Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկան «քնած» է

Հոկտեմբեր 01,2005 00:00

Անշարժ գույքի շուկան «քնած» է Բնակարան գնող սփյուռքահայերը այսօր կարեւորում են ոչ այնքան Մասիսի տեսարանների առկայությունը, որքան բացօթյա սրճարանների բացակայությունը: Հասարակության մեջ տարածված կարծիքը, որ աշնան այս ամիսներին բնակարանների գները բարձրանում են, անշարժ գույքի «VVP» գործակալության տնօրեն Վրույր Փենեսյանը «Առավոտին» տված հարցազրույցում հերքեց: Նրա մեկնաբանությամբ՝ բարձրանում են ոչ թե վաճառքի գները, այլ՝ վարձակալության, որովհետեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արտասահմանցիների հոսքը Հայաստան մեծանում է. «Նրանք օգոստոսի շոգին չեն դիմանում, դրա համար գալիս են բարխտնի սեզոնին»: Բացի այդ, սեպտեմբերին բնակարանների վարձակալման ակտիվությունը պայմանավորված է նաեւ ուսումնական շրջանով, որովհետեւ հիմնականում դրանց պահանջարկն ունեն սփյուռքահայ ուսանողները: Ըստ Վ. Փենեսյանի, արտասահմանցիները հիմա գերադասում են ավելի շատ բնակարաններ վարձակալել, քան հյուրանոցային համարներ պատվիրել, որովհետեւ առաջինն ավելի էժան է: Ընդ որում, նրանք փնտրում են ոչ թե ամսավարձով, այլ օրավարձով տրվող բնակարաններ: Ինչ վերաբերում է ձմռանը սպասվող գների փոփոխությանը, ըստ գործակալության կանխատեսումների, ճիշտ է, սովորաբար այդ շրջանում անշարժ գույքի գները բարձրանում են, բայց այս տարի շուկան «մի տեսակ կանգնած է, ով ուզում էր՝ արդեն առել է, հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ»: Եվ հետո, պարոն Փենեսյանի մեկնաբանությամբ, ժողովրդի մեջ ստեղծված այդ կարծիքը վերաբերում է միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ հայրենիք են վերադառնում «խոպանչիները». «Հայերը սովորություն ունեն Նոր տարին նոր բնակարանում նշել, ու ձմռանը վաճառքի գների մի փոքր ակտիվությունը հենց դրանով է պայմանավորվում»: Ըստ մեր զրուցակցի՝ այժմ բարձրանում են միայն նորակառույց շենքերի բնակարանների գները, եթե առաջ 1 քմ-ն 600 դոլար էր, հիմա հասնում է 850-ի: Բացի այդ, պարոն Փենեսյանի կարծիքով, Հայաստանում նոր-նոր կարծես թե սկսվում է ձեւավորվել անշարժ գույքի շուկան, որովհետեւ բնակարանների գներն այլեւս նախկինի պես ուռճացված չեն, խելքին մոտ են: Եվ հետո գնորդները հստակ գիտեն ինչ են ուզում՝ քարե շենք, կոդավորված մուտքեր, սարքին վերելակներ, կապիտալ վերանորոգո՞ւմ, թե՞ առանց այդ շքեղությունների: Երկուսի դեպքում էլ առաջարկներ շատ կան, մնում է հարմարվել գնորդի պահանջներին: «VVP»-ի տվյալների համաձայն, անշարժ գույքի բնագավառում վերջին նորույթներից են բնակելի շենքերի պատվերները՝ լվացքատնով, մարզասրահով ու տանիքում կառուցված լողավազանով: Արդեն մայրաքաղաքում այդ բարեմասնություններով երկու շենք կառուցվել է: Դրանցից մեկի մասին պարոն Փենեսյանը չցանկացավ մանրամասնություններ ասել՝ «ուրիշի գաղտնիքները չբացահայտելու» պատճառաբանությամբ, մյուսի մասին էլ միայն հայտնեց, որ շենքը գտնվում է Ֆրիկի փողոցում: Ինչ վերաբերում է էլիտար թաղամասերում առաջարկվող բնակարաններին, ըստ Վ. Փենեսյանի, բավականին մատչելի են գները. Հյուսիսային պողոտայում 1 քմ-ն՝ 1100-2000 դոլար՝ կախված Մասիսի տեսարանից: Ի դեպ, եթե առաջ արտասահմանցիները բնակարան գնելիս հետաքրքրված էին Սիսի ու Մասիսի տեսարանով, ապա հիմա առաջին հերթին ճշտումներ են անում՝ տարածքում բացօթյա սրճարան կա՞, թե՞ ոչ: Փաստորեն, սրճարաններից ու ռեստորաններից լսվող «կլկլոցները» նյարդայնացնում են նաեւ մեր դրսի հայրենակիցներին: Այս մասին ինչպես հարկն է հարցուփորձ անելուց հետո նոր կարեւորվում են ներքին պարզ կահավորանքը, տարածքի ծանրաբեռնվածությունն ու փոշին: Մեր հարցին, թե սփյուռքահայերը մայրաքաղաքի ո՞ր փողոցներն են նախընտրում, գործակալության տնօրենը պատասխանեց. «Որոշակի վիճակագրություն կա պարսկահայերի դեպքում, նրանք հիմնականում բնակարաններ են գնում Արաբկիր համայնքում՝ հատկապես Կոմիտասի փողոցում ու Մոնումենտում, իսկ ամերիկահայերը բնակարաններ են փնտրում կենտրոնում»: Վ. Փենեսյանը նաեւ հայտնեց, որ քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի բնակարանների գների մասին սխալ կանխատեսումներ անել, հոկտեմբերից գործակալությունը որոշել է «փոխարժեքի կուրսի պես» հրապարակել մասնագիտական վերլուծություններն ու տարբեր թաղամասերում վաճառվող կոնկրետ բնակարանների գները: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել