Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Հոկտեմբեր 04,2005 00:00

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ Կառավարությունը ԱԺ-ին նոր փաթեթ է առաջարկում «Այս երկրում ծնունդը պետք է խրախուսվի պետականորեն: Յուրաքանչյուր ծնունդ պետք է նյութական աջակցության արժանանա. շփվում ենք երիտասարդների հետ, պարզվում է՝ մարդիկ չեն կարողանում ընտանիք ստեղծել սոցիալական վիճակի պատճառով»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ «Պետական նպաստների մասին» օրենքի քննարկման ժամանակ: Երեկ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց սոցիալական բնույթի օրենքների փաթեթը: Այն ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ հիշեցրեց, որ սոցիալական ոլորտին տրվող առաջնահերթությունը բխում է 2003 թվականին կոալիցիոն կառավարության գործունեության ծրագրից, իսկ դրանում արդեն իսկ ընդգծված էր սոցիալական ոլորտի առաջնահերթությունը. «Եվ կոալիցիայի հուշագրում նույնպես դա շեշտված է: Այնպես որ, մենք ընդամենը անում ենք գործունեության ծրագրով նախատեսված աշխատանքը, պարզապես կուտակվել է բավական մեծ օրենսդրական փաթեթ: Եվ այս առումով էլ պետք է ասեմ, որ ինձ համար գոնե ընդունելի չէ կառավարությունը բաժանել մասերի, գնահատականներ տալ այս կամ այն անհատին, սա ամբողջ կառավարության աշխատանքն է»: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ: «Պետական նպաստների մասին» օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություն ներկայացրել էր միայն «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Իսկ առաջարկության իմաստն այն էր, որ ընտանեկան նպաստների չափը հասցվի նվազագույն սպառողական զամբյուղի գոնե 70 տոկոսին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ 2006-ի բյուջեի ծրագրերով նպաստի չափը կկազմի մոտ 60 տոկոսը: Աղվան Վարդանյանը շեշտեց, որ վերջին երկու տարում երեխաներին տրվող նպաստների ոլորտում լուրջ փոփոխություններ են արձանագրվել. «Օրինակ՝ 2 տարի առաջ ամեն ծնված երեխայի համար պետությունը նպաստ էր վճարում 5900 դրամ, իսկ այսօր այդ գումարը հասցված է 35 հազարի, իսկ եթե երեխան ծնվել է անապահով ընտանիքում, ապա այդ ընտանիքը ստանում է եւս 35 հազար դրամ»: Պարոն Վարդանյանը հիշեցրեց, որ 20 հազարական դրամ այսուհետեւ ստանալու են անապահով ընտանիքների առաջին դասարանցի երեխաները: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել