Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀՈՒՄԸ ՄԵ՞ՐՆ Է, ԹԵ՞ ՎԱՃԱՌՈՂԻՆԸ

Հոկտեմբեր 05,2005 00:00

Սուրճից
ու այլ ապրանքներից «մանր-մունր» շահումները ստանալու համար համառություն է պետք
Լայն սպառման արտադրանքի շուկան վերջին տարիներին հեղեղվել
է շահումներով: Սուրճ արտադրող բոլոր ընկերությունները, օրինակ, շահումով են աշխատում:
Շահում ենք 10 դրամանոց փուչիկից մինչեւ 10 դոլարանոց էլեկտրական ապարանք:
Շահում ենք, բայց ստանո՞ւմ ենք: Նկատենք՝ խոսքը վերաբերում է հատկապես էժանագին՝
մինչեւ 150-200 դրամանոց շահումներին: Բազմաթիվ անգամ ծանոթներից լսածով, ինչպես
նաեւ՝ անձնական փորձով համոզվել ենք, որ փոքր շահումները հիմնականում չեն հասնում
շահողին: Պատճառը, որը հիանալի «սերտել» են վաճառողները, հոգեբանական հիմք ունի՝
«դավադիտ» անել շահողին, մինչեւ կհրաժարվի դրանից: Կտրոնը ստանալուն պես բոլոր վաճառողները
միաբերան ասում են նույնը՝ «անցեք մեկ շաբաթից»: Անցնում ես, բայց հանկարծ պարզվում
է, որ «առաքիչը չի եկել», կամ ձեր շահած ապրանքից, ինչը կարող է լինել բաժակ, բացիչ
կամ կախիչ՝ «այս անգամ չեն բերել»: Հաջորդ շաբաթ էլ մի ուրիշ պատճառաբանություն՝
եւ արդեն անհարմար կզգաք այդքան էժան, երբեմն էլ՝ ձեզ համար ոչ այնքան անհրաժեշտ
շահումի մասին հիշեցնել. եղածը մեծ բան չէ, եւ նույնիսկ վաճառողների դեմքին է տպված,
որ չարժե դրա ետեւից ընկնել: Հաճախ էլ ստացվում է, որ ապրանքը գնել ես ոչ այն խանութից,
ուր ներկայացրել ես կտրոնը, եւ վաճառողի առաջին հարցին՝ «ստեղից ե՞ք առել», ստիպված
ստում ես, որ «անհարմար բան» չստացվի: Թեպետ շահում ստանալու հետ ոչ մի կապ չունի,
թե որտեղից ես ձեռք բերել ապրանքը: Արդյունքում՝ շահումների մի մասը դառնում է «անտեր»,
ու որոշ ժամանակ հետո դրանց տիրանում է վաճառողը եւ նվիրում ծանոթ-բարեկամներին:
Այս «նրբությունները» մեզ հետ կիսեց նաեւ ծանոթ վաճառողներից մեկը: Նրա աշխատատեղը
նշելն անիմաստ է, որովհետեւ նույն կերպ վարվում են նրա բոլոր գործընկերները: Զարմանալի
չէ, որ մի քանի խանութների վաճառողներին ուղղած մեր հարցին, թե «բոլոր շահումները
գտնո՞ւմ են իրենց հասցեատերերին», ստացանք միաբերան պատասխան՝ «իհարկե»: Իսկ պատահաբար
հանդիպած առաքիչներից ոչ մեկը չհիշեց դեպք, երբ վաճառողն իրեն վերադարձրած լինի շահումի
կտրոն՝ հասցեատեր չունենալու պատճառաբանությամբ: Որ շահումներն առավել գայթակղիչ
են դարձնում ապրանքատեսակը, բարձրացնում դրա մրցունակությունը՝ հասկանալի է: Բայց
ակամա խաբեության զոհ դարձած գնորդը կարող է այսկերպ հիասթափվել նույնիսկ առանց շահումի
էլ իրեն դուր եկած սուրճից կամ այլ սննդամթերքից: Ուրեմն պետք է մշակել շահումը տեղ
հասցնելու նոր մեխանիզմ: Ասենք՝ մատակարարվող հիմնական ապրանքի հետ շահման տակ դրված
ապրանքատեսակները մոտավոր քանակով ու հաշվով հանձնել խանութներին, հետո ետ ստանալ՝
ըստ կտրոնների թվի: Այսկերպ հաճախորդը «շահումը կստանա տեղում»՝ ինչպես գովազդվում
է: Սակայն պարզվեց, որ մեր այս առաջարկը գործնականում կիրառել հնարավոր չէ՝ մի շարք
պատճառներով: «Նախ՝ վաճառողները երկու շաբաթը մեկ փոխվում են, ումի՞ց ուզենք մեր
շահումները: Չէ՞ որ սուրճը մենք հանձնում ենք հիմնականում կանխիկով, իսկ շահումները
կանխիկով չեն վերցնի: Հետո էլ՝ տնօրեններն իրենք են հրաժարվում շահումները տալու
գործընթացին հետեւելուց: Մի հանգամանք էլ կա՝ ինչպե՞ս կարող ենք մոտավոր իմանալ,
թե 15 անուն շահում-ապրանքատեսակից որից ինչքան կշահեն: Իսկ իրենց խանութները լցնել
անթիվ-անհամար գնդակներով ու բացիչներով՝ ոչ մի տնօրեն չի համաձայնի, իսկ մենք փոքր
վաճառակետերի հետ էլ ենք աշխատում»,- պարզաբանեց «Կարդինալ» սուրճի ներկայացուցիչ
Տիգրան Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է վաճառողների անբարեխղճությանը, ապա
«դրան մենք էլ ենք տեղյակ, մեզ էլ են շատ անգամ բողոքում, որ շահումը չեն ստացել՝
հենց ձեր նշած պատճառաբանություններով: Մինչդեռ մենք աշխատում ենք պատվերով, այն
է՝ շաբաթը մեկ անգամ մեր ներկայացուցիչը մտնում է խանութ, ընդունում սուրճի պատվերն
ու կտրոնները, եւ հենց հաջորդ օրը դրանք հասնում են վաճառակետ: Թե հետո ինչո՞ւ չեն
հասնում շահողին՝ մեր մեղքը չէ, վաճառողներին վերահսկել չենք կարող, տուգանել՝ առավել
եւս. իրավասություն չունենք: Բողոքների դեպքում ընդամենը զգուշացնում ենք վաճառողին:
Դեպքեր են եղել, որ վաճառողը շահումը տվել է այն ժամանակ, երբ իմացել է, որ շահողը
պատմություն կսարքի դրանից»: Մեր զրուցակցի ասելով՝ «շատ լավ կլիներ, եթե շահումներն
ընդհանրապես վերանային, եւ ապրանքը շուկան գրավեր միայն իր որակով, դա մեզ ավելի
ձեռք կտար: Բայց որ բոլորը շահումով են աշխատում՝ մեր հրաժարվելը ճիշտ չի լինի»:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել