Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ «կծկված-կուչ եկած» բուհերի

Հոկտեմբեր 05,2005 00:00

Ըստ
ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանի, բուհերի հավատարմագրման սկզբունքները Հայաստանում
վատը չեն: Բայց վատ են կիրառվում: Երեկ Ամերիկյան համալսարանում
ԱՄՆ-ից ժամանած Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի փորձագետների խմբի
(WASC) ղեկավար Ջեյմս Էպպլտոնը բացատրում էր, թե ինչպես է ամերիկյան բուհը հավատարմագրման
գործընթաց անցնում: Ըստ այդմ իմանում ենք, որ ամերիկյան բուհերը կարող են
հավատարմագրվել ըստ ցանկության, սակայն, ինչպես մեզ մոտ, այնտեղ էլ հեղինակության
խնդիր կա: Օրինակ, եթե ուզում ես աշխատել քո մասնագիտությամբ, կարող ես խնդիրներ
ունենալ աշխատանք գտնելու հարցում, եթե ավարտել ես չհավատարմագրված բուհ: Բացի այդ,
նահանգային եւ ֆեդերալ կառավարությունները կրթաթոշակ են տալիս միայն հավատարմագրված
բուհերին եւ այլն: ԱՄՆ-ում հավատարմագրումը մեկանգամյա գործընթաց չէ, այն պարբերաբար
թարմացվում է համապատասխան հանձնաժողովների կողմից, որի կազմում կան նաեւ համայնքի
ներկայացուցիչներ: Այն հիմնական 4 սկզբունքները, որոնցով ԱՄՆ-ում առաջնորդվում են
բուհերը հավատարմագրելիս (պարզել բուհի նպատակները եւ համոզվել, որ բուհն իսկապես
ի վիճակի է իրագործել իր առջեւ դրված խնդիրները, դասախոսը պետք է իրեն պատասխանատու
զգա հասարակության նկատմամբ, բուհը կրթությունը կիրառություն դարձնելու կարողություն
պետք է տա եւ այլն), պարզվում է, ունենք նաեւ մենք: Այլ հարց է, թե որքանով ենք այն
կիրառում: Ըստ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, «հարցը մեզ մոտ ամբողջական չէ
կիրառման տեսակետից, չափորոշիչներն անբավարար են կիրառվում: Այլապես մենք չէինք ունենա
այստեղ-այնտեղ կծկված-կուչ եկած ոչ պետական, բայց հավատարմագրված հաստատություններ»:
Այն բոլոր սկզբունքները, որ ունեն ամերիկացիները, պրն Ավետիսյանի պնդմամբ, գրեթե
նույնությամբ ունենք նաեւ մենք, բայց արդյունքում մեզ մոտ, օրինակ, ոչ մի պետական
բուհ հավատարմագրված չէ, իսկ ոչ պետականների պարագայում էլ կա կատարման պատշաճության
պակաս: «Ամբողջ խնդիրն այն է, թե դրանց տակ ինչ ենք հասկանում մենք եւ ինչ են հասկանում
իրենք: Ի՞նչ համամասնություններով են դրանք դրված եւ գնահատման հարցում ի՞նչ դերակատարում
ունեն՝ սա քննարկման հարց է՞: Եվ եթե Հայաստանում մասնագիտական կրթության գնահատման,
ատեստավորման չափանիշները մշակվում եւ իրականացվում են պետական լիազորված մարմնի
կողմից, արդյոք ճի՞շտ է մոտեցումը, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական
կրթության մասին» օրենքում պետք է բացակայի պետական հավատարմագրում եւ պետական նմուշի
դիպլոմ հասկացությունը, որը հանդիսանալու է հավատարմագրման ամփոփ փաստաթուղթը ամեն
սովորողի համար»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել