Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը

Հոկտեմբեր 04,2005 00:00

Հայերը բերեցին Կրեմերին Ինչը չհաջողվեց վրացիներին ու ադրբեջանցիներին «21-ի հեռանկարներ» 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը «Ա. Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային դասական արվեստի աստղերի այս տարվա շքերթը այսօր կեզրափակի «Կրեմերատա Բալթիկա» ճանաչված կամերային նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ ջութակահար Գիդոն Կրեմերի ելույթով: Երեկ «Արմենիա Մարիոթում» հրավիրված ասուլիսում հաստատվեց մեր այն տեղեկությունը, որ Գ. Կրեմերի համար լրագրողները ոչ միայն հաճելի չեն, այլեւ նա չի ուզում տեսնել եւ ոչ մի լրագրողի դեմք ընդհանրապես: Ջութակահարի փոխարեն ասուլիսին մասնակցեցին նվագախմբի երաժիշտներ Ուլա Ուլիոնան (ալտահարուհի) եւ Անդրեյ Պուշկարյովը (հարվածային գործիքներ): Նշենք, որ 8-ամյա «Կրեմերատա Բալթիկայի» եւ նրա գեղարվեստական ղեկավարի առաջին այցն է տարածաշրջան: Այս առիթով մեր հետաքրքրությանը «21-ի հեռանկարների» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղօրոք պլանավորված էին երաժիշտների հյուրախաղերը Թբիլիսի եւ Բաքու: Մինչեւ վերջին պահը իրենք ունեցել են կասկած՝ երաժիշտների ժամանման հետ կապված. «Կարճ ասած՝ մեր ջանքերի եւ հիմնականում ընկերական կապերի շնորհիվ նվագախումբն ու մաեստրոն երեկ գիշեր Սիբիրից չարտոնված թռիչքով ժամանեցին Հայաստան: Ավելին, նվագախմբի իտալացի մենեջերի խոսքերով, 5 տարի այլեւս այս կոլեկտիվը մուտք չի գործի տարածաշրջան»: Ու. Ուլիոնայից եւ Ա. Պուշկարյովից հետաքրքրվեցինք՝ ելնելով երեւանյան հայտագրից, որտեղ չկա ոչ մի հայ կոմպոզիտորի երկ, այլ դասական ճանաչված կոմպոզիտորների շարքում կհնչի նաեւ վրացի ճանաչված կոմպոզիտոր Գիա Կանչելիի երկը, ինչպե՞ս է, որ վերջինս Թբիլիսիում չկարողացավ իրականացնել արդեն պլանավորված ձեր համերգը, երաժիշտները տեղեկացրին, որ վրաց կոմպոզիտորը հատուկ ժամանելու է երեւանյան իրենց համերգին, իսկ հարցի սպառիչ պատասխանը կարող է տալ միայն իրենց ղեկավարը՝ Գ. Կրեմերը: Մեր հաջորդ հետաքրքրությանն էլ կիսով չափ բավարարեցին երաժիշտները: Նկատեցինք, որ ԽՍՀՄ տարիներին մենք՝ այդ երկրի քաղաքացիներս, անգիր գիտեինք Միությունում եւ արտասահմանում անցկացվող երաժիշտ-կատարողների մրցույթների մասին: Այսօր Գիդոն Կրեմերի մակարդակի երաժիշտները թերահավատությամբ են արտահայտվում ԽՍՀՄ երկրներում եւ արտերկրում վերջին տարիներին անցկացվող «ոչ տրադիցիոն» մրցույթներին: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ու. Ուլիոնան եւ Ա. Պուշկարյովը կարեւորեցին երիտասարդ տարիքում մրցույթներին մասնակցելու անհրաժեշտությունը: Նրանք իրենց օրինակով հավաստիացրին, որ դրանք մեծ հաշվով «նյարդերի մրցակցություն» են: Բացառապես Բալթյան երկրներից կազմված կամերային նվագախմբի երաժիշտներից փորձեցինք գոնե թերի ստանալ հետեւյալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ իրենց ղեկավարը խորհրդային շրջանում մոտ 10 տարի զրկված էր արտերկրում ելույթներ ունենալուց: «Մենք այդ մասին առաջին անգամ ենք լսում: Այս հարցի պատասխանը իրավասու է տալ միայն մաեստրոն»,- եղավ պատասխանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել