Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք

Հոկտեմբեր 05,2005 00:00

«Մենք պատրաստ ենք փոխանցելու մեր փորձը» Հոկտեմբերի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Այցի նախաշեմին նա բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը: – Որո՞նք եք ձեր ակնկալիքները Հայաստան կատարելիք այցից: – Սա լինելու է Լատվիայի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում մենք կստորագրենք երկկողմ համագործակցության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող մի քանի փաստաթղթեր: Մասնավորապես՝ կստորագրվեն համաձայնագրեր մաքսային համագործակցության եւ մշակութային փոխանակումների մասին: ՀՀ նախագահի հետ մենք կստորագրենք համատեղ հռչակագիր, որում կարտացոլվեն մեր համագործակցության առավել կարեւոր սկզբունքները: Մեր պատվիրակության կազմում ընդգրկված է գրեթե 50 գործարար, եւ այցի նախաշեմին նրանք զգալի հետաքրքրություն էին ցուցաբերում ձեր երկրի եւ փոխադարձ շփումների հաստատման նկատմամբ: Հայկական պետությունը հստակ ընտրություն է կատարել եվրոպական արժեքների օգտին: Այս տարի սպասվում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Գործողությունների ծրագրի հաստատումը: Մենք շահագրգռված ենք համագործակցել այդ ծրագրի իրագործման հարցում՝ Հայաստանին փոխանցելով ԵՄ-ին ինտեգրվելու մեր փորձը: Հայկական պետությունը, նրա ժողովուրդը, հնագույն մշակույթը եւ ավանդույթները մեծագույն եղբայրական զգացմունքներով են ընկալվում Լատվիայում: Ժամանակակից հայ գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը թարգմանվել էր լատիշերեն դեռեւս նախորդ դարի 20-ական թվականների սկզբին: Ականավոր հայ երաժիշտները, դերասանները, գրողները եւ գործարարները քաջ հայտնի են ողջ աշխարհում: – Արդյոք դուք իրատեսակա՞ն եք համարում Հարավային Կովկասի եւ բալթյան երկրների միջեւ «3+3» ձեւաչափով համագործակցություն սկսելը՝ մինչեւ մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծումը: – Մենք համագործակցել ենք «3+3» ձեւաչափով սկանդինավյան երկրների հետ, եւ դա շատ օգտակար էր մեզ համար՝ բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացներում: Ինչ վերաբերում է նոր ձեւաչափերին, ապա հավանական մասնակից երկրների միջեւ ձեռք է բերվել կոնսենսուս՝ քննարկվելիք հարցերի շուրջ: Իհարկե, մենք պատրաստ ենք փոխանցել դժվարին բարեփոխումներ իրականացնելու մեր փորձը: – Հայաստանը գտնվում է Սահմանադրության բարեփոխման գործընթացում, որի նպատակը դրա առավել համապատասխանությունն է եվրոպական չափանիշներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ջանքերը: – Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ է ժողովրդավարական պետության զարգացման համար: Այն ստեղծվում է երկարատեւ ժամկետով, սակայն սա չի նշանակում, որ այն պետք է անփոփոխ մնա ընդմիշտ: Երբ առաջանում է անհրաժեշտություն՝ Սահմանադրությունը կարող է փոփոխվել: Եվրոպական Միության չափանիշները համաշխարհային մակարդակի չափանիշներ են, եւ ես կասկածում եմ, որ ձեռնարկելով այսօրինակ փոփոխություններ՝ Հայաստանը կարող է գնալ սխալ ճանապարհով: – Հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը քննարկվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքում: – Թուրքիային առաջադրվող նախապայմանները եւ պահանջները «թեժ հարցեր» են: Ես կցանկանայի նշել, որ ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրները պետք է կիսեն այն արժեքների եւ սկզբունքների ըմբռնումը, որոնց վրա հիմնված է Միությունը: Նրանց պետք է միավորի պատմության միանման ընկալումը, եւ նրանք պետք է կառուցողական հարաբերություններ զարգացնեն իրենց հարեւանների հետ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏԻ» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել