ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՆԱՆԿԱՆԱ՞Ն Ավիավառելիքը օդանավակայանում քչություն է անում Հայաստանում ավիավառելիքի դեֆիցիտը մեր երկրում գործող մի շարք ավիաընկերությունների դժգոհությունն է հարուցել: Վերջիններիս ներկայացմամբ, բացի այն, որ Հայաստանում ավիավառելիքի գներն անհամեմատ թանկ են, քան համաշխարհային շուկայում, այժմ էլ, անգամ թանկ գներով չի հաջողվում ձեռք բերել: Իսկ սա, ըստ նրանց, խոչընդոտում է թռիչքների կազմակերպմանը: Ավիավառելիքի ծառայությունը սպասարկում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի խոսքերով՝ այս դեպքում ինչպես ավիաընկերությունները, այնպես էլ օդանավակայանը կրավորական դեր ունեն. «Վառելիքը մենք չենք բերում, այլ՝ մեր մատակարարը: Հույս ունենք, որ խնդիրները կհարթվեն եւ շուտով ավիավառելիքը կգա: Իսկ մինչ այդ, քանի որ վառելիքը ուշանում էր՝ ստիպված խիստ քվոտաներով ենք ավիաընկերություններին հատկացնում, որ բոլորին բավականացնի եւ պրոբլեմներ չառաջանան»: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ նորից ավիավառելիքի հետ կապված խնդիրներ առաջացան, գները թանկացան՝ Հայաստանում գործող ավիաընկերություններին պատկանող օդանավերը սկսեցին լիցքավորվել Վրաստանում: Փաստորեն, այն գումարները, որ պետք է ծախսվեին մեր պետությունում, Վրաստանի «գրպանն» էին մտնում: Հայաստանում օդանավակայանին ավիավառելիքի միակ մատակարարը «Միկա լիմիթեդ» ընկերությունն է: Մեր ջանքերը՝ այս ընկերությունից պարզելու, թե այս անգամ ի՞նչ խնդիրներ են առաջացել, ինչո՞ւ են ուշացնում վառելիքի ներկրումը՝ ապարդյուն անցան: Մեզ չհաջողվեց անգամ վերջիններից պարզել՝ ավիավառելիքի նոր խմբաքանակը թա՞նկ է ձեռք բերվել, թե՞ ոչ: Ընկերության հեռախոսավարուհին չցանկացավ լսափողը որեւէ մեկին փոխանցել՝ պատճառաբանելով, որ իրենք խիստ զբաղված են: Իսկ մինչ այդ, նա անընդհատ խնդրում էր կես ժամից, 1 ժամից, 15 րոպեից զանգահարել: Մասնագետների կանխատեսումներով՝ ավիավառելիքի գինը թանկանալու է: Չի բացառվում, որ նոր խմբաքանակը թանկացած գա, քանի որ համաշխարհային շուկայում ավիավառելիքի գինը սկսում է մրցել բենզինի գնի հետ եւ նույնիսկ բարձրանում է: Մասնագետները դա բացատրեցին ավիավառելիքի մեծ պահանջարկով՝ նկատի ունենալով այն, որ պատերազմները շատացել են, իսկ ռազմական ինքնաթիռները դրանով են լիցքավորվում: Առհասարակ վառելիքի գներն ամբողջ աշխարհում միտում ունեն բարձրանալու: Նավթ արտահանող երկրների փորձագետները կանխատեսել են, որ մինչեւ 2006 թվականը հում նավթի գները կմնան մոտավորապես մեկ բարելը 60 դոլարի մակարդակին: Նրանք բացատրել են, որ նավթի արդյունահանման մեծացումը չի կարող գերազանցել նավթամթերքների վերամշակման եւ մաքրման ծավալներով անհամարժեք իր հզորություններին: Գները շարունակում են մնալ լողացող եւ բավականին բարձր, քանի դեռ պատշաճ ներդրումներ չեն կատարվել նավթի մաքրման արտադրության ընդլայնման մեջ: Ինչ վերաբերում է ավիավառելիքի գներին, եթե այն շարունակի մնալ նույն մակարդակին, ոչ միայն հայկական, արտասահմանյան ավիաընկերությունները կսնանկանան: Առանց այդ էլ, վերջին թանկացումներից հետո, նրանցից մի քանիսն արդեն սնանկացել են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ