Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք այլեւս «Հայեր» չեն

Հոկտեմբեր 05,2005 00:00

Yontown
Media Company of Arts գերմանական ընկերության պրոդյուսեր Ուլի Դել Անտոնիոն հայկական
ճանաչված խումբը վերանվանել է «HAyAH»: «Առավոտի» հետ հանդիպման
սկզբում Դել Անտոնիոն ասաց, որ «Հայերին» հետեւել է (խոսքը ստեղծագործական-բեմական
աճի մասին է) 2002-ից. «Բեռլինում ձեր չորս հայուհիները մասնակցելով միջազգային մրցույթին,
վերցրին գլխավոր մրցանակը: Այնուհետեւ մեկ տարի հետո ես նրանց հրավիրեցի մենահամերգի:
Իսկ արդեն այս օգոստոսին առաջարկեցի իմ՝ իբրեւ պրոդյուսերի, ծառայությունը»: Հետաքրքրությանը,
թե մեր աղջիկները, իրենց բեմական կյանքում չունենալով պրոֆեսիոնալ պրոդյուսեր, թեեւ
նրանց «առաջ էր տանում» երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ի՞նչ նոր աշխարհ մտան ձեր շնորհիվ,
մեր զրուցակիցն ասաց, որ հենց օդակայանում աղջիկներին դիմավորել է իրենց սեփական
մեքենան՝ դաջված «HAyAH», ուղեկցելով նոր տունը՝ բոլոր հարմարություններով: «Նրանց
հետ աշխատում են պարուսույց, երաժիշտներ, իմիջմեյքերներ: Վեց տարի Հայաստանում այս
խումբը կա, բայց չունեն ոչ մի CD: Կարճ ժամանակահատվածում, Գերմանիայում, դարձյալ
հատուկ իրենց համար առանձնացված ստուդիայում ձայնագրեցինք 18 երգ: CD-ն կթողարկվի
ԱՄՆ-ում, հետո կտարածվի Եվրոպայում, ապա՝ Հայաստանում»,- տեղեկացրեց Դել Անտոնիոն:
Նա հավաստիացրեց, որ խմբի անունը փոխված չէ. «Հակառակը, երկու կողմից կարդալու դեպքում
հնչում է «հայ» անունը, այնպես՝ ինչպես ժամանակին «ԱԲԲԱ»-ն էր: Շոու բիզնեսում երգչի
կամ խմբի անունն էլ է դեր խաղում: Այս ոլորտում մանրուքներ չկան: Իմ առաջարկած անունը
եվրոպական երկրներում ավելի հեշտ է արտաբերել: Առաջին օգոստոսյան համերգին՝ Գերմանիայի
խոշոր՝ «Օլիմպիա» ստադիոնում, որի մասնակիցները եվրոպական «Media» ընկերությունների
կողմից ներկայացված կատարողներ էին, աղջիկները ներկայացրին Հայաստանը»: Հարցին՝
փաստորեն վերջին տարիներին Հայաստանից այս խումբն առաջինն էր, որ ոտք դրեց եվրոպական
շոու բիզնես, որտե՞ղ է դասավորվելու խմբի հետագա «կյանքը». Գերմանիայո՞ւմ, թե՞ Հայաստանում,
պրոդյուսերը հայտնեց, որ, բնականաբար, աղջիկներն այլեւս պետք է երկարատեւ ժամանակահատված
բացակայեն Հայաստանից: «Այս անգամ մենք Հայաստան ենք եկել Բեռլինում՝ մեր ստուդիայում
այնպիսի երգեր ձայնագրելու համար, որտեղ անհրաժեշտ են հայկական ժողովրդական նվագարաններ:
Ուսումնասիրելով ձեր նվագարանները, յուրաքանչյուրի համար (դուդուկ, քամանչա, դհոլ,
քանոն) ես հատուկ վերցրել եմ միկրոֆոններ ու արդեն ձայնագրել ենք երգերի այդ հատվածները:
Եթե կարեւոր է, սա էլ նշեմ՝ հանձն առնելով խմբի պրոդյուսերի աշխատանքը, նախօրոք ես
ուսումնասիրել եմ հայոց պատմություն: Թողարկվելիք CD-ում կլինի նաեւ ցեղասպանությանը
նվիրված մեկ երգ անգլերենով՝ «համեմված» հայերեն բառերով»: Տեղեկացված լինելով
Հայաստանում «պիրատային» ճանապարհով անորակ CD-ներ ձեռք բերելու մասին, Դել Անտոնիոն
բարձրաձայնեց, որ այս «գործընթացը» բուռն կերպով ծավալված է Հայաստանում եւ Ռուսաստանում
ու իրենց ընկերությունը CD-ն թողարկելուց հետո պետք է հետեւողական լինի: «Մի բան
պետք է հասկանաք, որ CD-ից վճարվում են կատարողները, հեղինակները, դա նրանց աշխատանքն
է: Իսկ օրենսդրական դաշտը խստագույնս պետք է գործի այստեղ»,- նշեց պրոդյուսերը: Հետաքրքրությանը,
թե մեր աղջիկները ինչքա՞ն են վարձատրվում կամ կվարձատրվե՞ն եւ ինքը՝ պրոդյուսերը,
գոնե սկզբի համար ի՞նչ գումար է «դրել» խմբի համար, Դել Անտոնիոն պատասխանեց. «Հիշեք,
ոչ մի պրոդյուսեր չի ցանկանա կամ եթե բարձրաձայնի էլ, չհավատաք նրա բերած թվերին:
Ֆինանսը՝ ֆինանս, գործը՝ գործ: Մի մտածեք, ես եւ աղջիկները երկկողմանի գոհ կլինենք
միմյանցից»: Հոկտեմբերի 14-ին Գերմանիայու մ նշանակված է «HAyAH»-ի մենահամերգը,
որը շարունակություն կունենա եվրոպական այլ երկրներում: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել