Գիտաժողով՝ տարբեր «դեմոկրատիաների» մասին Անցումային շրջանի երկրների սահմանադրական զարգացումները եւ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրները հարցի քննարկմամբ հոկտեմբերի 1-ին շարունակվեց երեւանյան միջազգային 10-րդ խորհրդաժողովը: Զեկուցումներով հանդես եկան Լատվիայի ՍԴ նախագահ Այվարս Էնդզինշը («Իրավական վստահության սկզբունքի կիրառումը հասարակական-քաղաքական տրանսֆորմացիայի հանգամանքների ներքո»), ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինս, նկարագրելով Հայաստանի ետխորհրդային զարգացումները, նշեց, որ ներկայիս Սահմանադրությունն ընդունվեց «խորհրդային ռեժիմի որոշ թյուր կարծիքների հիման վրա»: Եվ որ «էական արժեքները սերնդային իմաստավորում չունեցան»: Տ. Թորոսյանը նկատեց, որ 1995-ի Սահմանադրությունը նախագահին օժտել էր մեծ լիազորություններով, «ինչի արդյունքում իշխանության տարբեր թեւերի տարանջատման սկզբունքը ոտնահարվեց»: Չնայած սահմանադրական փոփոխությունների բոլոր առավելություններին ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց մեր հյուրերին, որ նախագիծը արժանացել է «կուսակցությունների սառը վերաբերմունքին»: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը կարեւորեց քաղաքական այն ուժերի դերը, որոնք կստանձնեն սահմանադրության ընդունման գործընթացը: Նա մտահոգություն հայտնեց քաղաքական հեռանկարի առթիվ. այն դեպքում, եթե գործող նախագահը մնալու է 2008 թվականից հետո: Հրավիրյալները չծափահարեցին միայն Պարույր Հայրիկյանի ելույթի ժամանակ: Նա հիշեց, թե ինչպես 18 տարի առաջ վրացի եւ ուկրաինացի ընկերների հետ Երեւանում «մի փորձ արվեց մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհը գտնելու»: Ինը իրավապաշտպաններից երեքը իրենց երկրներում հետագայում դարձան ազգային հերոսներ, չնայած տարօրինակ զուգադիպությամբ զոհվեցին ավտովթարից կամ սահմանի վրա. Չեռնովը, Կոստավան եւ Գորգիսյանը: Պ. Հայրիկյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները վտանգի տակ են, քանի որ 17 կուսակցություն «միավորվել են «ոչ» ասելու համար»: Ըստ նախկին քաղբանտարկյալի՝ «մեզ խանգարողն այն է, որ համակերպվել ենք, թե տարբեր երկրներում դեմոկրատիան տարբեր է: Սովետական դեմոկրատիայից հրաժարվեցինք, հիմա էլ դը Գոլի կիսանախագահական դեմոկրատիային ենք հարում»: Ելույթի վերջում դիմելով 25 երկրների ՍԴ նախագահներին, առաջարկեց «Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիր» ունենալ: «Հայաստանից 259 դիմում է ուղարկվել Եվրոպական դատարան, բայց ոչ մի դիմում չի քննվել»,- X-րդ միջազգային խորհրդաժողովում հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին 10 տարում ՀՀ ՍԴ՝ գործադիր իշխանությունների կողմից ոչ մի դիմում չի ստացվել: Իսկ 8 դիմումներ էլ ստացվել են նորմատիվ ակտերի սահմանադրության հարցով: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ