ԸՕ-ն
եւ Քաղդատօր.-ը իրար հակասում են Սեպտեմբերի 29-ին Արաբկիր
եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Արթուր Առաքելյանի
նախագահությամբ, բավարարել էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետի թեկնածու Արայիկ Քոթանջյանի
հայցն ընդդեմ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման, որով ԸԸՀ-ն անվավեր
էր ճանաչել Քանաքեռ-Զեյթունի թաղապետի ընտրությունները եւ հոկտեմբերի 2-ին վերաքվեարկություն
էր նշանակել: Դատարանը Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ԸԸՀ որոշումը
անվավեր էր ճանաչել, թաղապետի ընտրությունները համարել էր կայացած, իսկ թաղապետի
թեկնածու Արայիկ Քոթանջյանին ճանաչել որպես ընտրված թաղապետ: Սակայն, առանձին
շահագրգիռ շրջանակներ շարունակում են կարծիք հայտնել, թե կայացված որոշումն ապօրինի
է, որովհետեւ գործող «Ընտրական օրենսգրքի» հոդված 40-ի («Ընտրական հանձնաժողովների
որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելը») 10-րդ կետի 2-րդ
ենթակետով սահմանված է. «Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունների
արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է
բողոքարկվել՝ առաջին ատյանի դատարան՝ գյուղական համայնքների դեպքում, 2) վերաքննիչ
դատարան՝ քաղաքային համայնքների (Երեւանի թաղային համայնքների) դեպքում»: Այդուհանդերձ,
պատկան մարմինների հետ խորհրդակցելուց հետո պարզ դարձավ մի շատ ավելի հետաքրքիր հանգամանք.
գործող «Ընտրական օրենսգրքի» հիշյալ հոդվածը հակասում է «Քաղաքացիական դատավարության
օրենսգրքի» հոդված 86-ին, որտեղ սահմանված է, որ քաղաքացիական վեճերը քննվում են
քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում։ Ա. Քոթանջյանի հայցն ի սկզբանե
ուղղված է եղել հենց Վերաքննիչ դատարանին, բայց վերջինս այն վերահասցեագրել է 1-ին
ատյանի դատարանին` թերեւս հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի հոդված
24-ի («Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ստորադասությունը») 3-րդ մասը՝
«Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված
եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն
մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների
դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը»: Հենց այդ հիմքով
էլ Ա. Քոթանջյանի հայցը քննվել է ոչ թե ԸՕ-ի, այլ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի»
պահանջների շրջանակներում: Սեփ. լր.