Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի

Հոկտեմբեր 04,2005 00:00

Նախարարի եղբոր ծանր բեռը Երեկ խորհրդարան «գործի» էր եկել պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանը Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա հերքեց 30 մլն դոլար գումարի հայտարարագրման փաստը. «Այդքան չի եղել»,- ասաց Սաշիկ Սարգսյանը, սակայն չհերքեց, որ խոսքը ոչ թե հազարների, այլ միլիոն դոլարների մասին է: «Թիվ չեմ ասի, բայց փող ունեմ, իսկ ինչի՞ պիտի չունենայի: Բիզնես եմ ունեցել, հիմա էլ ունեմ, փող էլ ունեմ, խի՞ պիտի չունենամ, ումի՞ց եմ պակաս, որ չունենամ»,- ասաց նա, նաեւ անկեղծորեն խոստովանեց, որ զբաղվում է բիզնեսով. «Ես ոչ մեկից ոչ մի բան թաքցնելու չունեմ, ես ունեմ ֆիրմա, զբաղվում եմ բիզնեսով, «Մուլտի Լիոն» ֆիրմայի 50 տոկոսը իմն է, ոչ մեկի չեմ ծախել, չեք հավատո՞ւմ, վաղը թղթերը բերեմ՝ ապացուցեմ»: Թղթակիցը հիշեցրեց, որ պատգամավորներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրությամբ, նա պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, ես անձամբ չեմ զբաղվում, ունեմ մարդիկ, ովքեր զբաղվում են, ես այդ ֆիրմայի պատվավոր նախագահն եմ»: Պաշտպանության նախարարի եղբայրը մտավախություն չունի, որ շատ ու անհարգելի բացակայությունների պատճառով իրեն կարող են զրկել պատգամավորական մանդատից, Ալեքսանդր Սարգսյանը նկատեց. «Դուք մոռանում եք, որ ես ամենաշատը ամառային արձակուրդներին էի գտնվում դրսում: Ամեն տարի ազատ ժամանակ գնում եմ, թաքցնելու բան չունեմ, բա ո՞նց է, որ առաջ գնում էի Անգլիա, Գերմանիա, ոչ մի նման խոսակցություն չկար, հիմա ի՞նչ է պատահել»: Ալեքսանդր Սարգսյանը հերքե ց նաեւ այն լուրերը, թե ամեն ինչ վաճառում է եւ մեկնելու է Հայաստանից. «Ապրելու եմ Հայաստանում, ես ՀՀ քաղաքացի եմ: Ես, լինելով ԱԺ պատգամավոր, կարծում եմ, որ այս երկիրը տոտալիտար երկիր չի, եթե դուք հավատում եք այդ ասեկոսեներին, որ այս երկիրը տոտալիտար երկիր է, եւ ես կարող եմ ինչ-որ մեկից փախնել, սխալվում եք»: «Ա1+»-ի հարցին՝ արդյոք Ալեքսանդր Սարգսյանի կարծիքով Հայաստանը ժողովրդավարակա՞ն երկիր է, նա պատասխանեց. «Այո, ես որպես պատգամավոր հայտարարում եմ, որ այս երկիրը ժողովրդական երկիր է»: Այս զրույցի ընթացքում պարզվեց նաեւ, որ դժվար է լինել պաշտպանության նախարարի եղբայր. «Գիտե՞ք, շատ վատ բան է: Այսքան ասեկոսություններ կան, ոչ մեկի հանդեպ էդքան խոսակցություններ չկան, ինչքան իմ հանդեպ»: «Ա1+»-ին պատասխանելով՝ Ալեքսանդր Սարգսյանը պարզաբանեց, որ հանցագործ աշխարհում ոչ մեկի հետ խնդիր չունի. «Ես ոչ մի գողական աշխարհի հետ չեմ շփվել ու ոչ մեկի հետ էլ պրոբլեմ չունեմ, եթե չեմ շփվել, ի՞նչ պրոբլեմ պիտի ունենամ»: Իսկ պաշտպանության նախարար ավագ եղբայրը Սաշիկ Սարգսյանի համար ոչ թե եղբայր է, այլ՝ ծնող. «Մեր ընտանիքը շատ տրադիցիոն ընտանիք է, ես, որպես մեծ եղբայր, միշտ էլ ընդունել եմ նրա ասածները, ինքը ինձ որպես ծնող է, ինքը ինձ չի նեղում, ինքը գիտի, որ սուտ են այդ ասեկոսեները. ինքը ինձ վստահում է: Արյունը ջուր չի դառնում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել