ԸՕ-ն եւ Քաղդատօր.-ը իրար հակասում են Սեպտեմբերի 29-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ, բավարարել էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետի թեկնածու Արայիկ Քոթանջյանի հայցն ընդդեմ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման, որով ԸԸՀ-ն անվավեր էր ճանաչել Քանաքեռ-Զեյթունի թաղապետի ընտրությունները եւ հոկտեմբերի 2-ին վերաքվեարկություն էր նշանակել: Դատարանը Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ԸԸՀ որոշումը անվավեր էր ճանաչել, թաղապետի ընտրությունները համարել էր կայացած, իսկ թաղապետի թեկնածու Արայիկ Քոթանջյանին ճանաչել որպես ընտրված թաղապետ: Սակայն, առանձին շահագրգիռ շրջանակներ շարունակում են կարծիք հայտնել, թե կայացված որոշումն ապօրինի է, որովհետեւ գործող «Ընտրական օրենսգրքի» հոդված 40-ի («Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելը») 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է. «Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել՝ առաջին ատյանի դատարան՝ գյուղական համայնքների դեպքում, 2) վերաքննիչ դատարան՝ քաղաքային համայնքների (Երեւանի թաղային համայնքների) դեպքում»: Այդուհանդերձ, պատկան մարմինների հետ խորհրդակցելուց հետո պարզ դարձավ մի շատ ավելի հետաքրքիր հանգամանք. գործող «Ընտրական օրենսգրքի» հիշյալ հոդվածը հակասում է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» հոդված 86-ին, որտեղ սահմանված է, որ քաղաքացիական վեճերը քննվում են քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում։ Ա. Քոթանջյանի հայցն ի սկզբանե ուղղված է եղել հենց Վերաքննիչ դատարանին, բայց վերջինս այն վերահասցեագրել է 1-ին ատյանի դատարանին` թերեւս հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի հոդված 24-ի («Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ստորադասությունը») 3-րդ մասը՝ «Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը»: Հենց այդ հիմքով էլ Ա. Քոթանջյանի հայցը քննվել է ոչ թե ԸՕ-ի, այլ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» պահանջների շրջանակներում: Սեփ. լր.