Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԽԱԼ

Հոկտեմբեր 01,2005 00:00

ՍԽԱԼ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Վաճառողներն ազատորեն օգտվում են խանութի վաճառասեղանից ու օգտագործածը նորից վաճառում Խանութներում վաճառվող մի շարք կենցաղային իրեր առեւտրի եւ տնտեսական զարգացման որակի տեսչությունն ընդգրկել է պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկում: Ատամի չոփերը եւ ընդհանրապես նման մանր-մունր բաները ցանկում ընդգրկված չեն, իսկ սա նշանակում է, որ դրանց նկատմամբ ոչ մի վերահսկողություն չկա: Կուզեն՝ տուփի մեջ նորմալ չոփեր կլցնեն, կուզեն՝ փայտի տաշեղներ, կուզեն՝ գերան: Որակի տեսչությունը ոչ մի կարգ չի սահմանում, թե ինչպիսի տեսք պետք է ունենան այդ փայտիկները, ինչպես պետք է փաթեթավորվեն ու վաճառվեն: Խնդիրն այն է, որ, ըստ տեսչության դիտարկման, իրենք փաթեթավորման որոշակի չափանիշներ են սահմանում միայն հասարակության, բույսերի ու կենդանիների կյանքի, առողջության անվտանգության պահպանման նպատակով: Այս մասին է սահմանում նաեւ «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը: Ստացվում է, որ ուրիշի օգտագործած ատամի չոփերը մարդու առողջությանը ոչ մի կերպ չեն կարող վնասել, մինչդեռ նման փաթեթավորումը կարող է նպաստել աշխարհի ամենավտանգավոր հիվանդությունների՝ տուբերկուլյոզի ու ՁԻԱՀ-ի տարածմանը՝ արյան միջոցով, էլ չենք խոսում լնդային տարբեր հիվանդությունների մասին: Իհարկե, պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների այդ ցանկը «դոգմա» չէ, հանգիստ կարող է ենթարկվել փոփոխման: Ուստի նախարարության լրատվականից մեզ «հույս տվեցին», որ նյութը կլինի ահազանգ ու ատամի չոփերն էլ կներառվեն այդ ցանկում: Սակայն դրանով խնդիրը չի լուծվի, քանի որ արդեն ցանկում եղածները՝ օծանելիքները, հոտազերծիչները, շպարման, սափրվելու եւ մազերի խնամքի պարագաները նույնպես վաճառվում են կիսադատարկ ու առանց նորմալ փաթեթավորման: Ուշագրավ է հատկապես այն, որ ցանկում նշված 32 խումբ ապրանքատեսակների մեջ թվարկված են հատկապես մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների համար նախատեսված դողեր, երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, էլեկտրական սարքավորումներ եւ մի շարք հրացանների տեսակներ: Այսինքն՝ հրացաններն ու ավտոդողերն ավելի լավ են հսկվում ու փաթեթավորվում, քան այն ապրանքները, որոնք գրեթե ամեն օր օգտագործում ու գնում ենք: Ոչ մի խանութում օծանելիքների փորձանմուշ (պրոբնիկ) չկա, ուստի հաճախորդին հոտերին ծանոթացնելու համար վաճառողները, ուզեն թե չուզեն, պիտի բացեն տուփն ու «պզզացնեն»: Հետո, գաղտնիք չէ, որ վաճառողներն իրենք էլ են շատ հաճախ «լավ տեղ գնալիս» օգտվում վաճառասեղանին դրված բոլոր բարեմասնություններից, հատկապես՝ օծանելիքից ու մազի լաքից: Անդրանիկի փողոցում գտնվող տնտեսական իրերի խանութում բոլոր աշխատողների գլխին կա գնապիտակով մազակալներ, պետք եկած ժամանակ օգտագործում են՝ նորից դնում տեղը: Պարապ ժամանակ վաճառողուհիներն օգտվում են նաեւ եղունգների լաքից, շրթունքի ու աչքի մատիտներից: Բացի այն, որ այդ ամենը խիստ հակահիգիենիկ է, արդյունքում՝ գնորդները ձեռք են բերում չորացած մանիկյուրներ, սրելուց կարճացած մատիտներ ու ընդհանրապես ոչ լիարժեք արտադրանք: Այս ամենն ընդամենը սխալ փաթեթավորման հետեւանք է, որովհետեւ անգամ հիգիենայի միջոցները խանութներում վաճառվում են գրեթե բաց վիճակում: Օրինակ, գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տուփը պտտովի է, արտաքինից չի էլ երեւա՝ օգտագործե՞լ են, թե՞ ոչ, ուստի դրանք պետք է անպայման ցելոֆանապատվեն: Առանց այդ էլ մեր շուկայում չկա մատուցման կուլտուրա, վաճառասեղանին դրված փոշոտ ապրանքները առանց տուփերի՝ գազարա-կանաչավուն պիտակը վրան տալիս են գնորդին: Խոսքն իհարկե հայտնի սուպերմարքետների մասին չէ, բայց գնորդի իրավունքներն ամեն տեղ նույնն են՝ անկախ այն բանից՝ ծայրամասի՞ց ես առեւտուր անում, թե՞ կենտրոնից: Ըստ նախարարության մամուլի քարտուղարի՝ որակի տեսչության դիրքորոշումն այս հարցին հետեւյալն է՝ «կառավարությունն ավելի շատ հետեւում է այն ապրանքների փաթեթավորմանը, որոնք կարող են վնաս տալ մարդկանց, իսկ մնացած ապրանքները չեն վերահսկվում, պիտի ուղղակի սպառողը չգնի: Եթե բոլոր գնորդները վերադարձնեն նման արտադրանքը, կմնա խանութի տիրոջ կամ արտադրողի վրա, որակը կբարձրանա»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել