ՉԿԻՍԱԾ ԳՈՒՄԱՐԸ՝ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՊԱՏՃԱՌ Նոր Հաճնի բնակիչներն «Առավոտին» նոր մանրամասներ պատմեցին, թե որոնք էին պատճառներն իրենց քաղաքապետի եւ Արզնիի էլցանցի տնօրենի ընդհարման, որն ավարտվեց գնդակահարությամբ: Սեպտեմբերի 24-ին կատարված այս սպանության շարժառիթ ներկայացվեց ոչ միայն էլեկտրացանցի տնօրենի առաջադրվելու մտադրությունը, այլ նաեւ այն, որ քաղաքապետ Արմեն Քեշիշյանն էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին արգելել էր կառուցել մի շինություն՝ իրեն չպատկանող հողատարածքում, իսկ Մխիթարյանը պնդել, թե այն պետք է կառուցվի: «Առավոտի» աղբյուրները (նշենք, որ այդ անձանց տվյալները չենք հրապարակում զուտ տվյալ մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով) պնդում են, թե հակասությունների պատճառ է դարձել նաեւ Նոր Հաճնը ներառող թիվ 44 ընտրատարածքում 2004-ի սեպտեմբերի 20-ին կայացած ընտրություններին առնչվող մի պատմություն: Մեր զրուցակիցները եւս մեկ անգամ նշեցին, թե Աշոտ Մխիթարյանի անձնական գումարների հաշվին էր նաեւ, որ Արմեն Քեշիշյանը դարձավ Նոր Հաճնի քաղաքապետ: Ակնկալվում էր, թե այս ծառայության դիմաց Աշոտ Մխիթարյանը կզբաղեցնի փոխքաղաքապետի պաշտոնը, սակայն նշանակմանը խոչընդոտեց մարզպետը: Դրանից հետո մանկության այս ընկերների միջեւ գնալով խորացավ անջրպետը: Աշոտ Մխիթարյանը հաճախակի էր անձնական վիրավորանքներ հասցնում քաղաքապետին: Իսկ այս ընտրություններից դեռ 3-4 ամիս առաջ էլ զենքի գործադրման սպառնալիքով պահանջել էր, թե Արմեն Քեշիշյանը չպետք է դնի իր թեկնածությունը. «Որ իմը հանել ես տվել՝ դո՛ւ էլ պիտի հանես»: Հակասությունների մինչ այժմ չհրապարակված պատճառն, ըստ մեր զրուցակիցների, հետեւյալն էր: Աշոտ Մխիթարյանն ուշացումով պարզել էր, որ 2004-ի ընտրություններում քաղաքապետը գումար է ստացել հիմնական մրցակիցներից մեկից, որ աշխատի նրա համար, ձայներ հավաքի: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր դարձավ «SAS» գրուպի նախագահ Արտակ Սարգսյանը, իսկ նրա հիմնական մրցակիցը գործարար Արայիկ Հայրապետյանն էր, որին են պատկանում «Լավանդա» դեղատունը, «Մարիաննա» նավ-ռեստորանը եւ այլն: Աշոտ Մխիթարյանն այս ընտրատարածքում լուրջ դեր էր ունեցել 2003-ի ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններում: Նրան համարում էին քաղաքի ոչ պաշտոնական ղեկավարը, ուստի էլցանցի պետը զգալի դերակատարություն էր ունեցել նաեւ 2004-ի ընտրություններում: Հետո այդ թեկնածուն Աշոտ Մխիթարյանին դժգոհել էր, թե այդքան փող է տվել, սակայն նրա համար չհավաքեցին ձայներ: Էլցանցի տնօրենը վրդովվել էր: Եվ երբ պարզել էր, որ այդ գումարը տրամադրվել է քաղաքապետին՝ առերեսում էր կազմակերպել մի «վետեռոկ»-ում: «Ուզբո (քաղաքապետի մականունն է.- Ա. Ի.), փո՞ղ ես վերցրել»,- ու պատասխան չստանալով՝ ապտակել: … Նոր Հաճնի բնակիչները, սակայն, մտավախություն ունեն, որ թեեւ այժմ իրենց քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, որը նախատեսվում է ազատազրկում 6-12 տարով), այնուամենայնիվ՝ նա կարող է ընտրվել հոկտեմբերի 9-ին: Քանի որ ոչ միայն այդպես էլ ինքնաբացարկ չի ներկայացրել, այլ նաեւ լուրեր են տարածվում, թե անգամ բացառված չէ, որ հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններից մեկով հոկտեմբերի 7-ին հօգուտ նրա քարոզչություն իրականացվի եւ անգամ հեռարձակվի նրա ելույթը: Բացի այդ՝ Նոր Հաճնի բնակիչները նշում են, թե քաղաքապետի նախընտրական շտաբների դիմաց կարելի է տեսնել պաշտոնական պետհամարանիշներով մեքենաներ: Եվ անգամ պնդումներ կան, թե կալանավորված քաղաքապետը գիշերները երբեմն անցկացնում է հսկողության տակ գտնվող սեփական տանը: Ահա այս ամենը նկատի առնելով էլ՝ մեզ դիմած Նոր Հաճնի բնակիչները հարկ համարեցին նաեւ որոշ տվյալներ ներկայացնել, թե ինչպիսի քաղաքապետ է Արմեն Քեշիշյանը, որը նրանց ձեւակերպմամբ՝ Նոր Հաճնը կարծես վերցրել է «ընտանեկան կապալի»: Քաղաքապետի տեղակալը նրա հորեղբայրն է: Մյուս հորեղբայրը հարկայինի պետի տեղակալն է: Քաղաքապետարանում են աշխատում Արմեն Քեշիշյանի կինը, քույրը, մորաքրոջ հարսը… ընդ որում՝ բոլորն էլ բավական բարձր աշխատավարձերով: Քաղաքապետն «աչքի էր ընկել» նաեւ այն փաստով, որ վերցրել էր Նոր Հաճնի բնակիչների այգիների տարածքները, կտրել տվել նրանց խնամած ծառերը (լուսանկարում) եւ դրել աճուրդով վաճառքի (հենց այդ հողամասերից մեկի նկատմամբ հավակնություն ուներ Աշոտ Մխիթարյանը, սակայն սեփականատեր դարձավ մեկ ուրիշը: Քաղաքապետի հետ հակասությունների մեկ այլ պատճառ): Բնակիչների՝ կառուցվող 30 ավտոտնակների տարածքն էլ աղբակույտի վերածելու մեջ նույնպես մեր զրուցակիցները տեսան միտումնավորություն՝ որ այդ տարածքն էլ զավթեն, հետո վաճառեն «բարեկարգման» նպատակով: Նախադեպը կա՝ Նոր Հաճնի մանկական ջրավազանը, որ նախ ցամաքեցվեց (լուսանկարում), հետո վաճառվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ մեծերի լողավազանը: Հատկացումներ են արվել անգամ մայթերին: Մեր աղբյուրները պնդեցին, որ Նոր Հաճնի մշակույթի պալատի նորոգման համար փոխանցված գումարները մսխվել են եւ այս փաստը հաստատվել է մարզպետարանի ստուգումներով: Սակայն ընթացք չի տրվել ուսումնասիրության արդյունքներին: Նրա գործունեության ավելի արտառոց փաստեր էլ են ներկայացվում, սակայն այս ամենի հետ միասին վստահեցնում են, թե հօգուտ քաղաքապետի են գործում զինդատախազության ներկայացուցիչները: Նշենք, որ Արմեն Քեշիշյանը ժամանակին եղել է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի խորհրդականը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ