«ԼԱՎ» ՏՂԵՐՔԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՆ Բայց ոչ թե Երեւանում, այլ՝ Նովոկուզնեցկում «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում է Նովոկուզնեցկի «Սկազ» տիկնիկների թատրոնը: Այն ներկայացրեց «Խոստովանություն» առակ-եռերգությունը՝ ըստ Հին կտակարանի: Թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՌԴ վաստակավոր արտիստ Յուրի Սամոյլովը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Տիկնիկային ներկայացում եւ աշխարհաստեղծման բիբլիական առասպել, որքանո՞վ են դրանք հարիր մեկմեկու: – Տիկնիկային թատրոնի՝ ինչ-որ բան ասելու հնարավորություններն ավելի մեծ են, քան արվեստի մյուս ոլորտներինը: Ներկայացման մեջ պատմվում է, թե ինչպես Աստված ստեղծեց մարդուն, որը մեղք գործեց: Տերն էլ նրան ուղարկեց Երկիր, որպեսզի մարդը բազմանա, սիրի ու պահպանի Երկիրը: Սակայն արդյունքում մենք ունեցանք այն, ինչ կա այսօր՝ էկոլոգիական ու բնական աղետներ, կատակլիզմներ: Ներկայացման թեմատիկան ոչ թե աստվածաբանական է, այլ էկոլոգիական: «Խոստովանության» մեջ Արարիչը 3 անգամ Ադամ ու Եվա է արարում, ամեն անգամ հուսալով, որ նրանք կատարյալ կլինեն: Բայց երրորդ անգամ արարված Եվան ու Ադամն էլ նրա սրտով չեն: Ներկայացման սկզբում Աստված նայում է երկրին, այնտեղ մութ է՝ աստղեր, լուսին ու արեւ է ստեղծում, թռչուններին ու կենդանիներին, այնուհետեւ տղամարդուն եւ կնոջը: Ներկայացման վերջին բաժինը մեր օրերի մասին է՝ ինքնաթիռ, գնացք, պայթյուններ, ծուխ: Մեկ էլ հայտնվում է մի տիկին՝ պաշտպանիչ հանդերձանքով, որը փորձում է նաեւ շնիկին այդպես հագցնել: Ներկայացման հերոսներից մեկն էլ հանկարծ կենդանի ծաղիկ է գտնում ու հոտ քաշելուն պես՝ թունավորվում… Արարիչը նայում է Երկրին, որն առաջվանը չէ, ստիպված վերցնում- մաքրում է այն: Մի խոսքով, մեզ համար «Աստվածաշունչը» միջոց է՝ էկոլոգիական խնդիրների մասին բարձրաձայնելու: – Ձեր ներկայացումները դիտելու գալի՞ս են քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ: Քաղաքական թեմաներով բեմադրություններ ունե՞ք: – Մեր հանդիսատեսը «միատարր» չէ՝ մեծահասակներ, երեխաներ, տարբեր նախասիրությունների ու զբաղմունքների, ինտելեկտի տեր, արժեքային համակարգ ունեցող մարդիկ: Եթե երեխաներին ներկայացումները գրավում են վիզուալ առումով՝ գունեղությամբ եւ այլն, ապա մեծահասակներն այլ կերպ են ընկալում: Վերջիններս հավանաբար սկզբում ժպիտով կմտածեն ասելիքի մասին, հետո՝ ավելի լրջորեն: Մենք նպատակ չենք դնում, որ ներկայացումը դիտելուց հետո իսկույն ամեն ինչ պիտի փոխվի: Ծայրահեղ դեպքում գոնե հանդիսատեսի հետ անկեղծորեն երկխոսում ենք: Հիմա դառնանք քաղաքական թեմաներով ներկայացումներին: Հատուկ նպատակ չենք դնում այդպիսիք բեմադրելու: Բայց, օրինակ, երբ Դոստոեւսկու «Բոբոկը» բեմադրեցինք, ոմանք իրենց այնտեղ տեսան, մտածեցին, որ հենց իրենց ենք քննադատել: – Շատ երկրներում թատրոնները լավ չեն ապրում, Ձե՞զ մոտ ինչպես է: Նաեւ հետաքրքիր է, ինչո՞վ է աջակցում Ձեր երկրի մշակույթի նախարարությունը, երբ մեկնում եք միջազգային փառատոների ու հյուրախաղերի: – Հիմա դժվարին ժամանակներ են թատրոնների համար, բայց կարողացել ենք հասնել նրան, որ 64-ամյա մեր թատրոնի համար վերջապես շենք է կառուցվել, որը բոլորովին էլ մշակույթի նախարարության նախաձեռնությունը չէր: Ժողովրդին այնպես տրամադրեցինք, որ պահանջեցին մեզ շենք տալ: Ասեմ, որ հրաշալի նահանգապետ ունենք՝ Աման Տուլիեւը, նրան հաճախ ենք դիմում: Թատրոնի մարդկանց փոխայցելությունները, հյուրախաղերը նպաստում են, որ չինովնիկներն ու օլիգարխները ուշադրության արժանացնեն թատրոններին՝ թեկուզ սեփական «պրեստիժի» համար: Մի պարադոքս՝ մեզ սիրում ու հաճախ աջակցում են նաեւ ոսկե շղթաներով «դուխով» տղերքը: Նրանցից ոմանք մեկ էլ կարող են փողոցում հանդիպել ու բացականչել. «Լսի՜ր, անցյալ օրը ձեր ներկայացմանն էի՝ տղայիս հետ, լավն էր, ուզում եմ 5 օդափոխիչ նվիրել թատրոնին»: Կամ՝ հանդիպում ենք ալյումինի գործարանի գլխավոր տնօրենին, որը թեթեւակի լսել է թատրոնի մասին: «Ես ձեզ հեռուստացույցով տեսել եմ, ինչո՞վ օգնեմ»,-կասի վերջինս: Այսպես էլ ապրում ենք, նրանցից շատերը մեզ չեն ճանաչում, բայց եթե մամուլն է գրում, ասում են՝ գուցե լա՞վ բան է էդ թատրոնը, բա ուրիշները օգնեն, մենք՝ ո՞չ: – Դիտե՞լ եք մեր տիկնիկային թատրոնի ներկայացումները եւ ի՞նչ կարծիքի եք: – Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, բայց ամեն անգամ Երեւանն ու հայերին նորովի եմ հայտնագործում: Դիտել եմ նաեւ ձեր տիկնիկայինի ընդամենը 2 աշխատանք: Հրաշալի մարդիկ են, պրոֆեսիոնալներ: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ