Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով՝ տարբեր «դեմոկրատիաների» մասին

Հոկտեմբեր 04,2005 00:00

Անցումային շրջանի երկրների սահմանադրական
զարգացումները եւ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրները հարցի քննարկմամբ
հոկտեմբերի 1-ին շարունակվեց երեւանյան միջազգային 10-րդ խորհրդաժողովը: Զեկուցումներով
հանդես եկան Լատվիայի ՍԴ նախագահ Այվարս Էնդզինշը («Իրավական վստահության սկզբունքի
կիրառումը հասարակական-քաղաքական տրանսֆորմացիայի հանգամանքների ներքո»), ՀՀ ԱԺ փոխնախագահ
Տիգրան Թորոսյանը: Վերջինս, նկարագրելով Հայաստանի ետխորհրդային զարգացումները, նշեց,
որ ներկայիս Սահմանադրությունն ընդունվեց «խորհրդային ռեժիմի որոշ թյուր կարծիքների
հիման վրա»: Եվ որ «էական արժեքները սերնդային իմաստավորում չունեցան»: Տ. Թորոսյանը
նկատեց, որ 1995-ի Սահմանադրությունը նախագահին օժտել էր մեծ լիազորություններով,
«ինչի արդյունքում իշխանության տարբեր թեւերի տարանջատման սկզբունքը ոտնահարվեց»:
Չնայած սահմանադրական փոփոխությունների բոլոր առավելություններին ԱԺ փոխնախագահը
տեղեկացրեց մեր հյուրերին, որ նախագիծը արժանացել է «կուսակցությունների սառը վերաբերմունքին»:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը կարեւորեց քաղաքական այն ուժերի դերը, որոնք կստանձնեն
սահմանադրության ընդունման գործընթացը: Նա մտահոգություն հայտնեց քաղաքական հեռանկարի
առթիվ. այն դեպքում, եթե գործող նախագահը մնալու է 2008 թվականից հետո: Հրավիրյալները
չծափահարեցին միայն Պարույր Հայրիկյանի ելույթի ժամանակ: Նա հիշեց, թե ինչպես 18
տարի առաջ վրացի եւ ուկրաինացի ընկերների հետ Երեւանում «մի փորձ արվեց մարդու իրավունքների
պաշտպանության ճանապարհը գտնելու»: Ինը իրավապաշտպաններից երեքը իրենց երկրներում
հետագայում դարձան ազգային հերոսներ, չնայած տարօրինակ զուգադիպությամբ զոհվեցին
ավտովթարից կամ սահմանի վրա. Չեռնովը, Կոստավան եւ Գորգիսյանը: Պ. Հայրիկյանը հայտարարեց,
որ սահմանադրական փոփոխությունները վտանգի տակ են, քանի որ 17 կուսակցություն «միավորվել
են «ոչ» ասելու համար»: Ըստ նախկին քաղբանտարկյալի՝ «մեզ խանգարողն այն է, որ համակերպվել
ենք, թե տարբեր երկրներում դեմոկրատիան տարբեր է: Սովետական դեմոկրատիայից հրաժարվեցինք,
հիմա էլ դը Գոլի կիսանախագահական դեմոկրատիային ենք հարում»: Ելույթի վերջում դիմելով
25 երկրների ՍԴ նախագահներին, առաջարկեց «Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիր»
ունենալ: «Հայաստանից 259 դիմում է ուղարկվել Եվրոպական դատարան, բայց ոչ
մի դիմում չի քննվել»,- X-րդ միջազգային խորհրդաժողովում հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ
Գագիկ Հարությունյանը, որը նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին
10 տարում ՀՀ ՍԴ՝ գործադիր իշխանությունների կողմից ոչ մի դիմում չի ստացվել: Իսկ
8 դիմումներ էլ ստացվել են նորմատիվ ակտերի սահմանադրության հարցով: Ռ.
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել