «ԱրմենՏելի» մասնաճյուղի տնօրեն Աղասի Հակոբջանյանը, մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը մարզպետի գլխավորությամբ աշխատանքներ են տանում քաղաքում իշխանությունը Վահրամ Սարգսյանին փոխանցելու ուղղությամբ: Իհարկե, մի բան է քվեարկելը, այլ բան՝ ստացված քվեները հաշվարկելը: Մեր տեղեկություններով, այս իմաստով առավել բարենպաստ է գործող քաղաքապետի վիճակը: Ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովականների գերակշիռ հատվածը, ի դեմս իրենց ներկայացրած կուսակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանությունը», նաեւ ՀՀ ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը աջակցում են գործող քաղաքապետին: Դա նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներում 9 անդամներից գոնե 7-ը աշխատելու են գործող քաղաքապետի համար: Երեկ Լ. Սարգսյանի նախընտրական շտաբում մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ քաղաքապետը երրորդ անգամ էլ է վերընտրվելու, որ նրա հնարավորությունը գրեթե 100 տոկոս է: Որ ընտրապայքարն, իրոք, թեժ է՝ կասկած չկա: Նկատի ունենալով մարզպետի, քաղաքապետի, նաեւ կուսակցությունների՝ ընտրական տեխնոլոգիաներին լավ տիրապետելու փորձառությունը, մտավախություն կա, որ ընտրությունները զերծ չեն լինի ընտրախախտումներից, բայց Սիսիանում ավելի շատ կարեւորում են ընտրությունների խաղաղ՝ բախումներից զերծ ելքը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել