Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԵՐԻ ԱՃ. Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Հոկտեմբեր 04,2005 00:00

Պատգամավորներն
առաջարկում են Յուրաքանչյուր
մարդու նյութական բարեկեցությունը պայմանավորված է երկու կարեւորագույն գործոնով՝
եկամուտների ծավալով եւ գների մակարդակով։ Հոդվածի հեղինակները որպես եկամուտ տվյալ
դեպքում նկատի ունեն աշխատավարձը, թոշակը, նպաստը, շահույթը, ֆինանսական օգնությունը,
այսինքն այն ամենը, ինչը հանդիսանում է մարդու համար այն դրամական միջոցների աղբյուրը,
որոնցով նա հոգում է իր ամենօրյա կարիքները։ Մեզանում զգալի տարածում է գտել այդ
աղբյուրների ծավալների կարեւորումը եւ աղքատության դեմ պայքարի կոնտեքստում բազմիցս
հնչել եւ իրականացվում է նվազագույն աշխատավարձի, թոշակների մակարդակի, նպաստների
չափի բարձրացումը։ Ընդ որում, դրանք հաստատվում են օրենքով, ներառվում են կառավարության
գործունեության ծրագրում, ունեն կոնկրետ պատասխանատու՝ ի դեմս կառավարության, նախարարությունների
եւ գերատեսչությունների։ Սակայն պակաս կարեւոր չէ մեր քաղաքացիների նյութական
բարեկեցության երկրորդ բաղադրիչը՝ գները, գների մակարդակը եւ դրանց վարքագիծը բնութագրող
գնաճի (սղաճի, ինֆլյացիայի) ցուցանիշը։ Ինքնին հասկանալի է, որ գների անկանոն աճը
կարող է «խժռել» մարդկանց տարեցտարի աճող եկամուտների ավելացումը, եւ արդյունքում
նույնիսկ նվազեցնել նրանց կենսամակարդակը։ ՀՀ տնտեսական քաղաքականության իրականացման
կանոնակարգմանն ուղղված գործող օրենսդրությունը ներկայումս չի պատասխանում գնաճի
հետ կապված առնվազն երկու կարեւորագույն հարցի։ Առաջին. հանդիսանո՞ւմ է արդյոք գնաճը
պետության կողմից կառավարման օբյեկտ։ Այսինքն՝ նպատակաուղղում է արդյոք պետությունը
իր գործողությունները այս՝ մեր քաղաքացիների համար կենսական կարեւորություն ունեցող,
ցուցանիշի որոշակի չափը ապահովելու խնդրի լուծմանը, ճանաչելով դա որպես պետական կառավարման
գործառույթ։ Երկրորդ. պետական կառավարման ո՞ր մարմինն է (մարմիններն են) հիշյալ գործառույթի
իրականացման սուբյեկտը (սուբյեկտները), ի վերջո ո՞վ է դրա պատասխանատուն։ Ինչ
խոսք, առաջին հարցի պատասխանը կարող է բացասական լինել, այն է՝ պետությունը կարող
է ընդունել, որ իր կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը չի ենթադրում գնաճի
կառավարում եւ վերջինիս չափը ձեւավորվում է ազատորեն, առանց պետության կողմից որեւէ
միջամտության։ Այս դեպքում, սակայն, մեր համոզմամբ, կառավարությունը եւ Կենտրոնական
բանկը պետք է համատեղ հռչակեն դա պետության անունից, իսկ գնաճի չափը արդյունքում
պետք է այնուհետեւ դադարի սահմանվել օրենքով։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ այդ
պարագայում հասարակության կողմից ամենայն սրությամբ կբարձրացվի արձանագրված գնաճին
համաչափ եկամուտների ինդեքսավորման անհրաժեշտության հարցը։ Անհամեմատ հավանական
է, որ պետությունը հաստատի երկրի քաղաքացիներին, որ իր կողմից ներկայումս իրականացվող
տնտեսական քաղաքականությունը այնուամենայնիվ ենթադրում է գնաճի ուղղակի կառավարում։
Եվ այստեղ կրկին անխուսափելիորեն առաջ է գալիս նույն հարցը, ո՞վ է կառավարում գնաճը
եւ ո՞վ է դրա պատասխանատուն։ Ներկայումս գնաճը սահմանված չափով ապահովելու
ոչ ամբողջական գործառույթը եւ հետեւաբար դրանից բխող մասնակի պատասխանատվությունը
օրենքով (որպես կանոն՝ «Պետական բյուջեի մասին» հերթական օրենքներով) ամրագրվում
է Կենտրոնական բանկին։ Փաստորեն, հիշատակվում է մի ցուցանիշ, որի սահմանված չափի
ապահովումը օրենքի պահանջ է, եւ միաժամանակ արձանագրվում է, որ այն կարող է իրականություն
դաոնալ միայն այն դեպքում եւ չափով, երբ համընկնում է Կենտրոնական բանկի իրավասությունների
հետ։ Արդյունքում՝ օրենսդրորեն ամրագրվում է հետեւյալ հնարավորությունը՝ ստանալ գնաճի
ավելի բարձր (ցածր) ցուցանիշ, քան ամրագրված է օրենքով, սակայն չունենալ այդ ցուցանիշը
ապահովելու գործառույթը օրենքով ստանձնած եւ դրա չկատարման դեպքում ամբողջական պատասխանատվություն
կրող պետական կառավարման մարմին (մարմիններ)։ 2003-ին այդ տեսական հնարավորությունը
գտավ իր փաստացի արտահայտումը, երբ տարվա համար ծրագրավորված 3% գնաճի փոխարեն արձանագրվեց
8,6%-անոց գնաճ, որը պայմանավորված էր հացամթերքի գների 31,3% աճով։ Մյուս
կողմից, ժամանակ առ ժամանակ հնչում են հայտարարություններ, որ գնաճի կառավարման օրենսդրական
կանոնակարգման հարցը «փակված» է, քանի որ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով,
որպես Կենտրոնական բանկի հիմնական խնդիր, ամրագրված է Հայաստանի Հանրապետությունում
գների կայունության ապահովումը։ Նման դիրքորոշումը կառուցված է սկզբունքորեն ոչ ճիշտ
հենքի վրա, քանի որ գների կայունությունը եւ գնաճը տարբեր հասկացություններ են։ Գները
կարող են ցուցաբերել կայուն վարքագիծ (առանց կտրուկ տատանումների), սակայն կայուն
աճել կամ նվազել եւ արդյունքում զգալիորեն շեղվել օրենքով ամրագրված գնաճի ցուցանիշից,
եւ հակառակը, որոշակի ժամանակահատվածի (օրինակ՝ տարվա) համար գնաճի սահմանված ցուցանիշը
կարող է ճշգրտորեն ապահովվել, սակայն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գները
կարող են ցուցաբերած լինել անկայուն վարքագիծ, դրսեւորելով այդ ընթացքում կտրուկ,
զգալի տատանումներ։ Այստեղ հարկ է հավելել նաեւ, որ գործող օրենսդրությունը չի սահմանում
գների կայունության (անկայունության) չափորոշիչները, այսինքն օրենսդրորեն ամրագրված
չէ գների ինչպիսի վարքագիծն է պետք գնահատել որպես գների կայունություն եւ ինչպիսի
վարքագիծը, համապատասխանաբար՝ որպես գների անկայուն վարքագիծ։ Գնաճի կառավարման
օրենսդրական կանոնակարգման խնդիրը քննարկվել է ԱԺ ՄԱԿ խմբակցությունում։ Որոշակիորեն
պարզեցնելով առաջարկվող լուծումները, դրանք կարելի է բերել հետեւյալի. 1.
Գնաճը կառավարում է միայն կառավարությունը. 2. Գնաճը կառավարում է միայն Կենտրոնական
բանկը. 3. Գնաճը կառավարում են կառավարությունը ու Կենտրոնական բանկը համատեղ՝
յուրաքանչյուրին վերապահված իրավասությունների սահմաններում։ ՄԱԿ խմբակցությունը
ընթացիկ նստաշրջանին նախապատրաստման փուլում մշակեց եւ ս/թ սեպտեմբերի 15-ին հանդես
եկավ երեք համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով։ Նախաձեռնությունների հեղինակ
ՄԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում զուգահեռ շրջանառության մեջ են
դրել այս խնդրի օրենսդրական լուծումը ապահովող բոլոր հնարավոր տարբերակները, ամբողջովին
ծածկելով հնարավոր որոշումների դաշտը։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը
մեր կողմից հերթական անգամ հնարավորություն է տրվում ընդունել պատասխանատու եւ հասարակության
յուրաքանչյուր անդամի կենսական շահերից բխող կարեւոր որոշում։ Մեզանից յուրաքանչյուրը
պետք է գիտակցի, որ իշխանությունը պաշտպանում է հասարակական շահը այն դեպքում եւ
այն չափով, որքան օրենսդիրը ազատ քաղաքացու անձնական շահն է դիտում որպես իր կառավարության
ծրագրի իրականացման հիմնական շարժիչ ուժ։ Հեղինակները համոզված են, որ արծարծված
խնդիրն ունի խիստ կարեւոր նշանակություն յուրաքանչյուր քաղաքացու համար եւ, ցանկանալով
մեր քաղաքական մշակույթում ձեւավորել հասարակական բանավեճի ավանդույթը, հրավիրում
են բոլոր շահագրգիռ կողմերին բազմակողմանի, առարկայական քննարկման։ ՄԱԿ-ի
օրենսդրական նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ կուսակցության ինտերնետային
կայքում՝ www.ulp.am։ Նկատառումները կարող են ուղարկվել [email protected] Էլ. փոստի
հասցեին։ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ, ՄԱԿ Նախագահ ԳՐԻԳՈՐ ՂՈՆՋԵՅԱՆ,
ՄԱԿ խմբակցության անդամ Հ. Գ. Երբ հիշյալ օրենքների նախագծերը
արդեն իսկ ԱԺ-ում շրջանառության մեջ էին, Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ
առ այն, որ ծրագրում է 2006թ-ից իրականացնել գնաճի նպատակադրմանն ուղղված դրամավարկային
քաղաքականություն։ Սրանով, սակայն, բանավեճը ոչ միայն չի ավարտվում, այլեւ սկզբունքորեն
նոր որակ է ստանում, քանի դեռ սա առայժմ ընդամենը հռչակված մտադրություն է եւ ոչ
թե օրենքով ամրագրված պարտականության ստանձնման կառավարության հետ համաձայնեցված
պատրաստակամություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել