Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՑԵՔ

Հոկտեմբեր 05,2005 00:00

ՄԻԱՑԵՔ ԵՎ ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ «Համաձայնություն» քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Հայաստանի ներքաղաքական զարգացումները» թեմայով: Վերլուծելով արդեն կայացած ՏԻՄ ընտրությու նները՝ «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը փաստում է, որ իրականում ընտրություններին ընտրական իրավունք ունեցող անձանց 15 տոկոսն է մասնակցել: Ըստ նրա, մասնակիցների ներկայացվող 40-45 տոկոսները, հաղթած թեկնածուների 1/3-րդ ձայներն այն թվերն են, որոնք կազմում են կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախնական սցենարը: Նա կասկած չունի, որ Ռ. Քոչարյանն ամեն ինչ անելու է, որպեսզի հանրաքվեին «այո» ասվի. «Այդ հրահանգն իջեցվել է սեպտեմբերի 21-ի իր դիմում-ելույթով: Դա նշանակում էր՝ ես տեր եմ ձեր քրեական, բարոյական եւ ոչ բարոյական արարքներին»: Սրան հակակշիռ, պարոն Խաչատրյանը ողջունում է ընդդիմադիր 17 կուսակցությունների տեսակետների հստակեցումը եւ ըստ այդմ՝ համատեղ գործելու ցանկությունը, եթե շարունակությունը լինի սպառնալիք անօրինականությունների դեմն առնելու գործողությունները: Միակ մտահոգությունը դեռ չկողմնորոշվածներն են կամ այն կողմնորոշվածները, ովքեր չեն միացել 17-ի հռչակագրին: «Եթե որեւէ մեկը կմտածի, որ Քոչարյանի մտքով չի անցնում երրորդ անգամ ընտրվել, նա կարող է իրեն իշխանության թեւի մարդ համարել: Մոռացեք՝ թե սահման կա, որից այն կողմ անցնել չի լինի: Հաղթանակի միակ ձեւը համախմբումն ու կազմակերպված աշխատանքն է»,- կարծում է Վահագն Խաչատրյանը: Իշխանությանն ուղղված իր քննադատություններում Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մի համոզմունք էր արտահայտում՝ «կգա ժամանակը՝ պատասխան կտան»: Դրան ի պատասխան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վկայակոչելով 19-20-րդ դարերի ընթացքում Հայաստանի կրած կորուստները՝ հարցրեց. «Ո՞վ է պատասխան տվել»: Պարոն Հովհաննիսյանի այն կրկնվող արտահայտությանը, որ վաղուց է կորցրել հավատն այս իշխանությունների նկատմամբ, լիբերալ-դեմոկրատ Վիգեն Խաչատրյանն անընդհատ փորձում էր հստակեցնել, թե երբվանից է սկսվում Հ. Հովհաննիսյանի «վաղուցը»: Իր խոսքում պարոն Խաչատրյանը փաստեց, որ Հովհ. Հովհաննիսյանից «քիչ ավելի վաղուց» ինքը սկսել է մտահոգվել, թե ինչո՞ւ Հայաստանում քաղաքական դաշտը չի կայանում: «Գուցե պատճառներից մեկն այն է, որ գործող Սահմանադրությունը, որի հեղինակն ենք մենք, բացառե՞լ է այդ հնարավորությունը»,- տարակուսեց նա եւ հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքն էականորեն տարբերվում է ներկաների կարծիքից (նա, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում այդ փոփոխությունները): Իսկ ներկաներն այս բարեփոխումների բոյկոտի կողմնակիցներ էին: Պարոն Խաչատրյանը նոր, առողջ քաղաքական միտք է ուզում, քանի որ թե իշխանությանը, թե ընդդիմությանը համարում է «հասարակությանը նույն ձեւի վախեցնողներ»: Ուզում է, բայց մոտ ապագայում դրա ծնունդը չի տեսնում: Ավելին, կանխատեսում է, որ «այս իշխանությունը մի կռուգ իրեն վերարտադրելու է: Առաջիկա երեք տարում փոփոխություններ չեն լինի՝ Սահմանադրությունը կանցնի, կապ չունի, թե ինչպես: ԱԺ ընտրություններում ուժերի առանձնակի վերադասավորում չի լինի: Նախագահական ընտրություններում կունենանք անսպասելի նախագահ, նրա անունը ես էլ չգիտեմ, բայց ում մասին որ խոսում են, նա չի լինելու»: Ընդդիմությանն ուղղված իր գնահատականներում հատկապես անողոք էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Իշխանությունը լավ էլ աշխատում է: Իշխանության ֆունկցիան իշխանությունը պահելն է, նրանք այդ խնդիրը լավ էլ լուծում են: Ամեն ինչ պետք է ընդդիմության վատ աշխատանքում փնտրել: Կներեք, բայց ընդդիմությունն էլ լեգիտիմ չի, նրանց շուրջ էլ ժողովուրդը չի համախմբվում, որովհետեւ չի հավատում: Իրենք էլ չեն համախմբվում. մեկը դրսի ազդակներին է սպասում, մյուսը իշխանության հետ բազառ է անում… Ընդդիմությունը շատ ավելի վաղուց է իրեն սպառել»: Այս գնահատականներին չդիմացան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի նյարդերը. «Հավասարազոր պատասխանատու դարձնելը ճիշտ չէ: Ընդդիմությունը շատ դեպքերում ազնիվ մղումներով է փորձել գործել՝ որքանո՞վ է ստացվել… Ընդդիմությունն իր համար չի, որ փորձել է լավ բան անել, ուստի լավ կլիներ աջակցել նրանց, ոչ թե այս սեղանի շուրջ նստած փնովել: Հասարակության քաղաքական ակտիվությունից եւ մեր ներքին վարքագծից է կախված ամեն ինչ: Անցած իրադարձություններից մենք հետեւություններ արել ենք, ուստի եթե քննադատում եք՝ բարեկամաբար արեք դա»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել