Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ

Հոկտեմբեր 05,2005 00:00

ՉԵՄ ԼՍԵԼ, ՉԵՄ ՏԵՍԵԼ ՏԻՄ ընտրություններում խախտումների մասին ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: – «Արդարության» ներկայացուցիչները խոստանում են Ձեզ կանչել պատասխանատվության, քանի որ Կենտրոնի ընտրություններից առաջ տեղամասային հանձնաժողովների ղեկավարներին հրահանգել եք, որ անձնագրերը ստուգելու իրավունք տան միայն հանձնաժողովի երկու անդամի եւ ոչ վստահված անձանց: ԿԸՀ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, թե վստահված անձի լիազորությունների շրջանակներից դուրս է ընտրողի անձնագիրը ստուգելը: Սակայն «Ընտրական օրենսգրքի» 27/1 հոդվածի համաձայն՝ վստահված անձը ընտրական անդամներից որեւէ մեկի ներկայությամբ իրավունք ունի անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին: Ընտրողի անձնագիրն ընտրական փաստաթո՞ւղթ չէ: – Ընտրական փաստաթուղթ է համարվում նաեւ քվեաթերթիկը, որը եւս չեն կարող ստուգել (օրենքի վերոհիշյալ հոդվածը, սակայն, վստահված անձանց հնարավորություն է ընձեռում նույն կարգով ծանոթանալ նաեւ քվեարկած քվեաթերթիկներին.- Ա. Ի.): 27/1 հոդվածը սահմանում է, թե վստահված անձը իրավունք ունի «չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին՝ ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեատուփը հսկող անդամների կողքին եւ հետեւելու նրանց աշխատանքներին»: Այսինքն՝ վստահված անձը կարո՛ղ է այդ փաստաթղթերին ծանոթանալ՝ նստելով կամ կանգնելով հանձնաժողովի անդամի կողքին: Սակայն ընտրողից անձնագիր պահանջելու իրավունք ունեն հանձնաժողովի միայն երկու անդամներ՝ գրանցում կատարողը եւ քվեաթերթիկի վրա կնիք դնողը: Եթե չեն կարող կարդալ օրենքը եւ հասկանալ, թե ինչ է գրված՝ խորհուրդ կտամ ուսումնասիրել հայոց լեզվի կառուցվածքը: Եթե ունենք 80 ավագանու անդամի թեկնածու, համայնքի ղեկավարի 2 թեկնածու, տեղական կազմակերպություններից 8 դիտորդ ու միջազգային 2 դիտորդ՝ պատկերացնո՞ւմ եք ընտրողի վիճակը, եթե քվեարկությունից առաջ 92 մարդ ու հանձնաժողովի 7 անդամներն էլ ստուգեն նրա անձնագիրը: Եվ եթե որոշ կուսակցությունների զայրացնում է, որ հանձնաժողովները գործում են օրենքի սահմաններում՝ իրենց խնդիրն է: – Վերջին պնդումը բավական վիճահարույց է այն պայմաններում, երբ ՏԻՄ ընտրություններում ու մասնավորապես Կենտրոն համայնքում մատնանշվում են բազմաթիվ խախտումներ: – Միանգամից ասեմ, որ համաձայն չեմ «բազմաթիվ» բնորոշման հետ: ԿԸՀ-ն ստացել է ընդամենը 3 դիմում: Դրանք էլ սահմանված կարգի համապատասխան չէին կազմված՝ չկար հետադարձ հասցե: Բայց մենք այնուամենայնիվ պատասխանել ենք այդ դիմումներին: – Թվարկեմ որոշ խախտումներ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամեն 3 ժամը մեկ պարտավոր էր տվյալներ տրամադրել մասնակցության վերաբերյալ, սակայն ոչ մի անգամ չի տրամադրել: – ԸԸՀ-ն պարտավոր է եւ ԿԸՀ-ին տրամադրել է ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ: Վստահված անձինք ներկա գտնվելով ԸԸՀ-ում՝ ազատորեն կարող էին իմանալ այդ թվերը: – Բողոքներ էին ստացվել, թե բոլոր տեղամասային հանձնաժողովներում «Արդարության» ներկայացուցիչներին ուղղակի չեն տվել գրանցամատյանները, որտեղ սահմանված կարգի համաձայն պետք է կատարվեին գրառումներ խախտումների մասին: Սա խախտո՞ւմ չէ: – Եթե չեն տրամադրել՝ խախտում է: Բայց այդ դեպքում այս մասին պետք է լիներ գոնե մեկ դիմում՝ ավելին չեմ ասում: – «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի համաձայն՝ «արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Սակայն գործող թաղապետերից շատերը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձակուրդ չգնացին, շարունակեցին գործադրել իրենց լիազորությունները՝ դրանք ծառայեցնելով քարոզչական նպատակների: – Գոնե մեկ օրինակ բերեք: – Ասենք՝ աղբահավաք մեքենաների շքերթը Կենտրոն համայնքում: – Այսինքն՝ առաջարկում եք օրենքում ամրագրենք, որ եթե գործող թաղապետը նաեւ թեկնածու է՝ պիտի չկատարի՞ իր աշխատանքային պարտականությունները: Այո՛, նա չպիտի օգտագործի տեղական ինքնակառավարման միջոցներն իր քարոզչությունը կազմակերպելիս: Բայց մարդը ստացել է մեքենաներ, որոնք ցուցադրվել են: Պիտի չանեի՞ն: Կարծում եմ, դա «Ընտրական օրենսգրքի» պահանջների խախտում չէ: Եվ եթե խախտում էր՝ կարող էր վիճարկվել դատարանում: Նշեմ, որ քարոզչության առնչությամբ էլ ԿԸՀ-ն չի ստացել ոչ մի դիմում: – Մեկնաբանություններ եղան, որ «Ընտրական օրենսգրքում» արված փոփոխություններով խախտվում է գաղտնի քվեարկության սկզբունքը: Օրենսգրքի այն դրույթը, թե քաղաքացին մինչեւ քվեաթերթիկը քվեատուփը գցելը պետք է կնքելու տա hանձնաժողովի անդամին, որը պիտի համոզվի ընտրողի՝ տվյալ ընտրատեղամասում հաշվառված լինելու մեջ, հնարավորություն է տվել, որ ուղղակի բացեն ու նայեն քվեարկության արդյունքները, ինչը եղել է մասնավորապես «ՀԺ»-ի թղթակցի հետ: – Ես արգելել եմ քվեաթերթիկին ձեռք տալ՝ ասել եմ, որ քաղաքացին ինչ տեսքով դնի քվեաթերթիկը սեղանին, այդ տեսքով էլ պիտի կնիք դրվի: Բացառությունն այն դեպքերն են, երբ ծալված չէ քվեաթերթիկը: Եղել եմ մոտ 50 տեղամասերում, խոսել շուրջ 250 դիտորդների ու վստահված անձանց հետ՝ հավելենք նաեւ հանձնաժողովի անդամներին: Ու ոչ մեկից ոչ միայն գրավոր, այլ նաեւ բանավոր չեմ ստացել նման բողոք: Նաեւ չեմ տեսել նման բան: Թեեւ, եթե քվեարկությանը շուրջ 200 հազար մարդ է մասնակցում՝ հնարավոր է, որ լինեն նման 1-2 դեպքեր: Սակայն չի եղել ահազանգ զանգվածային բաց քվեարկության կամ հանձնաժողովների կողմից նման խախտումների վերաբերյալ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաեւ ընտրացուցակների խնդրին: Հարցազրույցի այդ հատվածը կներկայացնենք առանձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել