Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՑԵՔ ԵՎ ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ

Հոկտեմբեր 05,2005 00:00

«Համաձայնություն»
քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Հայաստանի
ներքաղաքական զարգացումները» թեմայով: Վերլուծելով արդեն կայացած
ՏԻՄ ընտրությու նները՝ «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը փաստում է, որ իրականում
ընտրություններին ընտրական իրավունք ունեցող անձանց 15 տոկոսն է մասնակցել: Ըստ
նրա, մասնակիցների ներկայացվող 40-45 տոկոսները, հաղթած թեկնածուների 1/3-րդ ձայներն
այն թվերն են, որոնք կազմում են կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախնական սցենարը:
Նա կասկած չունի, որ Ռ. Քոչարյանն ամեն ինչ անելու է, որպեսզի հանրաքվեին «այո» ասվի.
«Այդ հրահանգն իջեցվել է սեպտեմբերի 21-ի իր դիմում-ելույթով: Դա նշանակում էր՝ ես
տեր եմ ձեր քրեական, բարոյական եւ ոչ բարոյական արարքներին»: Սրան հակակշիռ, պարոն
Խաչատրյանը ողջունում է ընդդիմադիր 17 կուսակցությունների տեսակետների հստակեցումը
եւ ըստ այդմ՝ համատեղ գործելու ցանկությունը, եթե շարունակությունը լինի սպառնալիք
անօրինականությունների դեմն առնելու գործողությունները: Միակ մտահոգությունը դեռ
չկողմնորոշվածներն են կամ այն կողմնորոշվածները, ովքեր չեն միացել 17-ի հռչակագրին:
«Եթե որեւէ մեկը կմտածի, որ Քոչարյանի մտքով չի անցնում երրորդ անգամ ընտրվել, նա
կարող է իրեն իշխանության թեւի մարդ համարել: Մոռացեք՝ թե սահման կա, որից այն կողմ
անցնել չի լինի: Հաղթանակի միակ ձեւը համախմբումն ու կազմակերպված աշխատանքն է»,-
կարծում է Վահագն Խաչատրյանը: Իշխանությանն ուղղված իր քննադատություններում
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը
մի համոզմունք էր արտահայտում՝ «կգա ժամանակը՝ պատասխան կտան»: Դրան ի պատասխան,
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վկայակոչելով 19-20-րդ դարերի
ընթացքում Հայաստանի կրած կորուստները՝ հարցրեց. «Ո՞վ է պատասխան տվել»: Պարոն Հովհաննիսյանի
այն կրկնվող արտահայտությանը, որ վաղուց է կորցրել հավատն այս իշխանությունների նկատմամբ,
լիբերալ-դեմոկրատ Վիգեն Խաչատրյանն անընդհատ փորձում էր հստակեցնել, թե երբվանից
է սկսվում Հ. Հովհաննիսյանի «վաղուցը»: Իր խոսքում պարոն Խաչատրյանը փաստեց, որ Հովհ.
Հովհաննիսյանից «քիչ ավելի վաղուց» ինքը սկսել է մտահոգվել, թե ինչո՞ւ Հայաստանում
քաղաքական դաշտը չի կայանում: «Գուցե պատճառներից մեկն այն է, որ գործող Սահմանադրությունը,
որի հեղինակն ենք մենք, բացառե՞լ է այդ հնարավորությունը»,- տարակուսեց նա եւ հայտարարեց,
որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքն էականորեն տարբերվում է ներկաների
կարծիքից (նա, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում այդ փոփոխությունները): Իսկ
ներկաներն այս բարեփոխումների բոյկոտի կողմնակիցներ էին: Պարոն Խաչատրյանը նոր, առողջ
քաղաքական միտք է ուզում, քանի որ թե իշխանությանը, թե ընդդիմությանը համարում է
«հասարակությանը նույն ձեւի վախեցնողներ»: Ուզում է, բայց մոտ ապագայում դրա ծնունդը
չի տեսնում: Ավելին, կանխատեսում է, որ «այս իշխանությունը մի կռուգ իրեն վերարտադրելու
է: Առաջիկա երեք տարում փոփոխություններ չեն լինի՝ Սահմանադրությունը կանցնի, կապ
չունի, թե ինչպես: ԱԺ ընտրություններում ուժերի առանձնակի վերադասավորում չի լինի:
Նախագահական ընտրություններում կունենանք անսպասելի նախագահ, նրա անունը ես էլ չգիտեմ,
բայց ում մասին որ խոսում են, նա չի լինելու»: Ընդդիմությանն ուղղված իր գնահատականներում
հատկապես անողոք էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Իշխանությունը լավ էլ աշխատում է:
Իշխանության ֆունկցիան իշխանությունը պահելն է, նրանք այդ խնդիրը լավ էլ լուծում
են: Ամեն ինչ պետք է ընդդիմության վատ աշխատանքում փնտրել: Կներեք, բայց ընդդիմությունն
էլ լեգիտիմ չի, նրանց շուրջ էլ ժողովուրդը չի համախմբվում, որովհետեւ չի հավատում:
Իրենք էլ չեն համախմբվում. մեկը դրսի ազդակներին է սպասում, մյուսը իշխանության հետ
բազառ է անում… Ընդդիմությունը շատ ավելի վաղուց է իրեն սպառել»: Այս գնահատականներին
չդիմացան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի նյարդերը.
«Հավասարազոր պատասխանատու դարձնելը ճիշտ չէ: Ընդդիմությունը շատ դեպքերում ազնիվ
մղումներով է փորձել գործել՝ որքանո՞վ է ստացվել… Ընդդիմությունն իր համար չի,
որ փորձել է լավ բան անել, ուստի լավ կլիներ աջակցել նրանց, ոչ թե այս սեղանի շուրջ
նստած փնովել: Հասարակության քաղաքական ակտիվությունից եւ մեր ներքին վարքագծից է
կախված ամեն ինչ: Անցած իրադարձություններից մենք հետեւություններ արել ենք, ուստի
եթե քննադատում եք՝ բարեկամաբար արեք դա»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել