Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՆԵՐԻ

Հոկտեմբեր 04,2005 00:00

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԵՐԿՍԱՅՐԻ ՍՈՒՐ Այսօր, հավանաբար, ԱԺ-ում կքննարկվի ավանդների վերադարձի մասին օրինագիծը ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը մեր հարցին՝ ո՞ւմ հաղթանակն էր ավանդների վերադարձման հարցն ԱԺ օրակարգում ընդգրկելը, ասաց. «Հաղթանակները շատ տերեր են ունենում, իսկ պարտություններն անտեր են: Այսօր շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերի աջակցությամբ, բոլորի համաձայնությամբ կարողացանք հասնել հարցի քննարկմանը: Ես սա համարում եմ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատ մարդկանց համատեղ հաղթանակը»: Մեր հարցին՝ արդյոք կոալիցիայի այս համատեղ որոշումը կապվա՞ծ է առաջիկա սահմանադրական հանրաքվեի «այո»-ն ապահովելու նպատակին, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Չէի ասի նման բան, որովհետեւ դուք ներկա եք եւ գիտեք, որ այս հարցը շարունակ բարձրացվում էր»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մեկնաբանությամբ՝ իր կուսակցության դիրքորոշումը երբեմն շատ ավելի սկզբունքային է լինում եւ շատ ավելի գործնական. «Այսօր օրակարգ մտած հարցը նշանակում է, որ գործընթացը կարագացվի, եւ հնարավոր կդառնա 2006-ից սկսել ինչ-որ չափով ավանդների բաց թողնում: Իմ գլխավոր սկզբունքն այն է, որ չափերն այնպիսին պիտի լինեն, որ հնարավոր լինի տվյալ ընտանիքի որեւէ վերքի բուժումը»: Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, թե կոալիցիան իրենից վախեցավ եւ հարցը մտցրեց օրակարգ: Գալուստ Սահակյանը նկատեց. «Հոգեկան նկրտումները չեմ ուզում վերլուծել»։ Իսկ սահմանադրական հանրաքվեի «այո»-ն ապահովելու նպատակով ավանդների հարցը հրապարակ իջեցնելու մեր կասկածները Գալուստ Սահակյանը չի կիսում: Նա վստահ է, որ մեր ժողովուրդը այնքան էլ «միայն հացիվ» ապրող ժողովուրդ չէ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն էլ չի կարծում, թե ավանդների հարցի լուծումը կնպաստի հանրաքվեի «այո»-ին կամ «ոչ»-ին»: Ընդհանրապես, Դաշնակցության պահվածքն այս հարցում առանձնապես ոգեւորված չէիր որակի: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նույնիսկ համաձայնել է համահեղինակ լինել ներկայացված նախագծին, քանի որ դրանում ընդգրկված են իր իսկ կողմից ներկայացված օրինագծի շատ դրույթներ: «Ազգային միաբանություն» խմբակցության դիրքորոշումը, ըստ Ալեքսան Կարապետյանի, այն է, որ ավանդների վերադարձման հարցը պետք է լուծվի, եւ ամենեւին կապ չունի, թե դա ո՞ւմ հաղթանակի արդյունքն է. «Կարեւորը՝ հարցը լուծվի, ի՞նչ նշանակություն ունի, թե ով եղավ դրա տերը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել