Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք փոխանցելու մեր փորձը»

Հոկտեմբեր 05,2005 00:00

Հոկտեմբերի 6-7-ին պաշտոնական
այցով Հայաստան կայցելի Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Այցի նախաշեմին
նա բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը: –
Որո՞նք եք ձեր ակնկալիքները Հայաստան կատարելիք այցից: – Սա լինելու է Լատվիայի նախագահի
առաջին պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում մենք կստորագրենք երկկողմ համագործակցության
զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող մի քանի փաստաթղթեր: Մասնավորապես՝
կստորագրվեն համաձայնագրեր մաքսային համագործակցության եւ մշակութային փոխանակումների
մասին: ՀՀ նախագահի հետ մենք կստորագրենք համատեղ հռչակագիր, որում կարտացոլվեն մեր
համագործակցության առավել կարեւոր սկզբունքները: Մեր պատվիրակության կազմում
ընդգրկված է գրեթե 50 գործարար, եւ այցի նախաշեմին նրանք զգալի հետաքրքրություն էին
ցուցաբերում ձեր երկրի եւ փոխադարձ շփումների հաստատման նկատմամբ: Հայկական
պետությունը հստակ ընտրություն է կատարել եվրոպական արժեքների օգտին: Այս տարի սպասվում
է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ
Գործողությունների ծրագրի հաստատումը: Մենք շահագրգռված ենք համագործակցել այդ ծրագրի
իրագործման հարցում՝ Հայաստանին փոխանցելով ԵՄ-ին ինտեգրվելու մեր փորձը: Հայկական
պետությունը, նրա ժողովուրդը, հնագույն մշակույթը եւ ավանդույթները մեծագույն եղբայրական
զգացմունքներով են ընկալվում Լատվիայում: Ժամանակակից հայ գրականության հիմնադիր
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը թարգմանվել էր լատիշերեն դեռեւս նախորդ
դարի 20-ական թվականների սկզբին: Ականավոր հայ երաժիշտները, դերասանները, գրողները
եւ գործարարները քաջ հայտնի են ողջ աշխարհում: – Արդյոք դուք իրատեսակա՞ն
եք համարում Հարավային Կովկասի եւ բալթյան երկրների միջեւ «3+3» ձեւաչափով համագործակցություն
սկսելը՝ մինչեւ մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծումը: –
Մենք համագործակցել ենք «3+3» ձեւաչափով սկանդինավյան երկրների հետ, եւ դա շատ օգտակար
էր մեզ համար՝ բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացներում: Ինչ վերաբերում
է նոր ձեւաչափերին, ապա հավանական մասնակից երկրների միջեւ ձեռք է բերվել կոնսենսուս՝
քննարկվելիք հարցերի շուրջ: Իհարկե, մենք պատրաստ ենք փոխանցել դժվարին բարեփոխումներ
իրականացնելու մեր փորձը: – Հայաստանը գտնվում է Սահմանադրության բարեփոխման
գործընթացում, որի նպատակը դրա առավել համապատասխանությունն է եվրոպական չափանիշներին:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ջանքերը: – Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ
է ժողովրդավարական պետության զարգացման համար: Այն ստեղծվում է երկարատեւ ժամկետով,
սակայն սա չի նշանակում, որ այն պետք է անփոփոխ մնա ընդմիշտ: Երբ առաջանում է անհրաժեշտություն՝
Սահմանադրությունը կարող է փոփոխվել: Եվրոպական Միության չափանիշները համաշխարհային
մակարդակի չափանիշներ են, եւ ես կասկածում եմ, որ ձեռնարկելով այսօրինակ փոփոխություններ՝
Հայաստանը կարող է գնալ սխալ ճանապարհով: – Հնարավո՞ր է, որ հայ-թուրքական
սահմանի վերաբացման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների
հաստատման հարցերը քննարկվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքում: – Թուրքիային
առաջադրվող նախապայմանները եւ պահանջները «թեժ հարցեր» են: Ես կցանկանայի նշել, որ
ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրները պետք է կիսեն այն արժեքների եւ սկզբունքների ըմբռնումը,
որոնց վրա հիմնված է Միությունը: Նրանց պետք է միավորի պատմության միանման ընկալումը,
եւ նրանք պետք է կառուցողական հարաբերություններ զարգացնեն իրենց հարեւանների հետ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏԻ» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել