Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հոկտեմբեր 04,2005 00:00

ՆՈՐ ՆՈՐՔԸ ՎԵՐԸՆՏՐԵՑ ԻՐ ԹԱՂԱՊԵՏԻՆ Իսկ շենգավիթցիները նույնիսկ ավագանի չընտրեցին Հոկտեմբերի 2-ին Երեւանի Նոր Նորք համայնքում տեղի ունեցած թաղապետի եւ համայնքի ավագանիների ընտրություններով եզրափակվեցին Երեւանի համայնքներում սեպտեմբերի 18-ին մեկնարկած ՏԻՄ ընտրությունները: Ինչպես եւ կանխատեսվում էր, այս համայնքում թաղապետի պաշտոնում վերընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանը: Ընտրություններին նախորդած ուրբաթ թաղապետի անկուսակցական թեկնածու Վարդան Պարսամյանը արդեն հայտարարել էր իր ինքնաբացարկի մասին, բայց նրա անունն արդեն ընդգրկված էր թաղապետի ընտրության քվեաթերթիկում: Ինչպես այլ համայնքներում, Նոր Նորքում էլ ընտրողների թիվը, ընտրացուցակներն, իբր, ճշգրտելուց հետո, նախկինում հաշվառված 90296 ընտրողի փոխարեն դարձել է 97289: Իհարկե, ուրախալի կլիներ, եթե ընտրացուցակները, այսպես կոչված, «մաքրելուց» հետո պարզվեր, որ համայնքի ընտրողների թիվը շուրջ 7000-ով ավելացել է, բայց նկատի ունենալով ընտրությունների նախորդ փորձը՝ ավելի հավանական է, որ ընտրացուցակներն արհեստականորեն են ուռճացվել՝ սողանցքեր թողնելով որեւէ թեկնածուի օգտին կեղծիքներ թույլ տալու համար: Բոլոր դեպքերում, քանի դեռ այս առնչությամբ բողոքներ չեն հնչել, արձանագրենք կայացած ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ընտրությունների մասնակցած 34163 ընտրողներից 28748-ը քվեարկել է հօգուտ Դ. Պետրոսյանի, իսկ 3650 ընտրող իր քվեն տվել է Վ. Պարսամյանին: Իսկ ընդհանուր առմամբ, չհաշված ավագանու թեկնածուների կողմնակիցների՝ տնից տուն ընկած ու ընտրության մեքենայով տանելու առաջարկությունները՝ ընտրությունները հիմնականում հանգիստ են անցել: Լրագրողներից մեկն անգամ արձանագրեց՝ Նոր Նորքում մեռած սեզոն է: Մասնավորապես թաղապետի ընտրության հետ կապված որեւէ բողոք-դիմում ԸԸՀ-ն երեկ չէր ստացել: Ասենք՝ բողոքողն ո՞վ պետք է լիներ: Բողոքողը՝ թաղապետի թեկնածու Վ. Պարսամյանը, իր բողոքն արդեն մի անգամ մինչեւ ընտրություններն էր ներկայացրել համայնքի 1-ին ատյանի դատարանին ու հայցը քննարկելու մերժում ստացել: Ըստ որոշ տեղեկությունների, թաղապետի այս թեկնածուին «վճռական պահին» ֆինանսական միջոցներն են պակասել, այլ մեկնաբանությունների համաձայն՝ նա դատական հայցի անհաջողությունից հետո պարզապես հասկացել է, որ ընտրվելու որեւէ շանս չունի: Ինչպես Երեւանի այլ համայնքներում, Նոր Նորքում էլ այս տարի ավելի թեժ պայքար է ծավալվել ավագանու պաշտոնի հավակնորդների միջեւ: Նոր Նորքում ավագանիների 15 տեղի համար պայքարում էր 49 թեկնածու: Թե ինչով է պայմանավորված այս աշխուժությունը, գիտեն միայն իրենք՝ ավագանու նախկին ու ներկա թեկնածուները: Նրանցից մեկը մեր զրույցի ժամանակ անկեղծացավ՝ որ իմանանք, թե մեր թաղի փողերն ով ա բաժանում ու ոնց ա բաժանում՝ վատ կլինի՞: Բոլոր դեպքերում փաստն այն է, որ Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հասցեագրված բոլոր 5 դիմում-բողոքները՝ առանձին տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու մասին, հենց ավագանիներից են ստացվել: Ի դեպ, անցյալ շաբաթավերջին Շենգավիթ համայնքի թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է համայնքում տեղի ունեցած ավագանիների ընտրություններն անվավեր համարել՝ հիմք ընդունելով մի քանի ընտրական տեղամասերում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ ԸԸՀ-ին հասցեագրված դիմում-բողոքները: Դրանց առնչությամբ մի քանի գործեր ուղարկվել են համայնքի դատախազություն: Շենգավիթում ավագանու ընտրությունների վերաքվեարկությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել