Կուրծքը վաղո՜ւց ինտիմ չէ Հայ մասնագետները հրաժարվում են դաջվածքներ անել ինտիմ մասերում Սփյուռքահայ զբոսաշրջիկներն այնքան են տպավորվել Գրերի գյուտի 1600- ամյակով, որ այդ առիթով այցելելով հայրենիք՝ մարմնի վրա հայերեն դաջել են իրենց անվան սկզբնատառերը: Ըստ տատուաժի մասնագետների, եթե հայ երիտասարդները փորձում են նմանվել արտասահմանցիներին՝ վագրեր, առյուծներ ու վիշապներ են պատկերում մարմնի տարբեր մասերին, ապա արտասահմանցի հայերը նախընտրում են դաջել Հայաստանի դրոշը: Այս մասին մեր ուսումնասիրությունների ժամանակ պարզեցինք, որ ինքնահաստատման այս տարբերակից կարող են օգտվել 16-ից բարձր տարիքի երիտասարդները, քանի որ մինչ այդ մարդու օրգանիզմը պատրաստ չէ այդ փորձությանը: Բացի այդ, նշանակություն ունեն օրգանիզմի դիմադրողականությունը, ալերգիկ լինելն ու բորբոքային պրոցեսները: Սակայն գեղեցկության սրահներում, որտեղ դաջվածքներ են անում, վերահսկման ոչ մի մեխանիզմ չկա: Ասենք՝ 16-ամյա երիտասարդը կարող է ներկայանալ չափահաս ու դաջվել: Գեղեցկության սրահներում անձնագրեր չեն պահանջում: Մասնագետների կարծիքով՝ դաջվածքներ անելու համար մեծ համարձակություն է պետք: Ազգային մենթալիտետից ելնելով՝ շատերը կարծում են, որ «նամուսով» աղջիկը, տան տղեն եւ առհասարակ նորմալ մարդը պետք է իր մարմնի վրա պատկերներ չդաջի: Դաջվածքներով երիտասարդները քարկոծվում են հասարակության կողմից: Տարիքով կանայք եւ տղամարդիկ ոտքից գլուխ չափում են նրանց ու անպարկեշտ մեկնաբանություններ տալիս: Իսկ «ավանդապաշտ» աղջիկներին սարսափեցնում են տղաների վրա պատկերված կենդանական նշանները: «Վեներա» գեղեցկության սրահի աշխատակից Աննա Օհանյանի տեղեկացմամբ՝ հիմնականում այցելում են 20 տարեկանից բարձր տղաները: Ընդ որում՝ նրանք իրենց ավելի ուժեղ զգալու եւ ինքնահաստատելու համար վիշապներ ու առհասարակ ուժ խորհրդանշող կենդանիներ են պատկերում կամ աստվածաշնչյան խորհրդանիշներ՝ խաչեր, Հիսուս: Աղջիկները դաջում են թիթեռնիկներ ու ծաղիկներ: Դաջվածք անելն այնքան էլ թանկ չէ, արժեքը կախված է չափից եւ աշխատատարությունից: Լուցկու տուփի մեծության նկարների դեպքում այն արժե 20-30 դոլար եւ ավելի: Ժամանակավոր դաջվածքի դեպքում գինը սկսում է 7000 դրամից, սակայն այն լվացվելիս մաքրվում է: Մշտական դաջվածքներն ավելի թանկ են, քանի որ արվում են բնական ներկերով ու 10 դոլարանոց միանգամյա ասեղներով: Որոշ սրահներում այդ ասեղները դաջելուց հետո ոչնչացվում են, երբեմն էլ տալիս են դաջվողին, որ թարմացնելու անհրաժեշտության դեպքում նորից չվճարի: Սակայն այս դեպքում կարող են վարակ ձեռք բերել: Այժմ երիտասարդների շրջանում առավել ակտուալ է շուրթերի եւ հոնքերի տատուաժը: Աղջիկները, ըստ մասնագետների, այս տարբերակի համար դրամ չեն խնայում: Հայ աղջիկներն ու տղաները, ի տարբերություն արտասահմանցիների, դաջվածքներ անում են մարմնի երեւացող մասերում՝ թեւերի, ոտքի բութ մատի եւ մեջքի վրա: Գեղեցկության սրահների մասնագետների հավաստիացմամբ՝ «ինտիմ մասերում ոչ ուզող կա, ոչ էլ անող»: Նշենք, որ կուրծքը ինտիմ մասերի ցանկից վաղուց արդեն դուրս է եկել: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ